ՖՈՏՈ. Չեմ կարողանում կողմնորոշվել՝ ո՞րն է արդյոք ճիշտը. Լուիզա Ղամբարյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թատերական կյանքում դեռեւս ոչ մի փոփոխություն չի եղել: Տարրաբնույթ խոսակցություններ են ընթանում, գուցեեւ սկսվեն փորձերը, առայժմ առանց հանդիսատեսի, բայց դեռ հստակ որոշում չկա: Թատերային, մշակութային բոլոր օջախները փակ են, ինչը չեմ կարող ասել սերիալների մասին: Այս մասին «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հայտնել է դերասանուհի Լուիզա Ղամբարյանը՝ անդրադառնալով սահմանափակումների չեղարկմանը,  կորոնավիրուս համավարակի տարածմանն ու կանխատեսումներին:

«Արդեն սկսել ենք «Արմատներ» հեռուստասերիալի աշխատանքները, պահպանելով իհարկե հնարավորինս բոլոր ախտահանման եւ կանխարգելիչ միջոցառումները: Անձամբ ես պահպանում եմ բոլոր հորդորները, որ հնչեցվում են տարբեր ատյաններից, եւ մեզանից յուրաքանչյուրը պետք է գիտակցի այս պահին իր անելիքի չափը: Ես միշտ էլ դուրս եմ եկել զբոսնելու, կա՛մ վաղ առավոտյան, կա՛մ ուշ երեկոյան ընտանիքիս անդամների հետ, պահպանելով սոցիալական հեռավորությունը»,-ընդգծեց դերասանուհին:

Մեր զրուցակցի փոխանցմամբ՝ այս օրերին տեղեկատվության հոսքն այնքան արագ է ընթանում, որ կանխատեսումներ անել, պարզապես հնարավոր չէ:

«Չեմ կարողանում կողմնորոշվել՝ ո՞րն է արդյոք ճիշտը, ինչպես պետք է դիմակայել ժամանակի այս մարտահրավերին եւ իսկապես այս կանխատեսումներ տալ չեմ կարող: Միայն ու միայն խնդրում եմ, որ մեզանից յուրաքանչյուրը առաջին հերթին իր սոցիալական պատասխանատվությունը գիտակցի, եւ որքան էլ մարդիկ ուզում են դուրս գալ, վերսկսկել բնականոն կյանքը, միեւնույնն է պետք է յուրաքանչյուրս պահպանի հիգենայի կանոնները, խնայելով մեզանից մեծ սերնդի ներկայացուցիչների կայնքը, գաղտնիք չէ, որ խոցելի են հատկապես ավագներն ու ուղեկցվող հիվանդություն ունեցողները»,-նշեց նա:

Դերասանուհին լիահույս է, որ շուտով դուրս կգանք այս քաոսային իրավիճակից. «Համենայնդեպս կանխատեսումներս այդպիսին են»:

Լիդա Եղիազարյան




Լրահոս