Կորոնավիրուսով վարակվածը տանն է. համի, հոտի զգացողություն չունենալն արդեն վիրուս ունենալու նախանշան է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի առաջին վարակակիր համարվող բժշկուհի Լիլիթ Գասոյանն արդեն տանն է: Կորոնավիրուսի կրկնակի թեստը բացասական է, սակայն թոքաբորբ ունի, ինչի համար տանը բուժում է ստանում:
ArmLur.am լրատվականը զրուցել է Լիլիթ Գասոյանի հետ պարզելու համար, թե առողջական ինչ վիճակում է գտնվում այժմ ու ինչպես է իրեն զգում կորոնավիրուսից հետո:

-Կիրակի օրն եմ դուրս գրվել կրկնակի բացասական թեստավորմամբ, հիմա տանն եմ, բայց թոքաբորբիս թեստավորումը եկավ, որ այն դեղորայքը, ինչը որ օգտագործել եմ, կայուն է եղել, դրա համար չի բուժվել: Հիմա տանն եմ բուժումը ընդունում, բայց կորոնավիրուս այլեւս չունեմ: Իրենք կորոնավիրուսն են բուժում:

-Իսկ ինչպե՞ս եք այժմ Ձեզ զգում, Ձեր ինքնազգացողությունը լա՞վ է:

-Այս պահին, 37.1 ջերմություն ունեմ, ներերակային կաթիլներ եմ ստանում, ես ինքս եմ ինձ բուժում: Ինքնամեկուսացման մեջ եմ: Իմ կորոնավիրուսը բուժված է համարվում, ես հիմա միայն թոքաբորբի համար եմ բուժվում, գտնվում եմ 14-օրյա բուլետենի մեջ, դրանից հետո ռենտգեն հետազոտություն կանցնեմ, որից հետո արդեն կորոշվի անցնել աշխատանքի, թե չէ:

-Կորոնավիրուսի բուժման ժամանակ ի՞նչ նախանշաներ եք ունեցել, որովհետեւ, կարելի է ասել, վարակվածներից շատերը, որեւէ նախանշաներ չեն ունենում, ինչի համար էլ հայտարարում են, որ վարակված չեն:

-Ինքնազգացողությունը կարող է տարբեր լինել, կարող է թեստը դրական լինել, բայց կլինիկական ախտանիշներ չլինեն: Եթե նշաններ չեն լինում, ուղղակի 14 օր հսկում են, որից հետո թոստավորում են: Եթե ջերմություն կա, ջերմիջեցնողներ են տալիս, հիմնականում պարացետամոլ: Շատ լուրջ մոտեցում են ցուցաբերում բժիշկները, շատ լավ է կազմակերպված թե′ բուժումը, թե′ վերահսկողությունը Հայաստանում: Իսկապես, թե′ առողջապահության նախարարությունը, թե′ կառավարությունը մեծ գործ են արել այս ընթացքում: Հիմնականը գիտեք ինչն է՝ համի, հոտի զգացողությունն է, ովքեր հիվանդ են եղել, ես հետաքրքրվել եմ, հիմնականում համի, հոտի զգացողության խանգարում են ունեցել: Չեն զգում համ-հոտ, հետո վերականգնվում է, ջերմություն ոչ բոլորն են ունենում: Ես նույնպես դա ունեցել եմ:

-14 օր հետո, եթե թոքաբորբ չունենաք, Դուք արդեն Վարդենիսի պոլիկլինիկայում սկսելո՞ւ եք Ձեր աշխատանքը, քանի որ արդեն պոլիկլինիկան աշխատում է:

-Իհարկե աշխատելու եմ, բնականոն հունով ամեն ինչ արդեն ընթանում է, ուղղակի կոչ եմ անում մարդկանց, որպեսզի չթաքցնեն իրենց ջերմությունը, վերը նշված զգացողությունները, քանի որ կարող է ամեն ինչ ավելի խորանալ: Պետք է պահել բոլոր կանոնները, որպեսզի չվարակվեն:

Զրուցեց՝ ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ




Լրահոս