ՄԱԿ ՊՀԾ-ն Հայաստանին տրամադրելու է թոքերի արհեստական օդափոխության մեծ քանակությամբ սարքեր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը մարտի 25-ին ընդունել է ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի հայաստանյան գրասենյակի ղեկավար և ՊՀԾ ներկայացուցիչ Ելենա Միլոշևիչին:

Զրուցակիցները փաստել են, որ Հայաստանի և ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի միջև հաստատված է արդյունավետ փոխգործակցություն:

Ինչպես հայտնում են Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, աշխարհում նոր կորոնավիրուսի վարակի տարածմամբ պայմանավորված՝ ստեղծված իրավիճակում զրուցակիցներն առաջնահերթություններից են համարել պարենի անվտանգության խնդիրները: Նախագահ Սարգսյանն այդ համատեքստում շատ էական է համարել Հայաստանը սննդի անվտանգության ոլորտում տարածաշրջանային հանգույց դարձնելու գործնական քայլերի իրականացումը՝ ընդգծելով, որ նախնական պայմանավորվածություններ ունի մի շարք երկրների ղեկավարների և մասնագիտացած միջազգային կազմակերպությունների հետ:

Նշելով, որ Պարենի համաշխարհային ծրագիրը հայտնի է որպես արտակարգ իրավիճակներին առաջիններից արձագանքող միջազգային կառույց` նախագահ Սարգսյանն առաջարկել է բացի սննդին վերաբերող հարցերից, դիտարկել նաև Հայաստանին բժշկական սարքավորումներով ապահովելու հնարավորությունը: Ելենա Միլոշևիչն ի պատասխան նախագահի առաջարկի՝ ասել է, որ դիմել են միջազգային դոնորներին և առաջիկայում Հայաստանին կտրամադրեն մեծ քանակությամբ թոքերի արհեստական օդափոխության սարքեր:




Լրահոս