Երեկ Պետական վերահսկողական ծառայության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արգիշտի Քյարամյանը վարչապետի հրամանով նշանակվեց Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ, սակայն այսօր կրկին ազատվեց այդ պաշտոնից և նշանակվեց արդեն ԱԱԾ տնօրենի տեղակալ: ArmLur.am-ի տեղեկություններով, հրամանագրերի այս փոփոխություններն ուշագրավ նախապատմություն ունեն: Բանն այն է, որ երեկ, երբ հրապարակվեց նշանակման որոշումը, Քննչական կոմիտեի ներսում քննարկում էին, թե ինչու են Քյարամյանին բերել Քննչական կոմիտե: Բանն այն է, որ Քննչական կոմիտեի նախագահի տեղակալները, ըստ կանոնադրության, ունեն իրենց գործառույթները: Քյարամյանը պետք է լիներ ՔԿ նախագահի 5-ր-դ տեղակալը՝ դեռ չհստակեցված լիազորություններով:
Ընդ որում, ՀՀ Քննչական կոմիտեի նախագահի տեղակալների թիվը մեկով ավելացնելու մասին որոշումը կայացվել էր այս տարվա ապրիլին: Այսինքն՝ Քյարամյանին ԱԱԾ տեղափոխելը վաղուցվա ծրագիր է եղել: Ու քանի որ Վերահսկողական ծառայությունից, ըստ օրենքի հնարավոր չէր նրան նշանակել ԱԱԾ տնօրենի տեղակալ, դրա համար նա նախ նշանակվեց քննչական կոմիտեի նախագահի տեղակալ, որպեսզի տրամպլին դառնա: Նշենք, որ ԱԱԾ տնօրենն այս պահին ունի 4 տեղակալներ. Քյարամյանը, սակայն, 1-ին տեղակալ է նշանակվել: Իսկ ո?վ կարող է նշանակվել այդ պաշտոնին: Ազգային անվտանգության մարմիններում ծառայության մասին ՀՀ օրենքի 19-րդ հոդվածի 2-րդ կետը հստակ սահմանում է. ,,Պետական լիազոր մարմնի ղեկավարի տեղակալ կարող է նշանակվել ազգային անվտանգության մարմինների այն ծառայողը, ով մինչև նշանակումն զբաղեցրել է ազգային անվտանգության մարմինների ծառայողների բարձրագույն խմբի պաշտոն կամ մինչև նշանակումը առնվազն 3 տարի զբաղեցրել է ազգային անվտանգության մարմինների ծառայողների գլխավոր խմբի պաշտոն և ունի գնդապետից ոչ ցածր կոչում:
Ուսումնասիրելով Քյարամյանի կենսագրությունը, նկատեցինք, որ նա 2018 թվականին է ստացել փոխգնդապետի կոչում, նա գնդապետ չէ: ArmLur.am -ը տեղեկացավ, որ Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ նշանակվելու նույն օրը Քյարամյանին տրվել է նաեւ գնդապետի կոչում, որպեսզի ԱԱ մարմիններում ծառայության մասին ՀՀ օրենքը պահպանվի: Հիշեցնենք՝ ճիշտ այսպիսի գործողություններով Սերժ Սարգսյանը իր խորհրդականներ՝ երջանկահիշատակ Գեորգի Կուտոյանին նշանակեց ԱԱԾ տնօրեն՝ որպես տրամպլին օգտագործելով դատախազի տեղակալի պաշտոնը եւ Գեւորգ Մհերյանին՝ ՀՀ փոխոստիկանապետ: Իսկ ո?վ է Արգիշտի Քյարամյանը. նա 2019 թ. մարտի 1-ին նշանակվել էր ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավարի օգնական, ապա 2019թ. ապրիլի 10-ին վարչապետի որոշմամբ՝ նշանակվել էր ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավարի տեղակալ: 2019թ․ ապրիլի 25-ից Քյարամյանը կատարում էր պետական վերահսկողական ծառայության ղեկավարի պարտականությունները, երբ Դավիթ Սանասարյանին մեղադրանք առաջադրվեց ու կասեցվեց նրա գործունեությունը:
Հիշեցնենք՝ ՊՎԾ պետի նոր տեղակալ Արգիշտի Քյարամյանի հայրը՝ Կոտայքի թեմի առաջնորդ Առաքել եպիսկոպոսն է, որի անձնագրային անուն է Էլբեկ Քյարամյան: Բանն այն է, որ ըստ Հայ առաքելական եկեղեցու կանոնների՝ թեմի առաջնորդ կարող է դառնալ կուսակրոն հոգևորականը, բացի այդ ամուսնացյալ հոգևորականները քահանայի նվիրապետական աստիճանից չեն կարող բարձրանալ, իսկ Քյարամյանի հայրը եպիսկոպոս է։ Այսինքն՝ Առաքել եպիսկոպոսը չէր կարող եպիսկոպոս լինել և նշանակվել թեմի առանջնորդ։ Սակայն եւ Արգիշտի Քյարամյանը եւ Առաքել Եպիսկոպոսը հերքել են իրենց հայր ու որդի լինելու լուրերը:
Մանրամասները՝ տեսանյութում