Խոշոր ավտովթար Գագիկ Ծառուկյանի տան դիմաց․ բախվել են վերջինիս պատկանող Maybach-ն ու «06»-ը․ կա վիրավոր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր՝ ապրիլի 28-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևան-Սևան ավտոճանապարհին՝ Ազգային ժողովի պատգամավոր, Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանի տան դիմաց։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախվել են Maybach Տ 500 մակնիշի 08 NԼ 008 համարանիշի և ՎԱԶ 2106 մակնիշի 34 NA 927 համարանիշի ավտոմեքենաները։ Վթարի հետևանքով «06»-ի վարորդը օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն է ստացել, ապա տեղափոխվել Միքայելյանի անվան վիրաբուժության ինստիտուտ։

Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 3-րդ դասակի ծառայողները՝ հրամանատար Վրույր Գաբրիելյանի գլխավորությամբ։ Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Հակոբ Մաշչյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային Ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Խաչիկ Սամվելյանի, ավագ հետաքննիչ Արարատ Թևոսյանի գլխավորությամբ։ Օպերատիվորեն ժամանել են նաև Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության հրշեջ փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։ Ոստիկանությունը պարզում է վարորդների ինքնությունը։ Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ Maybach-ը պատկանում է Գագիկ Ծառուկյանին, սակայն վերջինս ավտոմեքենայում չի եղել։




Լրահոս