Գերմանիայում մեկ ամսյա բուժումումից հետո առաջին երկու ամիսներին կարելի է ասել քնել եմ առանց մշտական տանջող ցավերի։ Այս մասին ArmLur.am-ի հետ զրույցում ասաց ապրիլյան պատերազմի մասնակից Հայկ Սեխլիյանը, ով 2019 թվականին կառավարության և բարերարների աջակցությամբ մեկնել էր Գերմանիա բուժման նպատակով։
«Գերմանիայում բուժումից հետո ոտքի վրա երկար էի կարողանում կանգնել, քայլել, հիմա կրկին ցավերը սկսվել են։ Պետք է հետ վերադառնայի Գերմանիա, հատուկ ապարատներ տեղադրեին ողնաշարիս վրա, որը թույլ կտար առանց ձեռնափայտ քայլել, սպասում էի կառավարության ֆինանսավորմանը, մոտ 13 հազար եվրոյի չափով, սակայն հիմա այս վիրուսային արտակարգ պայմաններում հնարավոր չի լինի»,-նշեց նա։
Նշենք, որ 2016 թ. Թալիշում ապրիլի 4-ին ռազմական գործողությունների հետևանքով՝ «Գրադ»-ի ականի պայթյունից ողնաշարից վիրավորվել էր Հայկ Սեխլիյանը։ Այժմ նա առողջական լուրջ խնդիրների առջև է կանգնել. մարմնում դեռ բեկորներ կան, որից մեկը մոտեցել է ողնուղեղին:
Հավելենք, որ Հայկն ամուսնացած է, ունի երկու անչափահաս զավակ։Ինչպես ինքն է բնութագրում, ծայրը ծայրին հասցնեով կարողանում է հոգալ ընտանիքի կարիքները։
Լիդա Եղիազարյան