ՆԱԽԱՐԱՐԸ ԿՆԵՐԿԱՅԱՑՆԻ ԿԱՏԱՐՈՂԱԿԱՆԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվելու է կառավարության՝ 2019 թվականի ծրագրի կատարման հաշվետվությունը։ Այն հանձնաժողովում ներկայացնելու է ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը։ Ծրագրի կատարման ընթացքը փետրվարի 8-ին հաստատվել էր գործադիրի կողմից եւ այժմ ներկայացվում է օրենսդիրի դատին։

 

«Ժողովուրդ» օրաթերթն ուսումնասիրել է նախագիծը եւ նկատել է, որ կատարողականում հստակ ընդգծված է այն հանգամանքը, որ սա միակ տարին է եղել, երբ հետհեղափոխական կառավարությունն աշխատել է ամբողջապես։ Ըստ էության, 2018 թվականի թավշյա հեղափոխությունից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունը կես տարի էր աշխատել եւ պատասխանատու էր հենց այդ ընթացքի արդյունքների համար, իսկ, ահա, 2019-ի համար նրանք ամբողջապես պատասխանատվություն են կրում։ Եվ թերեւս հենց դա է պատճառը, որ կատարողականի հենց սկզբում ամրագրված է այն հանգամանքը, որ սա հետհեղափոխական կառավարության գործունեության առաջին տարին էր։ Եվ ամրագրված է, որ կառավարությունը գրանցել է 2008 թվականից ի վեր ամենաբարձր տնտեսական աճի մակարդակը՝ 7.6%, որն ամենաբարձրն է ԵԱՏՄ անդամ երկրների, հարեւան բոլոր երկրների եւ եվրոպական տարածաշրջանի երկրների համեմատ:

Հաշվետվության մեջ մեծ տեղ է հատկացված հենց տնտեսական ձեռքբերումներին, սակայն մեծ են ձեռքբերումները նաեւ պաշտպանության ոլորտում։ Օրինակ՝ Զինված ուժերի սպառազինությունը հմալրվել է որակապես բարձր եւ ժամանակակից զինտեխնիկայով: Ձեռք է բերվել, տեսանելի ժամանակահատվածի համեմատ, աննախադեպ քանակի զենք-զինամթերք՝ «ՍՈՒ-30ՍՄ» բազմաֆունկցիոնալ ինքնաթիռներ, «ՏՈՐՄ2ԿՄ» եւ «Օսա-ԱԿ» հակաօդային պաշտպանության համալիրներ: Զինված ուժերը համալրվել են հրետանային միջոցներով, զենիթային կայանքներով, հրաձգային զենքերով, զինամթերքով, հարյուրավոր միավոր ավտոմոբիլային տեխնիկայով: Պաշտպանության ոլորտին ուղղված ծախսերը 2019 թվականին ավելացել են 26%-ով։ Ոստիկանության ոլորտի ձեռքբերումներից ամրագրված են նոր ռազմավարությունը եւ այն փոփոխությունները, որ սպասվում են առաջիկայում։ Մշակվել է ՀՀ ոստիկանության բարեփոխումների ռազմավարությունը եւ դրանից բխող 2020-2022 թվականների գործողությունների ծրագիրը: Մշակվել է եւ 2020 թ.-ի հունվարի 1-ից գործարկվել է ճանապարհային երթեւեկության կանոնակարգման բալային համակարգը, որի նպատակը երթեւեկության անվտանգության ապահովման ոլորտում վարչական պատասխանատվության քաղաքականության արդյունավետությունը բարձրացնելն է՝ բացառելով նախկինում գործող քաղաքացիներին տուգանելու պետական շահագրգռության բաղադրատարրը:

Վարչական իրավախախտումների համար նախատեսված սանկցիաներից 24-ը նվազեցվել են մոտավորապես 50 տոկոսով, եւ այժմ երթեւեկության կանոնների խախտման համար առավելագույն տուգանքի չափը 29,000 դրամ է՝ նախկին 500,000 դրամի փոխարեն։ Որպես ձեռքբերում՝ կառավարությունն առանձնացրել է նաեւ քրեական ենթամշակույթի դեմ պայքարին ուղղված օրենսդրական կարգավորումները, որոնց համաձայն՝ քրեական աստիճանակարգությանը պատկանելը, այն է՝ քրեական ենթամշակույթ կրող խմբավորման մասնակից լինելը ինքնին կհամարվի հանցագործություն: Կատարողականում կառավարությունն ընդգծել է, որ այժմ Հայաստանում օրենքի առջեւ հավասար են բոլորը։

Նախ նշվում է, որ կոռուպցիոն եւ այլ բնույթի քրեական գործերով անցնում են նախկին նախագահներ, նախարարներ, փոխնախարարներ եւ բարձրաստիճան այլ պաշտոնյաներ։ Եվ ապա նշվում արդարադատության եւ օրենքի առջեւ բոլորի հավասարության սկզբունքը չի շրջանցել նաեւ ներկայիս կառավարության գործող կամ արդեն նախկին պաշտոնյաներին՝ Քաղաքաշինության կոմիտեի նախագահին, ՊՎԾ պետին, առողջապահության եւ ԿԳՄՍ փոխնախարարներին, որոնք մեղադրյալի կամ կասկածյալի կարգավիճակում են հայտնվել իրենց լիազորությունների իրականացման ընթացքում։ Նաեւ առանձնացրել են այն փաստը, որ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ երկրի գործող ղեկավարը Քննչական կոմիտեի եւ Հատուկ քննչական ծառայության հրավերներով ներկայացել է նախաքննության մարմինների գրասենյակներ եւ քննիչների աշխատասենյակում հարցաքննվել: Օրինակ 2019 թվականի ընթացքում Քննչական կոմիտեում քննվող գործերով պետությանը պատճառված վնասից վերականգնվել է 1.085 միլիարդ դրամ գումար, որը 2018 թվականին վերականգնված 940 միլիոն դրամ գումարից ավելի է 15%-ով, իսկ 2017 թվականի վերականգնված 193 միլիոն դրամ գումարից՝ 462%-ով: Իրավաբանական անձանց եւ քաղաքացիներին պատճառված վնասից հաշվետու տարում վերականգնվել է 732 միլիոն դրամ: Կոռուպցիոն բնույթի հանցագործություններով, ՀՀ ոստիկանության ստորաբաժանումների իրականացրած գործողությունների շնորհիվ, 2019 թվականին պետությանը, կազմակերպություններին եւ անձանց հասցված վնասից վերականգնվել է շուրջ 652 միլիոն դրամ: 2019 թվականին հայտնաբերվել է կոռուպցիոն բնույթի հանցագործության 1,280 դեպք: Կոռուպցիոն հանցագործություններից 324-ը կաշառակերության դեպքեր են, 225-ը՝ պաշտոնական դիրքն օգտագործելով յուրացման, 135-ը՝ պաշտոնական կեղծիքի, 299-ը՝ պաշտոնական լիազորությունները չարաշահելու, 60-ը՝ պաշտոնական լիազորություններն անցնելու եւ այլն: Հավելենք, որ կառավարության՝ 2019 թվականի գործունեության կատարողականը բաղկացած է 49 էջից, եւ անդրադարձ է կատարված բոլոր ոլորտներին։

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 

 

ՄԱՂԹԱՆՔ՝ ԺՈՂՈՎՐԴԻՆ

«Առաջիկա շաբաթ օրը՝ Ս. Գրիգոր Լուսավորչի վիրապ մուտքի տոնին, դուրս է բերվելու մեր հավատի հոր՝ Լուսավորիչ Հայրապետի Սրբազան Աջը, որով կատարվելու է մաղթանք մեր հայրենիքի եւ մեր ժողովրդի համար: Արարողությանը, որը դռնփակ է անցկացվելու, մեր ժողովուրդը հնարավորություն կունենա հետեւելու առցանց»,- սոցցանցի իր էջում գրել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի տնօրեն Վահրամ քահանա Մելիքյանը։ «Ուշադիր հետեւելով խորհրդարանական քառօրյային՝ ցանկանում եմ արձանագրել հետեւյալը. աշխարհը, ցավոք, մեզանից ավելի լավ է մեզ ճանաչում իբրեւ քրիստոնյա եւ քրիստոնեական հարուստ ժառանգության կրող ժողովուրդ: Մարտի 18-ին Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ Սուրբ Գայանե վանքում տեղի ունեցավ համազգային աղոթք եւ ժամերգություն»,-նշել է  Վահրամ քահանա Մելիքյանը։

 

 

 

 

 

3 ԶԻՆԾԱՌԱՅՈՂ

Մարտի 25-ին մարտական խնդիրներում չներգրավված զորամասի երեք զինծառայողներից կատարվել էր նմուշառում։ COVID-19 հետազոտման թեստի արդյունքում երեք զինծառայողների մոտ ախտորոշվել է կորոնավիրուս։ Այս մասին նշել է պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը: «Զինծառայողներից մեկի ընտանիքի անդամի մոտ ավելի վաղ էր հաստատվել կորոնավիրուսի առկայություն: Երեք զինծառայողի հաստատված դեպքերը փոխկապակցված են եւ առնչվում են երկրում գրանցված առաջնակի դեպքերի օջախներից մեկի հետ: Կորոնավիրուսային հիվանդության ախտանիշով զինծառայողներին բարձրորակ բուժօգնություն է ցուցաբերվում, նրանց կյանքին վտանգ չի սպառնում»,-հայտնել է նախարարը։

 

 

 

 

ՄԱՀԱՑԵԼ Է

«Նորք» ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոցում երեկ արձանագրվել է մահվան դեպք։ Այս մասին հայտնել է  ՀՀ  առողջապահության նախարարի խոսնակ Ալինա Նիկողոսյանը: 72-ամյա պացիենտն ունեցել է կորոնավիրուսային հիվանդություն, ինչպես նաեւ երկկողմանի թոքաբորբ, պոլիօրգանային անբավարարություն, ռեսպիրատոր դիսթրես համախտանիշ, հիպերտոնիկ հիվանդություն եւ սրտի ռիթմի խանգարում։ Ուղեկցող հիվանդությունների պատճառով հնարավոր չի եղել փրկել վերջինիս կյանքը։ Պացիենտը գտնվում էր վերակենդանացման բաժանմունքում, վերջինիս վիճակը գնահատվել էր ծայրահեղ ծանր։

 

 

 

 

ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏՎԵՑ

ՀՀ կառավարությունը երեկվա նիստում հաստատել է Հայաստանի ու Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկի միջեւ այս տարվա փետրվարի 7-ին ստորագրված «Մեղրիի սահմանային անցակետի ծրագիր» դրամաշնորհային համաձայնագիրը՝10.52 մլն եվրո արժողությամբ: Ի դեպ, նշված դրամաշնորհային միջոցները տրամադրվելու են Եվրոպական միության կողմից Հարեւանության ներդրումային գործիքի ներքո: Ծրագրով պետք է ֆինանսավորվի Հայաստանի հարավային սահմանի երկայնքով՝ Մեղրի քաղաքի մոտակայքում ներկայիս սահմանային անցակետի արդիականացումն ու ընդլայնումը: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ 2017 թվականի հունիս-հուլիս ամիսներին Մեղրի մաքսային կետով սահմանահատած բեռնատարների թիվը կազմել է մոտ 2000, իսկ 2019 թվականի նույն ժամանակահատվածում` մոտ 4150։ Իսկ, ահա, մարդատար ավտոմեքենաների թիվը 2017 թվականի հունիս-հուլիս ամիսներին կազմել է 10850, իսկ 2019 թվականի նշված ամիսներին` 18075, 2017 թվականի հունիս-հուլիս ամիսներին ուղեւորների հոսքը կազմել է 55500, 2019 թվականին` 124000:

 

 

 

 

 

ՀԵՌԱՀԱՐ ԿԱՐԳՈՎ

Ազգային ժողովի պատգամավորներ Բաբկեն Թունյանը, Արտակ Մանուկյանն ու Վարազդատ Կարապետյանը հանդես են եկել օրենսդրական նախաձեռնությամբ, որի պատճառը Հայաստանում կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակն է։ Մասնավորապես, նրանք առաջարկում են փոփոխություններ կատարել «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում եւ ամրագրել,  որ խորհրդի որոշումները կարող են ընդունվել առանց նիստ անցկացնելու (առանց օրակարգի հարցերի քննարկման եւ քվեարկության դրված հարցերի վերաբերյալ որոշումների ընդունման նպատակով խորհրդի անդամների համատեղ ներկա գտնվելու)` անցկացնելով հեռակա կարգով քվեարկություն կամ իրական ժամանակում առցանց քվեարկություն: Որպես հիմնավորում՝ պատգամավորները նշում են, որ պայմանավորված Հայաստանում արտակարգ դրությամբ՝ բազմաթիվ հաստատություններ անցել են աշխատանքի հեռահար ռեժիմի, իսկ այդպես խնդիր է դառնում նիստերի անցկացումը, երբ օրենքով կանոնակարգված չէ դրանց հեռահար անցկացնելու հնարավորությունը։ Եվ պատգամավորների այս որոշումը միտված է հենց դրան։ Ներդրվելու է էլեկտրոնային քվեարկություն հասկացությունը, որն էլ հնարավորություն կտա առցանց քվեարկություն անցկացնել։ Նկատենք, սակայն, որ նախագիծը դեռ նոր է ներկայացվել եւ դեռ պետք է քննարկվի։

 

 

 




Լրահոս