Ինչու պատգամավորները մինչև հիմա կորոնավիրուսի թեստ չեն հանձնել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ապրիլի 25-ին Ազգային ժողովի պատգամավորները պետք է կորոնավիրուսի վարակվածության թեստ հանձնեին, սակայն այն հետաձգվեց: ArmLur.am-ի հետ զրույցում  ԱԺ աշխատակազմի ղեկավար Տիգրան Գալստյանը նշել էր, թե բանակցում են, որպեսզի Ռապիդ թեստերի փոխարեն, որի սխալի հավանականությունը մեծ է, PCR թեստավորում անցնեն պատգամավորները։

Սակայն այսօր լրագրողների հետ զրույցում ArmLur.am-ի հարցին ի պատասխան` ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը նշեց, թե տեղյակ էլ չէ, որ պատգամավորները պետք է թեստ հանձնեին, և այն հետաձգվել է:

ArmLur.am-ը կրկին դիմեց ԱԺ աշխատակազմի ղեկավար Տիգրան Գալստյանին՝ հասկանալու համար, թե ինչու մինչև հիմա պատգամավորների թեստավորումը չի արվել: «Բազմիցս ասել եմ և նորից կրկնում եմ` դա աշխատակազմի նախաձեռնությունն է։ Բանակցում ենք PCR տեստերի համար։ Եթե Rapid թեստերը վճարովի են, և կարող ենք կազմակերպել, ապա սրանք վճարովի հնարավոր չէ», – նշեց նա: Հարցին՝ ում հետ եք բանակցում, նա նշեց. «Ով կկարողանա օգնել այդ հարցում»

Հավելենք, որ ԱԺ-ում չկա վարակակիր, կա կոնտակտ, որը ԱԺ-ի աշխատակից է: Այս մասին հայտնել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: «ԱԺ-ի աշխատակիցը մեկուսացվել է: Այդպես արվում է ցանկացած տնտեսվարող սուբյեկտում: Տնտեսվարող սուբյեկտի անունը ոչ մի բան չի փոխում գործողությունների առումով»,-ասել է նա:

Ի դեպ նախարարը նաեւ նշել է` ունեցել ենք նաեւ մահվան դեպք, երբ 69–ամյա քաղաքացին չի ունեցել խրոնիկ հիվանդություն:

Նաիրա Հովհաննիսյան




Լրահոս