«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Երեկ, ի վերջո, խորհրդարանի ամբիոնին հասավ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին եւ հարակից օրենքների նախագծերի փաթեթը: Այն ավելի շատ հայտնի է վեթթինգի նախագիծ անունով եւ քննարկվեց ու երկրորդ ընթերցմամբ ընդունվեց:
«Ժողովուրդ» օրաթերթի՝ իշխանություներին մոտ կանգնած աղբյուրները փոխանցում են, որ այդքան էլ իշխանական խմբակցության ներսում համակարծիք չեն եղել օրենքում արված փոփոխությունների հետ, բայց քանի որ օրենքի նախագիծը խորհրդարան է ուղարկել հայրենի կառավարությունը, այն պետք էր ընդունել եւ վերջ: ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը ներկայացրեց այն փոփոխությունները, որոնք իրենք իրականացրել են նախագծում՝ երկրորդ ընթերցմանը ներկայացնելու համար: Իշխանությունների կարծիքով՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը կարող է իրեն տրված լիազորությունների շրջանակներում դատավորներին վեթթինգի ենթարկել, ինչի համար էլ այդ նախագիծը համարում են լավը: Բայց, արի ու տես, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը, որը ստեղծվել է ամիսներ առաջ, այդքան էլ լիազորություն չունի, ընդամենը պաշտոնյան պետք է իր հայտարարագիրը ներկայացնի հանձնաժողովին, որը մինչեւ այսօր, տեխնիկական խնդիրներից ելնելով, չի ներկայացվում: Երեկ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հայտարարեց, որ, փաստորեն, փաթեթն ընդունվում է այնպես, որ 2017 թվականից հետո նշանակված դատավորների հետ կապված կարող է լինել գործընթաց, իսկ մինչեւ 2017 թվականին նշանակվածների նկատմամբ որեւէ բան չի կարող լինել: Չգիտես ինչու, Բադասյանը որոշել է վեթթինգ անցկացնել մինչեւ այդ թվականը:
Իշխանական մի հատվածի կարծիքով՝ դատավորների հետ կապված խնդիրները վերջնական կլուծվեն անցումային արդարադատության նախագծի միջոցով, որը եւս այս պահին մշակում է ՀՀ արդարադատության նախարարությունը, ու, շատերի կարծիքով, այն կփոխլրացնի այս օրենքը: Թե իրականում այս ամենն ինչ արդյունք կտա, դժվար է ասել, քանի որ փորձը ցույց է տվել, որ հայրենի իշխանության ներկայացուցիչները նախագիծ են մշակում, ընդունում, հետո հասկանում, որ դեռ բաներ կային նախագծում ավելացնելու, ու կրկին լծվում են փոփոխություններ իրականացնելու բարդ գործին»:
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։