«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ մի շարք բանկերի պատասխանատուները դիմել են Ազգային անվտանգության ծառայություն եւ հանցագործության մասին հաղորդում ներկայացրել: Պարզվում է` մի շարք բանկեր պաշտոնական մեյլերին նամակ են ստացել այն մասին, թե մահապարտ է ուղարկվել բանկի մասնաճյուղերից մեկը:
Այն, որ բանկերը հաճախ են հայտնվել ենթադրյալ հանցագործների թիրախում, գաղտնիք չէ ոչ ոքի: Եղան դեպքեր, որ ունեցան ողբերգական ավարտ: Մասնավորապես, 2018 թվականին գնդապետ Դ. Դանիելյանը, իր մարտական նռնակով եւ դանակով զինված, դիմակավորված մուտք էր գործել Երեւան քաղաքի Կոմիտասի պողոտա 3 հասցեում գործող «Էյչ-Էս-Բի-Սի բանկ Հայաստան» ՓԲԸ-ի «Կոմիտաս» մասնաճյուղ, որտեղ կարաբինից կրակոց արձակելով օդում` բանկի աշխատակիցներից պահանջել է իրեն հանձնել առանձնապես խոշոր չափերով` 500.000 ԱՄՆ դոլար գումար: Այդ ընթացքում, հանդիպելով մասնաճյուղի անվտանգության աշխատակիցների դիմադրությանը, Դ. Դանիելյանն իր մոտ գտնվող կարաբինից կրակել եւ սպանել էր հիշյալ մասնաճյուղում իր ծառայողական պարտականություններն իրականացնող անվտանգության աշխատակից Խաչատուր Գալստյանին: Ավելին, կրակել էր նաեւ իրեն հետապնդող ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի ոստիկան Արա Շախգուլյանի ուղղությամբ, վիրավորել նրան, որի հետեւանքով վերջինս նույն օրը բժշկական կենտրոնոմ մահացել էր: Իհարկե, ի վերջո իրավապահներին հաջողվել էր բռնել ավազակային հարձակում գործած գնդապետ Դանիելյանին, սակայն վերջինիս գործողությունների հետեւանքով երկու անձ մահացավ:
Սակայն նկատենք, որ ներկայումս բանկերը հայտնվել են ավելի բարդ իրավիճակում. ենթադրյալ հանցագործները ոչ թե մտնում են բանկ, այլ նամակ են ուղարկում ու կոնկրետ պահանջներ ներկայացնում: Մասնավորապես, մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ 2020 թվականի փետրվարի 17-ին «Արդշինբանկ» ՓԲԸ-ն դիմել է Ազգային անվտանգության ծառայություն եւ հաղորդում տվել հանցագործության մասին: Մասնավորապես, բանկը ԱԱԾ-ին ներկայացրել է տեղեկություն, որ փետրվարի 12-ին բանկի պաշտոնական՝ [email protected] էլ.փոստին ոմն Ալի Մուսսան [email protected] էլ. փոստով նամակ է ուղարկել: Իսկ ի՞նչ է եղել նամակում: «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ Ալի Մուսսան, ով ներկայացել է Կովկաս Միացյալ Վիլայաթի անունից, սպառնացել է, թե իրենց կողմից մահապարտ է ուղարկվել բանկի մասնաճյուղերից մեկը, եւ եթե մոտակա օրերին բանկը չկատարի 245 միլիոն 533 հազար 490 դրամին համարժեք փոխանցում, ապա շատ արյուն կթափվի, իսկ այնուհետեւ կսկսվի որս` նրանց երեխաների նկատմամբ: Ավելին, մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ բանկի պաշտոնական էլէկտրոնային փոստին ուղարկվել է այն հաշվեհամարը, որին բանկը, ըստ սպառնացողի պահանջի, պետք է ուղարկեր պահանջված գումարը:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ նմանօրինակ նամակ ստացել է եւս մեկ բանկ փետրվարի 12-ին: Բանկից պահանջել են 245 միլիոն դրամը եւ նշել, թե մահապարտ է ուղարկվել բանկի մասնաճյուղերից մեկը: Երկու բանկերն էլ այս իրավիճակի մասին տեղյակ են պահել Ազգային անվտանգության ծառայությանը եւ հանցագործության մասին հաղորդում ներկայացրել: Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ ԱԱԾ-ն բանկերի ղեկավարների դիմումների հիման վրա հարուցել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 182 հոդ. 3-րդ մասի 2-րդ կետով (Շորթումը՝ անձի կամ նրա մերձավորի մասին արատավորող կամ անձի կամ նրա մերձավորի իրավունքներին ու օրինական շահերին էական վնաս պատճառող տեղեկություններ հրապարակելու, ինչպես նաեւ անձի կամ նրա մերձավորի նկատմամբ բռնություն գործադրելու սպառնալիքով պատժվում է ազատազրկմամբ՝ վեցից տասը տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա):
«Ժողովուրդ» օրաթերթը այս տեղեկությունը փորձեց պարզել Ազգային անվտանգության ծառայությունից , որտեղից ի պատասխան՝ միայն հաստատեցին մեր տեղեկությունը` նշելով, որ քրեական գործը ուղարկվել է ՀՀ քննչական կոմիտե` նախաքննությունը շարունակելու համար:
ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ
ՄԻ ԽՈՂՈՎԱԿԻ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ
«Ժողովուրդ» օրաթերթին մանրամասներ են հայտնի դարձել 2020 թվականի մարտի 4-ին Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Միկրոշրջան թաղամասի 216 շենքի 13-րդ բնակարանում 81-ամյա տատիկի դաժան սպանության դեպքից, թե ինչու 35-ամյա երիտասարդը 10-ից ավելի դանակի հարվածներով սպանեց Ազգանուշ Ս.-ին:
Ինչպես հայտնի է, վերոնշյալ օրը ահազանգ էր հնչել ոստիկանության Հրազդանի բաժին, որ վերոնշյալ հասցեում կնոջ դի կա: Իրավապահները, շտապելով դեպքի վայր, հայտաբերել էին տանտիրուհու՝ 81-ամյա Ազգանուշ Ս.-ի դին:
Հրազդանում 81-ամյա կնոջ սպանության կասկածանքով ձերբակալվել է նրա համաքաղաքացին՝ 35-ամյա մի երիտասարդ:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում, ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի (սպանություն) 1-ին մասով, հարուցվել է քրեական գործ:
35-ամյա տղամարդը կալանավորվել է եւ տվել ինքնախոստովանական ցուցմունք:
Իսկ ի՞նչ է նա պատմել իրավապահներին: «Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ 35-ամյա տղամարդը ցուցմունք է տվել եւ հայտնել, որ 81-ամյա Ազգանուշ տատիկի հետ ազգակցական կապ չեն ունեցել, սակայն ինքը հաճախ եկել եւ քնել է տատիկի բնակարանում: Ըստ նրա՝ վերջիններս ապրել են հաշտ ու խաղաղ, սակայն մի օր Ազգանուշ Ս.-ի ջրի խողովակը վնասվել է եւ նա խնդրել է վերանորոգել ջրի խողովակը: «Ես վերանորոգելուց հետո Ազգանուշ տատիկին ասեցի, որ նոր խողովակ եմ գնել եւ այլ տեխնիկա, ուստի այդ ամենի գումարը պետք է վճարի: Ազգանուշ տատիկն էլ ասեց է, որ հիմա գումար չունի ու չի կարող վճարել»:
Այս ամենից հետո տղամարդու եւ տատիկի միջեւ սկսել է վիճաբանություն, որից հետո Ազգանուշ Ս.-ն սկսել է անեծքներ տալ իր տանը բնակվող տղամարդուն, ինչից դրդված էլ նա դանակի բաթմաթիվ հարվածներով սպանել է 81-ամյա կնոջը: Պարզվել է, որ նա տարեց կնոջը սպանելու պահին ալկոհոլի ազդեցության տակ է եղել:
Ի դեպ, մեզ հայտնի դարձավ, որ այս սպանության բացահայտման համար ոստիկանապետ Արման Սարգսյանը պարգեւատրել է Կոտայքի մարզի քննչական վարչության պետ Սահակ Գրիգորյանին եւ գործը քննող քնիչին: Ավելին, մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ Կոտայքի մարզում առաջիկայում աղմկահարույց բացահայտումներ են սպասվում պաշտոնատար անձանց կողմից կոռուպցիոն դեպքերի մասով:
Ք. ՄԱՆՈՒԿՅԱՆ
ԴԱՆԱԿՈՎ ՀԱՐՎԱԾԵԼ Է ԿՆՈՋԸ
Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում ընթանում է Սերժիկ Եղոյանի դատավարությունը։ Նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ 2019թ. ապրիլի 25-ին՝ ժամը 20:30-ի սահմաններում, Տավուշի մարզի Սարիգյուղ բնակավայրի 1-ին փողոցի 6-րդ նրբանցքում փաստացի իր հետ ամուսնական հարաբերությունների մեջ գտնվող նույն գյուղի բնակչուհի Լուսինե Արշակի Հարությունյանին խանդի հողի վրա ապօրինաբար, դիտավորությամբ կյանքից զրկելու նպատակով իր մոտ գտնվող դանակով հարվածներ է հասցրել նրա մարմնի տարբեր մասերին, այդ թվում կենսականորեն կարեւոր օրգանների շրջանում՝ աջ հարականջային շրջանում, աջ ուսահոդի հետին մակերեսին, աջ նախաբազկի վերին երրորդի աջակողմնային մակերեսին, կրծքավանդակի ձախ կեսի կողմնային մակերեսի շրջանում, կրծքաքվանդակի ձախ կեսի հետին մակերեսի շրջանում, կրծքավանդակի աջ կեսի հետին մակերեսին՝ պատճառելով կյանքին վտանգ սպառնացող ծանր վնաս։ Նա, սակայն, իր կամքից անկախ հանգամանքներում հանցագործությունն ավարտին չի հասցրել Արտակ Ասրյանի եւ Կարապետ Դավթյանի կողմից միջամտելու, նրան մի կողմ հրելու ու հետագա հարվածները կանխելու պատճառով։ Նախկինում չդատված Ս. Եղոյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-104 հոդվածի 1-ին մասով («Սպանության փորձը»), նա կալանավորված է։
ԲՋՋԱՅԻՆԻ ՊԱՏՃԱՌՈՎ
Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում 2019թ. ապրիլի 19-ից ընթանում է Անդրանիկ Ավետիսյանի դատավարությունը։ Նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով Տավուշի մարզում տեղակայված ՀՀ պաշտպանության նախարարության զորամասերից մեկի գումարտակի հրամանատարի տեղակալ, 2018թ. հունիսի 28-ին՝ ժամը 18:30-ի սահմաններում, զինվորական ծառայության պարտականությունները կատարելու կապակցությամբ բջջային հեռախոսը իրեն չհանձնելու պատճառով բռնություն է գործադրել իր նկատմամբ ստորադաս պարտադիր ժամկետային զինծառայող Դանիել Մայիլյանի նկատմամբ՝ աջ ձեռքով սեղմել է նրա կոկորդից՝ պատճառելով առողջության թեթեւ վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածք։ Այնուհետեւ, երբ Դ. Մայիլյանը կապի հանգույցից դուրս է վազել գումարտակի շտաբի մոտ, որտեղ շարունակելով նույն հարցի շուրջ վիճաբանությունը՝ Ա. Ավետիսյանը վայր է գցել Դ. Մայիլյանին, ինչի հետեւանքով վերջինիս գլուխը դիպել է գետնին, եւ ստացել թեթեւ վնասի հատկանիշներ պարունակող մարմնական վնասվածքներ։ Դատաքննության ընթացքում մեղադրյալի պաշտպանը միջնորդել է նշանակել կրկնակի դատաբժշկական փորձաքննություն՝ գտնելով, որ թե՛ փորձաքննություն նշանակելու որոշումը, թե՛ փորձագիտական եզրակացությունը հիմնավորված չեն, կատարվել են դատավարական իրավունքի որոշակի խախտումներով։ Դատավոր Զոյա Զաքինյանը բավարարել է պաշտպանի միջնորդությունը։ Անդրանիկ Ավետիսյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 358.1 հոդվածի 3-րդ մասի 4-րդ կետով։ Սույն հոդվածը որպես պատիժ նախատեսում է 4-8 տարի ժամկետով ազատազրկումը։
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ