Ինչպես արդեն հայտնել էինք, այսօր փակվեց Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի մուտքն ու ելքը։ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյան հայտարարեց, որ այս պահին քաղաքում վարակակիրների թիվը 39-ն է, սակայն առաջիկայում այդ թիվը կավելանա՝ հաշվի առնելով մասսայական թեստավորումները, որոնք այս օրերին արվում են մարզում։
Նշենք , որ Գեղարքունիքի մարզպետը կորոնավիրուսով վարակվածության առաջին դեպքի մասին հայտարարել էր ապրիլի 17-ին։ Ընդամենը մի քանի օր անց հայտարարվեց արդեն մարզում առկա 10 վարակակիրների մասին։ Արդեն մի քանի օր է՝ քաղաքում կատարվում են թեստավորումներ, փակվում են կենտրոններ․ գնալով մեծանում է վարակակիրների ու մեկուսացվողների շրջանակը։
Արդեն փակվել է Վարդենիսի բժշկական կենտրոնը, քանի որ մոտ 12 աշխատողների թեստերի պատասխանները եղել են դրական , շատ են նաև պոլիկլինիկայի աշխատակազմում մարդիկ, ովքեր վարակված են կորոնավիրուսով․ այս կենտրոնը ևս փակվել է։
Միևնույն ժամանակ այժմ ռիսկային գոտում է Վարդենիսի նյարդահոգեբանական տուն-ինտերնատը, որտեղ աշխատում է կորոնավիրուսով վարակված առաջին կնոջ փեսան։ Եվ չնայած նրա թեստի պատասխանը բացասական է եղել, սակայն աշխատակիցները ևս ռիսկի տակ են և զանգվածորեն թեստավորվում են։ Քաղաքում մեծ թիվ են կազմում ինքնամեկուսացվածները․ նրանք թեստավորում են անցնում, երբ հայտնաբերվում է կորոնավիրուսով վարակված կոնտակտավոր անձ։
Հավելենք, որ քաղաք մուտք ու ելքը փակ կլինի մեկ շաբաթ։