Armlur.am –ին հայտնի դարձավ, որ մայիսի 6-ին Օկսեն Գյուլնազարյանը դիմել է Սնանկության դատարան պահանջելով , որ դատարանը սնանկ ճանաչի Արտաքին գործերի նախկին նախարար, նախկին պատգամավոր Վարդան Օսկանյանի որդուն` Արա Օսկանյանին: Դատելով սնանկության դատարան դիմելու հայցից՝ պարզ է դառնում, որ Արա Օսկանյանը Օկսեն Գյուլնազարյանին պարտք է եղել շուրջ 5 միլիոն դրամ, սակայն ԱԺ նախկին պատգամավորի որդին այդպես էլ չի կարողացել վճարել գումարը, ինչի արդյունքում էլ նրան հարկադիր սնանկացման են տանում: Այս գործը քննելու է Սնանկության դատարանի դատավոր Արթուր Աթաբեկյանը:
Նկատենք, որ Վարդան Օոսկանյանի որդին հանրությանը հայտնի է եղել մի շարք աղմկահարույց գործերով: 2017 փետրվարի 17-ին հայտնի դարձավ, որ ձերբակալվել էին ԱԺ պատգամավոր, «Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանի որդին՝ Արա Օսկանյանը, եւ նրանց ազգական Հրանտ Սիրադարյանը: Նրանց մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 131 հոդվածի առաջին մասով՝ մարդ առեւանգել: Այս դեպքը այդքան մեծ հնչեղություն չէր ունենա, եթե Արա Օսկանյանը ԱԺ պատգամավոր, «Համախմբում» կուսակցության նախագահ Վարդան Օսկանյանի որդին չլիներ: «Ժողովուրդ»-ին հաջողվել էր դեռեւս այն ժամանակ դեպքից որոշ մանրամասներ պարզել:
Եվ այսպես՝ 18-ամյա Նժդեհ Բերբերյանը, որը այս գործում հանդես է գալիս որպես տուժող, Արա Օսկանյանի հորաքրոջ որդու՝ 18-ամյա Հրանտ Սիրադարյանի դասընկերն է: Նրանք բուքմեյքերական գրասենյակում ընդհանուր հաշիվ են ունեցել, խաղադրույքներ են կատարել: Մեզ լուրեր էին հասել, որ Հրանտ Սիրադարյանը Նժդեհին գումար է տվել՝ միգուցե խաղադրույք կատարելու կամ այլ նպատակով, իսկ Նժդեհը գումարը ծախսել է: Արդյունքում, երկու դասընկեր երկար ժամանակ պարտքի մասին խոսակցություններ են ունեցել, սակայն Հրանտին չի հաջողվել գումարը հետ ստանալ եւ արդյունքում՝ նա իր եղբորը՝ Արա Օսկանյանին է գործին խառնել, որպեսզի վերջինս, որպես մեծ, միջամտի «գործը գլուխ բերելու» հարցում:
Այսքանով ամեն ինչ չի ավարտվում, Արա Օսկանյանը 2013 թվականին կրկին հայտնվել էր իրավապահների տեսադաշտում նա թմրամիջոց օգտագործելու համար տուգանվել էր 200 հազար դրամով: Իսկ մինչ այդ՝ դեռեւս 2005 թվականին, Երեւանի Նալբանդյան փողոցի թիվ 1 շենքի դիմաց «Մերսեդես Բենց» մակնիշի 14 ՏԼ 643 համարանիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի էր ենթարկել Մաշտոցի 10 շենքի բնակիչ, 68-ամյա Ալեքսանդր Համբարձումի Գրիգորյանին, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր Երեւանի թիվ 2 հիվանդանոց: Պարզվել էր, որ վարորդը եղել էր Արա Օսկանյանը` ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանի որդին: Ի դեպ, նա եղել էր ԱԳՆ-ին պատկանող մեքենայով:
Մանրամասները՝ տեսանյութում
Քնար Մանուկյան