Ազգային ժողովն ավելացնելու է ծախսերը, աշխատավարձային ֆոնդն ավելանում է․ «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Ազգային ժողովն առաջիկա տարիների ընթացքում ավելացնելու է ծախսերը։ Դա պարզ է դառնում 2021-2023 թվականների անելիքներն ու պահանջվող ֆինանսներն ուսումնասիրելիս։ Մասնավորապես, «Ժողովուրդ» օրաթերթն ուսումնասիրել է առաջիկա երեք տարիների համար նախատեսված աշխատավարձերի, պարգեւատրումների, այլ ծառայությունների համար նախատեսված գումարները: Եվ այսպես, 2019 թվականին Ազգային ժողովի աշխատակազմի տարեկան աշխատավարձը կազմել է 3 մլրդ 414 մլն 632 հազար դրամ, 2020 թվականին այն կազմում է 3 մլրդ 53 մլն 557 հազար դրամ, իսկ, ահա, 2021, 2022 եւ 2023 թվականներին համապատասխանաբար կազմելու է 3 մլրդ 134 մլն 553 հազար, 3 մլրդ 155 մլն 20 հազար եւ 3 մլրդ 172 մլն 525 հազար դրամ:

Նկատենք, որ, այս տարվա համեմատ, հաջորդ երեք տարիների համար աշխատավարձային ֆոնդն ավելանում է, եւ, որպես հիմնավորում, Աժ-ն ներկայացրել է այն հանգամանքը, որ բնականոն աճել է պետական ծառայողների աշխատավարձը՝ պայմանավորված միջին աշխատավարձի ավելացմամբ: Սակայն միայն աշխատավարձը չէ, որ, 2020 թվականի համեմատ, հաջորդ երեք տարիներին ավելանալու է. խոսքը նաեւ պարգեւատրումների, դրամական խրախուսումների մասին է: Որպես օրինակ՝ նշենք, որ 2020 թվականին նախատեսված է իրականացնել 787 մլն պարգեւատրումներ եւ դրամական խրախուսումներ, իսկ հաջորդ տարիներին դրա թիվն ավելանալու է՝ 2023 թվականին հասնելով 817 մլն դրամի: Այս տարվա համեմատ՝ գումարներ են ավելացել նաեւ գրասենյակային մաքրման, էներգետիկ ծառայությունների, անգամ թարգմանչական ծառայությունների կատարման համար»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։




Լրահոս