ՖՈՏՈ. Սկսվեց Արարատյան ջրատարի վերանորոգումը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Պարտադիր կապիտալ աշխատանքների ծրագիր – 2020»-ի շրջանակներում օրերս սկսվեց «Վեոլիա Ջուր» ՓԲԸ համակարգի ընթացիկ տարվա կարևոր խնդիրներից մեկի լուծման աշխատանքները: Համաձայն նշված ծրագրի՝ «Արարատյան 1020մմ տրամագծով ջրատարի վթարված հատվածների վերակառուցում» բաղադրիչի, նախատեսվում է Մասիսի տարածաշրջանում գտնվող «Արարատյան 3, 4» պոմպակայանից սկիզբ առնող մայրուղային ջրատարի 4 տարբեր հատվածներում փոխարինել 850 գծամետր ընդհանուր երկարությամբ վթարային վիճակում գտնվող խողովակներ:


Բանն այն է, որ շահագործման տասնյակ տարիների ընթացքում աղակալված ակտիվ գրունտների պատճառով քայքայվել են մայրուղային ջրատարի որոշակի հատվածներ, առաջացնելով շարունակական վթարային իրավիճակներ, վտանգելով համակարգի կայուն շահագործումը և հանգեցնելով վայրկյանում մոտ 120 լիտր ջրի կորստի: Մինչդեռ խնդիրը, որը լուծում է ջրատարը, շատ կարևոր է: Շոգ եղանակներին, երբ ջրի սպառումը հասնում է իր պիկին, տարվա մյուս եղանակներին պահուստային հանդիսացող Արարատյան ջրաղբյուրում վերագործարկվում են խորքային հորերի պոմպերը և ջուր է մատակարարվում Երևանի հարավային շրջանններին ու Մասիսի տարածաշրջանի որոշ բնակավայրերին:

Այստեղ երկու տարի առաջ տեղի ունեցած վթարը ցույց տվեց Արարատյան ջրաղբյուրի ինժեներական կառույցների վերանորոգման ու վերազինման հրատապությունը: Անմիջապես մշակվեցին թե՛ պոմպակայանում և թե՛ ջրատարի վրա առկա խնդիրների լուծման ծրագրերը և սկսվեց դրանց փուլ առ փուլ իրականացումը:


Հիմա հերթը հասել է ջրատարի մասնակի փոխարինմանը: Արվում է ամեն ինչ հնարավոր կարճ ժամկետում խողովակաշարի վերանորոգումն ավարտելու համար, որից հետո կվերանան վթարներն ու հոսակորուստները ու կապահովվի «Արարատյան – Երևան» մայրուղային ջրատարի կայուն շահագործումը:

Հանրային կապերի բաժին

 




Լրահոս