Հայաստանում կատալիզատորների վաճառքը տարածված բնույթ է կրում. տարիներ շարունակ ավտոտրանսպորտային միջոցների սեփականատերերն անարգել ապամոնտաժում եւ վաճառում են իրենց մեքենաների կատալիտիկ չեզոքացուցիչները։ Շրջակա միջավայրի նախարարությունը մտադիր է լուծել այս խնդիրը՝ տուգանելով քաղաքացուն: Այսպես, 2021 թվականի հունվարի 1-ից հետո Հայաստանում առանց կատալիզատորի ավտոմեքենա շահագործելու համար քաղաքացին կտուգանվի 300 հազար դրամի չափով։
Պատճառը դրանց բարձր արժեքն է, քանի որ կատալիտիկ չեզոքացուցիչի արտադրության համար կիրառվում են թանկարժեք մետաղներ՝ ոսկի, պլատին, պալադիում եւ ռոդիում: Դրանք այստեղ անգամ մեքենայի վրայից հանող ու միաժամանակ գնող ընկերություններ կան, իսկ արժեքը տատանվում է 300-400 հազար դրամի սահմաններում։
Նշենք, որ մեր երկրում առկա հին մեքենաները, որոնք շարժվելուց շարունակում են մեծ քանակությամբ արտանետումներ արձակել, այլ երկրներից են ներկրվում Հայաստան: Ու պարզվում է` շատ երկրներում արգելվում է որոշ ավտոմեքենաների արտադրությունը եւ օգտագործումը, քանի որ դրանք վտանգավոր են առողջության համար: Օրինակ՝ Ֆրանսիայում արգելվում է, որ տաքսի ծառայության ավտոմեքենաները 5 տարի եւ ավել արտադրության լինեն, սակայն Հայաստանում նման արգելք չկա: Չէ՞ որ հին մեքենաների շարժիչի մեջ այրման պրոցեսը ոչ կատարյալ է, դրանք մեծ քանակությամբ շմոլ գազեր, ածխաջրածիններ, ցնդող օրգանական եւ այլ նյութեր են արտանետում։
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ այս խնդրի լուծման նպատակով Շրջակա միջավայրի նախարարությունն առաջարկում է (այս մասին նախագիծը երեկ է շրջանառության դրվել) Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացում կատարել։ Այսպես, նշված օրենսգրքում կավելացվի հոդված, որով կսահմանվի տուգանք՝ քաղաքացիների եւ պաշտոնատար անձանց կողմից ավտոտրանսպորտային միջոցների շահագործման հետեւանքով առաջացող բանած գազերի չեզոքացման համակարգի, դրա բաղկացուցիչ տարրերի, դրա հետ գործնականորեն կապված տվիչների ու կառավարման համակարգերի ապամոնտաժման, վնասման, դրանց չօգտագործման, շահագործման կանոնների խախտման, ինչպես նաեւ չեզոքացման համակարգի անսարքությունների առկայությամբ ավտոտրանսպորտային միջոցների շահագործման համար։
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ 2020 թվականի հունվարի 1-ից հետո ներմուծված եւ հաշվառված ավտոտրանսպորտային միջոցների շահագործումը առանց չեզոքացման համակարգի (կատալիտիկ չեզոքացուցիչների) կառաջացնի տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկի չափով: Նույն խախտումը, որը կատարվել է կրկին վարչական տույժի միջոց կիրառելուց հետո` մեկ տարվա ընթացքում, կառաջացնի տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի վեցհարյուրապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկի չափով: Այս օրենքն ուժի մեջ է մտնում 2021 թվականի հունվարի 1-ից։ Մեկ նրբություն. այս օրենքը կտարածվի այն քաղաքացիների վրա, որոնք իրենց ավտոմեքենաները ներմուծել են 2020 թվականի հունվարի 1-ից հետո։ Բայց մեկ այլ կարեւոր հանգամանք. Շրջակա միջավայրի նախարարության ներկայացրած նախագծում տեղեկություն չկա այն մասին, թե ինչպես եւ որ կառույցի կողմից է այս ողջ գործընթացը վերահսկվելու։
Մեզ հայտնի դարձավ նաեւ, որ տուգանքի չափը պայմանավորված է ապամոնտաժված կատալիտիկ չեզոքացուցիչների շուկայական գներով։ Ըստ որոշ ուսումնասիրությունների՝ դրանց միջին գինը հասնում է 300 հազար դրամի։ Եւ հաշվի առնելով սա՝ Շրջակա միջավայրի նախարարությունն առաջարկում է, որպեսզի նախատեսվող տուգանքի չափը փոքր չլինի քաղաքացու, պաշտոնատար անձի կողմից կատալիտիկ չեզոքացուցիչի ապամոնտաժման եւ իրացման արդյունքում ստացվելիք դրամական օգուտից։
Թեեւ նախագիծը երեկ է տեղադրվել e-draft իրավական ակտերի նախագծերի միասնական կայքում, սակայն հասցրել է մի քանի կարծիքներ հավաքել: Նախ՝ նշենք, որ երեկվա դրությամբ նախագծին կողմ քվեարկել էր 6, իսկ դեմ՝ 3 հոգի։ Օրինակ, նրանցից Արսեն Գասպարյանը ողջունել է նախագիծը եւ այն համարել կարեւոր, ապա առաջարկել է նաեւ կարգավորել կատալիտիկ չեզոքացուցիչների առեւտուրը, քանի որ դրանց բարձր արժեքը եւ առկա պահանջարկը այս խնդրի հիմնական շարժառիթներն են: Ի դեպ, Գասպարյանի առաջարկն ընդունվել է ի գիտություն եւ կատարվել է հետեւյալ փոփոխությունը. «Առանց չեզոքացուցիչի շահագործման արգելքի դեպքում կարող են վաճառվել միայն շարքից դուրս եկած չեզոքացուցիչները: Դրանց բարձր գնի գործոնը հաշվի է առնվել տուգանքի չափի սահմանման ժամանակ»։
Մեկ այլ քաղաքացի՝ Վահան Վարդանյանը, դեմ է արտահայտվել նախագծով առաջարկվող տուգանքի չափին՝ համարելով այն բարձր. «Այդպիսի շուկայական գներ որտեղի՞ց եք վերցրել։ Նախ՝ նշեմ, որ ճապոնական 1,5 շարժիչով մեքենաների կատալիզատորի գինը տատանվում էր 60-70000 դրամի սահմաններում»։ Սակայն Վարդանյանի առաջարկը չի ընդունվել նախարարության կողմից, եւ պատճառաբանվել է հետեւյալ կերպ. «Իրականացվել է կատալիզատորային չեզոքացուցիչների գների առավել լայն ուսումնասիրություն: Առանձին դեպքերում գները գերազանցում են 300 հազար դրամը: Տուգանքի չափը միտված է գործող չեզոքացուցիչի ապամոնտաժման եւ վաճառքի ոչ շահավետ դարձնելու միջոցով ապամոնտաժման կանխարգելմանը, հետեւաբար տուգանքի չափը չի կարող պակաս լինել սպասվելիք դրամական օգուտից»: Դավիթ Հովհաննիսյան անունով քաղաքացին եւս ողջունել է առաջարկը նշելով. «Շատ լավ առաջարկ է։ Կարծում եմ՝ նաեւ արդեն շահագործվող ավտոմեքենաների բնապահպանական վճարի վրա պետք է ազդեցություն ունենա չեզոքացուցչի բացակայությունը»։ Հովհաննիսյանի առաջարկն ընդունվել է ի գիտություն։ Մյուս կողմից՝ ավտոներկրողների խոսքերով՝ Հայաստան մտնող ավտոմեքենաների մեծ մասը կատալիզատոր չունի, գողացված են: Պարզվում է՝ Փոթի նավահանգստում հենց մեքենան բացում են, վրացիները սկսում են մեքենայից մասեր վերցնել։ «Մեքենան հասավ Վրաստան, նորմալ է, ինչ լինում է մեքենայի հետ, այնտեղ է լինում: Նկարներ ունեմ ինձ մոտ, որ Ճապոնիայում գտնվող մեքենան, պարզ երեւում է, ամեն ինչ կարգին է, բայց երբ հասնում եմ Փոթի, որ այն վերցնեմ, պարզում եմ, որ որոշ դետալներ պակասում են»,- «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում պատմեց ավտոներկրող Գագիկ Կարապետյանը: Զրույցի ընթացքում ավտոներկրողը ընդգծեց, որ վրացիները հիմնականում կատալիզատորներն են հանում մեքենայի վրայից ու դրանք վաճառում են, որովհետեւ թանկ են: «Իմ մեքենան պատվիրելու ընթացքում ունեցել է կատալիզատոր, բայց Փոթի նավահանգստից այն վերցրել եմ առանց դրա, հիմա ես ինչո՞ւ պետք է տուգանվեմ որիշի սխալի պատճառով»,- հետաքրքրվեց ներկրողը։ Դե ինչ, մեզ մնում է հուսալ, որ քննարկումների արդյունքում քաղաքացիների կողմից բարձրացված հարցերը պատասխաններ կստանան, եւ հանրությանը կիրազեկվի, թե այս գործընթացը ով է վերահսկելու։
Ճիշտ է, մեր երկրում քաղաքացիները վճարունակ չեն, հետեւաբար թանկարժեք մեքենաների գնորդներ դժվար է գտնել, բայց, մյուս կողմից էլ, հայտնի է, որ Հայաստանը ողողված է հին մեքենաներով, որոնք աղտոտում են օդը՝ տարաբնույթ հիվանդությունների պատճառ դառնալով:
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԳԱՐԵՋՈՒՐ, ԿՈՆՅԱԿ ՔԻՉ Է ԱՐՏԱԴՐՎԵԼ
ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների համաձայն՝ այս տարվա հունվարին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, Հայաստանում գարեջրի արտադրության ծավալները նվազել են 12.5 տոկոսով: 14.7 տոկոսով նվազել են նաեւ կոնյակի արտադրության ծավալները: Նույն պատկերն է նաեւ գինու արտադրության ոլորտում. այստեղ արտադրության ծավալները նվազել են 2.6 տոկոսով: Իսկ, ահա, օղու արտադրության ծավալները հունվարին նվազել են 11.1 տոկոսով: Ըստ էության, տեղական օղու արտադրության ծավալների նվազումը պայմանավորված է սպառողների գնողունակության անկմամբ: Իսկ ինչ վերաբերում է գարեջրի, կոնյակի եւ հանքային ջրերի արտադրության ծավալների անկմանը, ապա այս դեպքում պատճառն այն է, որ այս ընթացքում Հայաստանից դեպի Ռուսաստան քիչ քանակությամբ է ապրանք արտահանվում: Ինչպես հայտնի է, Հայաստանից դեպի Ռուսաստան հիմնականում արտահանվում էր հենց կոնյակ եւ հանքային ջուր:
Նյութերը՝ ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԻ
ՍԽԱԼ ՔԱՐՏԵԶԱԳՐՈՒՄ
Նոյեմբերյանի տարածաշրջանի սահմանամերձ Ոսկեպար գյուղի բնակիչները դժգոհում են, որ իրենց գյուղի կողմից նախկինում օգտագործված, Չալտաշ սարում գտնվող արոտավայրերը եւ խոտհարքները տրվել են Իջեւանի տարածաշրջանի Կիրանց եւ Ներքին Ծաղկավան համայնքներին։ Այդ պատճառով Ոսկեպարի այն բնակիչները, ովքեր զբաղվում են խոշոր եղջերավոր անասուններ պահելով, հայտնվել են դժվար դրության մեջ։ Ոսկեպար գյուղի վարչական ղեկավար Սերոբ Մախսուդյանը հայտնեց, որ Չալտաշ սարի եւ Ջիդիրի դուզ սարամասի խոտհարքները ու արոտավայրերը Ն. Ծաղկավանին եւ Կիրանցին տրվել են 2010թ. Տավուշի մարզպետարանի եւ համայնքների ղեկավարներիհամաձայնությամբ կազմված քարտեզով։ Նույն քարտեզագրմամբ Ոսկեպարին տրվել են հեռագնա սարերի այլ հատվածներում մեծ խոտհարքներ եւ արոտավայրեր։ Ս. Մախսուդյանը հայտնեց, որ 10 տարի առաջ կատարված քարտեզագրումը բազմաթիվ սխալներով է արվել, որի հետեւանքով, օրինակ, սահմանամերձ Կոթի գյուղին սարերում խոտհարքներ եւ արոտավայրեր չեն հատկացվել։ Ս. Մախսուդյանը հայտնեց, որ ինքը դիմել է Տավուշի մարզպետարան, որպեսզի նոր քարտեզագրում արվի, նախորդ քարտեզագրման սխալներն ուղղվեն։
ԱՌԱՋԱՐԿԵԼ Է ՓԱԿԵԼ ԹՈՒՆԵԼԸ
Տավուշի մարզում մինչ այժմ կորոնավիրուսով հիվանդ բացահայտված չէ: Տավուշի մարզի Հաղարծին գյուղից Ռաֆայել Դովլաթբեկյանը ֆեյսբուքի «Ազատ Տավուշ» խմբում տեղադրել է գրառում, որվ առաջարկում է. «Եկե՛ք Դիլիջան-Սեւան թունելի փակմանն ասենք այո, պաշտպանենք Տավուշը»։ Տավուշի մարզի բնակիչ օգտատերերի մեծ մասը կողմ է արտահայտվել այդ գաղափարին, ոմանք առաջարկում են թունելի մոտ պահակակետ դնել, օգտատեր Արսեն Քոչարյանն էլ գրել է. «Ամենաճիշտը դա է, ոչ թե խանութ գնալու համար տուգանեն 100000 դրամով։ Իրականում մարտի 27-ի դրությամբ թունելի մուտքի մոտ ոստիկանության եւ ճանապարհային ոստիկանության համատեղ պահակակետ է տեղադրված, որտեղ Տավուշի մարզից Երեւան եւ հակառակ ուղղությամբ երթեւեկողներին հարցնում են տեղաշարժի նպատակի մասին.
ՍԱՀՄԱՆԱԳՈՏՈՒՄ ԶԻՆԾԱՌԱՅՈՂ Է ՎԻՐԱՎՈՐՎԵԼ
Մարտի 27-ին Նոյեմբերյանի սահմանագոտում ադրբեջանական զինուժի կրակից հրազենային վիրավորում է ստացել պայմանագրային զինծառայող, ով Կոթի գյուղի բնակիչ է: Նա տեղափոխվել է Նոյեմբերյանի բժշկական կենտրոն։
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ