Համազասպ Դանիելյանը կորոնավիրուսի թեստ է հանձնել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Համազասպ Դանիելյանը սոցցանցի իր էջում գրում է․

«Այսօր հանձնել եմ կորոնավիրուսի տեստ․․․

Այսօր հանձնել եմ կորոնավիրուսի տեստ, քանի որ ընդգրկված եմ Արցախում մարտի 31-ին տեղի ունենալիք ընտրությունների ՀՀ Ազգային ժողովի դիտորդական պատվիրակությունում: Պատվիրակության բոլոր անդամները ևս հանձնել են նման տեստ: Իմ տեստի արդյունքները բացասական էին, այսինքն ինձ մոտ վարակ չի հայտնաբերվել:

Հիվանդանոցում գտնվելու ժամանակ հանդիպեցի դիտորդական առաքելություն իրականացնող մի քանի հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների: Կարճ զրույցից էլ պարզ դարձավ, որ իրենց դիտորդների մի զգալի մասը հրաժարվել է և չի գնալու Արցախ՝ ընտրությունները դիտարկելու:

Օրվա ընթացքում հեռախոսազրույց եմ ունեցել նաև Արցախում գտնվող որոշ ծանոթների հետ: Ընդհանուր տպավորությունն այնպիսին է, որ այս պայմաններում ընտրությունների անցկացումը բացասաբար է ազդելու մասնակցության ցուցանիշների վրա:

Բնականաբար միջազգային դիտորդների մասնակցությունը այս պայմաններում ևս բացառվում է:

Կարծում եմ կհամաձայնեք, որ ստորև նշվածները կարևոր են ցանկացած ընտրությունների և այդ ընտրությունների միջոցով ձևավորցած իշխանությունների լեգիտիմության համար՝
ա. քաղաքացիների մասնակցության բարձր մակարդակ և մասնակցության հետ կապված նվազագույն ռիսկեր,
բ. տեղամասերի դիտարկման հնարավորինս մեծ ծածկույթ,
գ. միջազգային դիտորդների և լրատամիջոցների առկայություն:

Ուստի ընտրությունների անցկացման-չանցկացման հարցը քննարկողները պետք է հաշվի առնեն այս հանգամանքը: Նման երկընտրանքի առաջ կանգնել են բազմաթիվ երկներ: Կից քարտեզում ներկայացված են բոլոր այն պետությունները, որտեղ համաճարակի պատճառով հետաձգվել են քվեարկություններ (առնվազն 35 դեպք): 7 պետություններում քննարկում են հետաձգման հնարավորությունները: Կա նաև 3-4 դեպք, երբ ընտրությունները չեն հետաձգվել․ մարտ ամսի վերջին շաբաթվա և ապրիլ ամսվա ընթացքում նախատեսված ընտրություններից դեռևս չեն հրաժարվել՝
1. խորհրդարանական ընտրություններ անցկացնող Մալին (մարտի 29), որտեղ դեռ 2018 թվականից նախատեսված այս ընտրությունները արդեն հետաձգվել են երկու անգամ, իսկ ընդդիմության առաջնորդին առևանգել են քվեարկությունից մի քանի օր առաջ,
2. տեղական ընտրություններ անցկացնող Ավստրալիայի Քուինզլենդ նահանգը (մարտի 29), որտեղ հնարավոր է փոստային քվեարկություն և մոտ կես միլիոն ընտրող հենց այդ եղանակով է ընտրել,
3. խորհրդարանական ընտրություններ անցկացնող Հարավային Կորեան (ապրիլի 15), որտեղ քվեարկության կարգի ու անվտանգության հետ կապված նորամուծություններ են նախատեսել:

հ․գ․
Այդուհանդերձ, եթե Արցախի իշխանությունները որոշում կայացնեն կազմակերպել այդ ընտրությունները, ես կլինեմ այնտեղ՝ իրականացնելու իմ դիտորդական առաքելությունը:

Տվյալների աղբյուրը և այլ մանրամասներ International IDEA կայքում
https://www.idea.int/…/global-overview-covid-19-impact-elec…




Լրահոս