ՏԵՍԱՆՅՈՒԹ. Համաշխարհային աստղեր, որոնք միլիոններ են նվիրաբերել՝ կորոնավիրուսի դեմ պայքարի համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ամբողջ աշխարհում կորոնավիրուսի դեմ պայքարի գործում իրենց մասնակցությունն ունեն նաեւ  հայտնի աստղերը: Նրանք հասցրել են մեծ գումարներ նվիրաբերել եւ նույնը կոչ են անում մյուս աստղերին: Դերասաններ, երգիչներ, մոդելավորողներ. հիմա արդեն համընդհանուր պայքարի մասնակից են բոլորը:  Այժմ աստղերը բարեգործություն են անում ոչ միայն իրենց ազգին, այլեւ ամբողջ աշխարհին:

Ռիհաննա

Երգչուհի Ռիհաննայի բարեգործական ֆոնդը՝ Сlara Lionel Foundation-ը, 5 մլն դոլար է նվիրաբերել կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարի համար: Գումարը հատկացվել է միջազգային  տարբեր կազմակերպությունների՝ Փրկության միջազգային կոմիտե, Առողջապահության համաշխարհային կազմակերպություն, Direct Relief, Partners In Health եւ Feeding America ֆոնդեր։ Կազմակերպությունները կապահովվեն անհրաժեշտ պաշտպանական առարկաներով, դեղամիջոցներով, սարքավորումներով եւ պարենով: Բացի այդ, բարբադոսցի աստղն իր հայրենիք կուղարկի 700 հազար դոլարի թոքերի արհեստական օդափոխման սարքեր:

Ջորջո Արմանի

Մոդելագործ եւ ձեռնարկատեր Ջորջո Արմանին 1,4 մլն դոլար է նվիրաբերել Իտալիայի հիվանդանոցներին կորոնավիրուսի դեմ պայքարի համար: Նա գումար է փոխանցել  Միլանի երեք բուժհաստատությունների, ինչպես նաեւ Հռոմի Լազարո Սպալանցանիի անվան ինֆեկցիոն հիվանդությունների ազգային ինստիտուտին եւ Քաղաքացիական պաշտպանության գործակալությանը: Իտալիան Եվրոպայի առավել շատ տուժած երկիրն է կորոնավիրուսի բռնկման պատճառով: Ջորջո Արմանիի գործընկերները Միլանում աշխատում են տանը, իսկ արտադրամասում  զգալիորեն կրճատվել է աշխատակիցների թիվը:

Սվյատոսլավ Վակարչուկ

Երաժիշտ, երգիչ եւ պատգամավոր Սվյատոսլավ Վակարչուկը 1 միլիոն գրիվնի գումար է նվիրաբերել կորոնավիրուսի դեմ պայքարի համար:  «Գումարը փոխանցում եմ Լվովում, Օդեսայում   առողջապահական անհրաժեշտ տեխնիկայի ձեռքբերման նպատակով»,- ֆեյսբուքյան իր էջում գրել էր աստղը:

Նրա համոզմամբ՝ յուրաքանչյուրն իր հնարավորությունների սահմանում պետք է օգնի երկրին: «Պետք չէ կառավարությունից հրաշք ակնկալել. այն չի լինելու: Ոչ մի կառավարություն ինքնուրույն, առանց քաղաքացիների աջակցության չի կարող պայքարել համաճարակի դեմ: Այնպես որ, ամեն մեկս պետք է անենք, ինչ կարող ենք, իսկ մենք կարող ենք շատ բան»,-ասել է Վակարչուկը:

Առնոլդ Շվարցենեգեր

Հոլիվուդյան դերասան եւ հանրահայտ մարմնամարզիկ Առնոլդ Շվարցենեգերը 1 միլիոն դոլլար է նվիրաբերել կորոնավիրուսի դեմ պայքարի համար: Այդ մասին նա հայտնել է ինստագրամյան էջում:  Նրա խոսքով՝ չի կարելի նստել բազմոցին եւ ցավալ տեղի ունեցող իրավիճակով, այլ հարկավոր է մասնակից դառնալ համընդհանուր պայքարին:

Ավելի վաղ դերասանը կոչ էր արել մարդկանց հնարավորության սահմաններում մնալ տանը՝ պայամանվորված կորոնավիրուսի տարածման վտանգով:

Լսե՛ք փորձագետներին եւ անտեսե՛ք հիմարներին: Մենք կհաղթահարենք սա միասին»,- թվիթերյան էջում գրել էր նա: Գրառմանը կից տեսանյութում Շվարցենեգերը կոչ էր նվազեցնել շփումները. «Պետք չէ դուրս գալ, գնալ ռեստորաններ եւ այլ վայրեր, մոռացե՛ք այդ ամենը, հատկապես ինձ պես 72 տարեկան մարդիկ»:

Ջեքի Չան

Strait Times պարբերականի փոխանցմամբ՝ չինացի հայտնի դերասան Ջեքի Չանը մեկ միլիոն յուան (ավելի քան 145000 դոլար) է խոստացել այն մարդուն, որը դեղ կստեղծի նոր տեսակի կորոնավիրուսի դեմ։

Կորոնավիրուսի դեմը հնարավոր է առնել գիտության եւ տեխնոլոգիայի միջոցով: Հույս ունեմ, որ պատվաստանյութը արագ կգտնվի: Սիրտս ցավում է, երբ տեսնում եմ դատարկ փողոցներ, երբ հայրենակիցներս դիմագրավում են մահին այն պարագայում, երբ պետք է պարզապես վայելեին այն»,-ասել է աստղը:

Մանրամասները՝ տեսանյութում

Անի Անտոնյան




Լրահոս