Մամուլի ազատության համատեքստում Հայաստանը կտրուկ բարելավվել է դիրքերը՝ 80-րդ տեղից հասնելով 61-ի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը սոցցանցի իր էջում գրառում է կատարել:

«Մամուլի ազատության համատեքստում Հայաստանը 180 երկրների շարքում զբաղեցնում է 61-րդ տեղը: Համեմատության համար նշեմ, որ 2018 թվականին «Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության հրապարակած զեկույցում Հայաստանը 80-րդն էր: Սա Հայաստանում վերջին երկու տարիների ընթացքում ժողովրդավարության ամրապնդման լավագույն ցուցիչն ու արձանագրումն է:

Վերջերս Հայաստանի կառավարության կողմից մամուլի կարևորությունն ընդգծող հերթական քայլը կատարվեց և լրատվական գործունեություն իրականացնողների համար Պետռեգիստրի տվյալները դարձան հասանելի՝ անվճար հիմունքով: Այս բարեփոխումը նախաձեռնեցինք այն համոզումով, որ կամրապնդենք հետաքննող լրագրության և մամուլի ազատության երաշխիքները, կնպաստենք լրատվամիջոցների կողմից հանրությանն առավել ճշգրիտ և համապարփակ տեղեկատվություն տրամադրելուն: Այս նպատակին ուղղված մեր բարեփոխումները շարունակական են լինելու: Միաժամանակ, չենք կարող չնկատել ոլորտում առկա խնդիրները, որոնց մասին բարձրաձայնում են նաև մասնագիտացված միջազգային կազմակերպությունները: Լուրջ անելիքներ ունենք ապատեղեկատվության դեմ պայքարի և մեդիագրագիտության բարձրացման ուղղությամբ:Վստահ եմ, սա ևս համատեղ ուժերով կհաղթահարենք և էլ ավելի կբարելավենք մամուլի ազատության վիճակը:

Զանգվածային լրատվության միջոցների հարգելի՛ գործընկերներ,
Շնորհավորում եմ մամուլի ազատության համաշխարհային օրվա կապակցությամբ և շնորհակալ եմ բարեխիղճ լրագրողներին պրոֆեսիոնալիզմի ու կատարած անգնահատելի աշխատանքի համար»,-նշված է գրառման մեջ:




Լրահոս