Մի խողովակի պատմություն. 81-ամյա տատիկի սպանության հետքերով

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթին մանրամասներ են հայտնի դարձել 2020 թվականի մարտի 4-ին Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի 216 շենքի 13-րդ բնակարանում 81-ամյա տատիկի դաժան սպանության դեպքից, թե ինչու 35-ամյա երիտասարդը 10-ից ավելի դանակի հարվածներով սպանեց Ազգանուշ Ս.-ին:

Ինչպես հայտնի է, վերոնշյալ օրը ահազանգ էր հնչել ոստիկանության Հրազդանի բաժին, որ վերոնշյալ հասցեում կնոջ դի կա: Իրավապահները, շտապելով դեպքի վայր, հայտաբերել էին տանտիրուհու՝ 81-ամյա Ազգանուշ Ս.-ի դին։
Հրազդանում 81-ամյա կնոջ սպանության կասկածանքով ձերբակալվել է նրա համաքաղաքացին՝ 35-ամյա մի երիտասարդ։

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում, ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի (սպանություն) 1-ին մասով, հարուցվել է քրեական գործ:

35-ամյա տղամարդը կալանավորվել է եւ տվել ինքնախոստովանական ցուցմունք:

Իսկ ի՞նչ է նա պատմել իրավապահներին: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ 35-ամյա տղամարդը ցուցմունք է տվել եւ հայտնել, որ 81-ամյա Ազգանուշ տատիկի հետ ազգակցական կապ չեն ունեցել, սակայն ինքը հաճախ եկել եւ քնել է տատիկի բնակարանում: Ըստ նրա՝ վերջիններս ապրել են հաշտ ու խաղաղ, սակայն մի օր Ազգանուշ Ս.-ի ջրի խողովակը վնասվել է եւ նա խնդրել է վերանորոգել ջրի խողովակը: «Ես վերանորոգելուց հետո Ազգանուշ տատիկին ասեցի, որ նոր խողովակ եմ գնել եւ այլ տեխնիկա, ուստի այդ ամենի գումարը պետք է վճարի: Ազգանուշ տատիկն էլ ասել է, որ հիմա գումար չունի ու չի կարող վճարել»:

Այս ամենից հետո տղամարդու եւ տատիկի միջեւ սկսել է վիճաբանություն, որից հետո Ազգանուշ Ս.-ն սկսել է անեծքներ տալ իր տանը բնակվող տղամարդուն, ինչից դրդված էլ նա դանակի բաթմաթիվ հարվածներով սպանել է 81-ամյա կնոջը: Պարզվել է, որ նա տարեց կնոջը սպանելու պահին ալկոհոլի ազդեցության տակ է եղել:

Ի դեպ, մեզ հայտնի դարձավ, որ այս սպանության բացահայտման համար ոստիկանապետ Արման Սարգսյանը պարգեւատրել է Կոտայքի մարզի քննչական վարչության պետ Սահակ Գրիգորյանին եւ գործը քննող քնիչին: Ավելին, մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ Կոտայքի մարզում առաջիկայում աղմկահարույց բացահայտումներ են սպասվում պաշտոնատար անձանց կողմից կոռուպցիոն դեպքերի մասով:

Քնար Մանուկյան




Լրահոս