Ո՞Ր ԵՐԿՐՆԵՐՈՒՄ Է ԳՐԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ ԱՌԿԱ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազգային ժողովը երեկ, ի վերջո, երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունեց ՀՀ քրեական եւ վարչական իրավախախտումների մասին օրենսգրքերում փոփոխություններ կատարելու նախագիծը: Այն խորհրդարանում առաջին ընթերցմամբ քննարկվել է դեռ մարտի 20-ին, սակայն դրանից հետո փոփոխություններ են կատարվել, նոր առաջարկներ ընդունվել, եւ նախագծի վերջնական տարբերակն ընդունվեց երեկ:

«Այսպիսով, Վարչական օրենսգրքի վերաբերյալ 182.3 հոդվածի 8-րդ մասը շարադրվում է հետեւյալ կերպ. «Լրատվական գործունեություն իրականացնողի կողմից արտակարգ դրության ընթացքում սահմանված տեղեկությունների հրապարակման եւ տարածման կանոնները խախտելը», այսինքն՝ այստեղ ԶԼՄ-ի հասկացողությունը փոխարինում ենք լրատվական գործունեություն իրականացնողի հասկացությամբ, որպեսզի ավելի լայն ընդգրկում ունենա այն», – նշեց արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը՝ հավելելով, որ կառավարությունն այս պահին քննարկում է խոսքի ազատության սահմանափակման դրվագով փոփոխություներ կատարելու նախաձեռնությունը:

Բացի այդ, լրացումներ են կատարվել նաեւ այլ հոդվածներում, մասնավորապես՝ տույժի ենթարկվելուց հետո՝ 1 օրվա ընթացքում արտակարգ դրության ընթացքում սահմանված տեղեկությունների հրապարակման կամ տարածման կանոնների խախտման տարածումը կամ հրապարակումը չվերացնելը կրկին տուգանքի նշանակում է ենթադրում` նվազագույն աշխատավարձի 500-1000-ապատիկի չափով: Նաեւ տրվել են մեկուսացման եւ ինքնամեկուսացման սահմանումները, եւ, ըստ դրանց, մեկուսացում է համարվում անձանց, այդ թվում՝ հիվանդի, վարակվածի կամ նրանց հետ շփված անձանց, կոնտակտավորների հարազատների առանձնացումը դրա համար նախատեսված որոշակի տարածքում այլ անձանց հետ անմիջական շփումը բացառելու եւ վարակի տարածումը կանխելու նպատակով: Ինքնամեկուսացում է համարվում անձանց, այդ թվում՝ հիվանդի, վարակվածի կամ նրանց հետ շփված անձանց կամ կոնտակտավորների առանձնացումն իրենց մշտական բնակության կամ նախընտրությամբ այլ վայրում այլ անձանց հետ անմիջական շփումը սահմանափակելու եւ վարակի տարածումը կանխելու նպատակով:

Եվ հայտարարված արտակարգ դրության ընթացքում մեկուսացման կամ ինքնամեկուսացման կանոնները կամ ազատ տեղաշարժման իրավունքի սահմանափակումները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է անձի վարակում, ենթադրում է պատիժ տուգանքով` նվազագույն աշխատավարձի 300-500-ապատիկի չափով, կամ կալանքով` առավելագույնը 1 ամիս ժամկետով, որոշակի պաշտոնի զբաղեցումը կամ գործունեությամբ զբաղվելը կասեցնելով առավելագույնը 2 տարի ժամկետով: Իհարկե, մեկուսացման եւ ինքնամեկուսացման կանոններ սահմանելու եւ խախտելու մասին որոշումներ սահմանելուն կողմ էին դեռ վաղուց, եւ նույնիսկ այն ժամանակ, երբ պարզ դարձավ, որ Էջմիածնի բնակիչը վարակել է շատերին, սակայն այս փոփոխությունները կատարվեցին միայն երեկ: Ինչպես արդեն նշեցինք, մեկուսացման եւ ինքնամեկուսացման կանոններից բացի, սահմանվեցին նաեւ կանոններ ԶԼՄ-ների համար: Եվ ամրագրվել է լրատվական գործունեություն իրականացնողի կողմից արտակարգ դրության ընթացքում սահմանված տեղեկությունների հրապարակման եւ տարածման կանոնները խախտելու հանգամանք: Ըստ այդմ, լրատվական գործունեություն իրականացնողները կենթարկվեն վարչական տույժի, եթե արտակարգ դրության ընթացքում խախտեն տեղեկությունների հրապարակման սահմանափակումները: Եթե նախատեսված տույժին ենթարկված տեղեկատվությունը մեկօրյա ժամկետում չհեռացվի, ապա եւս մեկ անգամ տուգանք կնշանակվի՝ նվազագույն աշխատավարձի 500-ապատիկից 1000-ապատիկի չափով։ Սակայն նկատենք, որ, բացի Հայաստանից, միայն Հոնդուրասն ու Ռումինիան են, որոնք, նոր կորոնավիրուսով պայմանավորված, համաճարակի դեմ պայքարի շրջանակներում՝ արտակարգ դրության իրավական ռեժիմով սահմանափակել են խոսքի ազատությունը։ «Ժողովուրդ» օրաթերթն ուսումնասիրել է մի քանի երկրների փորձը, եւ այդ երկրների մեծ մասում արտակարգ իրավիճակի մասին որոշումները կարգավորվում են հրամաններով, որոշումներով եւ տարբեր իրավական ակտերով։ Միայն Ռումինիայի եւ Հոնդուրասի արտակարգ դրության մասին որոշումներն են, որ ներառում են գրաքննության մասին կետ: Իհարկե, մեծ թվով երկրներ են առկա, որտեղ արտակարգ դրություն է հայտարարվել, սակայն գրաքննությունը բացակայում է: Օրինակ՝ առանց որեւէ գրաքննության արտակարգ դրություն է հայտարարվել  ԱՄՆ-ում, Իտալիայում, Իսպանիայում, Ղազախստանում, Բուլղարիայում, Հունգարիայում, Չեխիայում, Սլովակիայում, Սերբիայում ու Մակեդոնիայում: Եվ, օրինակ, ուշագրավ է, որ Պորտուգալիայի դեպքում անգամ հատուկ որոշմամբ ամրագրված է, որ արտակարգ  դրության ժամանակ անթույլատրելի է խոսքի ազատության սահմանափակումը:

Ընդ որում, այդ երկրներում արտակարգ դրություն հայտարարվել է ավելի վաղ, իսկ Հայաստանում՝ մարտի 16-ին: Այսպիսով, հունվարի 31-ից արտակարգ դրություն է Իտալիայում, մարտի 11-ից՝ Հունգարիայում, մարտի 12-ից՝ Չեխիայում, մարտի 13-ից՝ Բուլղարիայում եւ ԱՄՆ-ում, մարտի 14-ից Իսպանիայում, 15-ից՝ Ղազախստանում եւ Սերբիայում, 16-ից՝ Ռումինիայում եւ Սլովակիայում, 18-ին էլ՝ Պորտուգալիայում, Հոնդուրասում եւ Մակեդոնիայում:

Եվ ընդգծենք, որ կան երկրներ, որտեղ առանց արտակարգ դրության սահմանման էլ գրաքննություն է առկա: Մասնավորապես, Լրագրողների պաշտպանության կոմիտեն տվյալներ է հրապարակել այդ առնչությամբ, եւ, օրինակ, խիստ գրաքննություն է առկա Հարավային Կորեայում, Թուրքմենստանում, Սաուդյան Արաբիայում, Չինաստանում, Վիետնամում, Իրանում, Բելառուսում եւ Կուբայում:

Հավելենք, որ ՀՀ կառավարության որոշմամբ՝ մարտի 16-ից՝ 18։30-ից, մինչեւ ապրիլի 14-ը՝ 17։00-ն, այսինքն՝ մեկ ամիս ժամկետով Հայաստանում հայտարարվեց արտակարգ դրություն՝ նպատակ ունենալով հանրապետությունում խոչընդոտել նոր կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) տարածումը։ Ըստ այդ որոշման՝ Հայաստանի ամբողջ տարածքում արգելվում է հավաքների եւ գործադուլների կազմակերպումը, անցկացումը եւ դրանց մասնակցելը։ Պարետի որոշմամբ՝ սահմանված տարածքներում արգելվում է հանրային միջոցառումների կազմակերպումը, անցկացումը եւ դրանց մասնակցությունը:

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 

 

ԴԻՄԵԼ Է ՆԱԽԱՐԱՐԻՆ

Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը, հաշվի առնելով նոր տիպի կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու նպատակով մարդկանց շփումները նվազեցնելուն ուղղված կառավարության քաղաքականությունը, առաջարկել է ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանին օրենսդրական նախաձեռնության կարգով դատավարական օրենսգրքերում համապատասխան փոփոխությունների եւ լրացումների, ինչպես նաեւ տեխնիկական աջակցության միջոցով հնարավորություն ընձեռել փաստաբաններին՝ էլեկտրոնային կարգով ներկայացնել հայցադիմումը եւ այլ դատավարական փաստաթղթերը, իսկ դատավարության մասնակիցներին՝ մասնակցել դատական նիստերին տեսաձայնային հեռահաղորդակցության միջոցների կիրառմամբ

 

 

 

 

ՆԱԽԱԳԱՀԻ ՏԵՂԱԿԱԼ

Եվրասիական զարգացման բանկի վարչության նախագահի տեղակալ է նշանակվել Տիգրան Սարգսյանը։ Հիշեցնենք, որ Տիգրան Սարգսյանը 2016-2020 թթ. եղել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ, 2008-2014 թթ՝ ՀՀ վարչապետ, իսկ 1998-2008 թթ. ՀՀ ԿԲ նախագահ։

 

 

ՆՇԱՆԱԿՈՒՄ

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել, ըստ որի՝ Արթուր Պողոսյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի բարոյահոգեբանական ապահովման վարչության պետ։

 

 

 

ԲԱՑ ԵՆ ԽՈՍԵԼ

Երեկ Աժ «Իմ քայլը» խմբակցությունը երկարատեւ քննարկում է ունեցել: «ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ պատգամավորները նախ առանձին` խմբակցությունով են քննարկում ունեցել, ապա հանդիպել են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: «ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ պատգամավորների հետ հանդիպմանը քննարկվել են այսօր մեկնարկելիք նստաշրջանը, օրակարգում ընդգրկված հարցերը, եւ որոշում է կայացվել, թե որ նախագծին ինչպես է պետք քվեարկել: Իսկ, ահա, վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը հիմնականում քննարկվել է Հայաստանում կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակը: Մեր տեղեկություններով՝ վարչապետը շատ բաց ու անկեղծ է խոսել, չի թաքցրել ոչինչ եւ պարզ ասել է, թե ինչպիսին է իրավիճակը, եւ ինչ է սպասվում:

 

 

 

ՕՆԼԱՅՆ

Բոլոր դատարաններին տեսախցիկներ եւ պրոյեկտորներ են բաժանվել: Բարձրագույն դատական խորհուրդը հայտնում է, որ հաշվի առնելով երկրում կորոնավիրուսի համավարակի կանխարգելմանն ուղղված միջոցառումների շրջանակներում դատարանների բնականոն գործունեության ապահովման անհրաժեշտությունը եւ առկա օրենսդրական հնարավորությունները՝ Հայաստանի Հանրապետության բոլոր դատարաններին հատկացվել են տեսախցիկներ եւ պրոյեկտորներ` ՀՀ քաղաքացիականդատավարության օրենսգրքի 145-րդ հոդվածին համապատասխան, դատավարության մասնակիցների մասնակցությունը դատական նիստերին տեսաձայնային հեռահաղորդակցության միջոցների կիրառմամբ ապահովելու նպատակով:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ բարձրագույն դատական խորհրդի մամուլի եւ հասարակայնության հետ կապերի ծառայությունից, այս պահին ընթանում են ինժեներատեխնիկական համապատասխան աշխատանքներ՝ յուրաքանչյուր դատարանի դատական նիստերի առնվազն մեկ դահլիճում տեսաձայնային անհրաժեշտ սարքավորումների տեղադրման միջոցով տեսաձայնային հաղորդակցության հնարավորությունն ապահովող համակարգի ներդրման ուղղությամբ: Տեղեկացանք, որ տեսահաղորդակցության միջոցով դատական նիստերի մեկնարկը կտրվի առաջիկա օրերին:

 

 

 




Լրահոս