ՆԱԽԱԳԻԾԸ ՊԵՏԲՅՈՒՋԵ ԿԱՊԱՀՈՎԻ 450 ՄԼՆ ԴՐԱՄԻ ՄՈՒՏՔ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանում առաջիկայում կսահմանվի պետական սեփականություն հանդիսացող հատուկ մշակված համակարգի բջջային հավելվածի տեխնիկական բնութագիրը եւ դրանից օգտվելու կարգը: Խոսքը բջջային հավելվածով երթեւեկության կանոնների խախտման վերաբերյալ հաղորդում տալու նախագծի մասին է:

Ներկայումս տեխնիկական սարքերի միջոցով ճանապարհային երթեւեկության կանոնների պահանջները չպահպանելու համար վարչական իրավախախտումներն արձանագրվում են միայն Երեւանում:

Խնդիրը մտահոգիչ է Հայաստանի մյուս բնակավայրերում, քանի որ ճանապարհապարեկային ծառայության կարգախմբերը բավարար չեն, որպեսզի այդ բնակավայրերում միջպետական, հանրապետական ու մարզային ճանապարհներին ապահովվի հսկողություն: Ներկայումս տեխնիկական սարքերի միջոցով ճանապարհային երթեւեկության կանոնների պահանջները չպահպանելու համար վարչական իրավախախտումներն արձանագրվում են միայն մեկ ընկերության կողմից: Սակայն ՀՀ ոստիկանությունն առաջարկում է ազատականացնել խախտումների արձանագրման շուկան՝ թույլ տալով մասնակցել այլ կազմակերպությունների եւս:

Ըստ նախնական գնահատման՝ եթե քաղաքացիների կողմից ուղարկված պիտանի նյութերի քանակը կազմի Ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայություն իրականացնող ծառայողների եւ տեսանկարահանող սարքերի կողմից 2017-2019 թվականներին հայտնաբերված խախտումների միջինացված քանակի 10 տոկոսը, ապա կկազմվի շուրջ 60 հազար որոշում, ինչի արդյունքում բյուջեի մուտքը կլինի 450 մլն դրամ: Բացի այս, նշենք, որ բջջային հավելվածով երթեւեկության կանոնների խախտման վերաբերյալ հաղորդում տալու նախագիծը կառաջացնի նաեւ ծախսեր: Օրինակ, անհրաժեշտ է սերվեր իր պահոցով, որի մոտավոր արժեքը կազմում է մոտ 40 մլն դրամ:

Իսկ տեղեկատվական համակարգի մշակման, ներդրման, շահագործման, ընթացիկ պահպանման եւ սպասարկման ծախսերի վճարումներն ամսական հաշվարկով կկազմեն շուրջ 135 մլն դրամ:

Ըստ ՀՀ ոստիկանության՝ նախագծի իրագործումը նախատեսվում է իրականացնել պետություն-մասնավոր գործընկերություն համատեքստում, ինչի արդյունքում կներգրավվեն նոր ներդրողներ, որոնք կապահովեն նշված ոլորտում ծառայությունների մատուցման շուկայի ազատականացումը՝ կազմակերպելով մասնավոր ընկերությունների ընտրման նախաորակավորման եւ ծառայությունների գնման մրցույթային այնպիսի ընթացակարգ, որով կբացառվեն նշված ոլորտում մոնոպոլիաների առաջացումը:

Կմշակվի ժամանակակից բջջային ծրագրային հավելված, ինչի միջոցով ցանկացած քաղաքացի կկարողանա գրանցվել եւ խախտումների արձանագրման կենտրոն ուղարկել իր կողմից այդ հավելվածով արձանագրված իրավախախտումների վերաբերյալ տեսանյութերը, ստանալ դրանցով ընդունված որոշումների վերաբերյալ ծանուցումներ: Իսկ, ահա, խախտումների արձանագրման կենտրոնում տեսանյութերը կուսումնասիրվեն, կմշակվեն, կկազմվեն տուգանք նշանակելու վերաբերյալ որոշման նախագծերն ու կտրամադրվեն լիազոր մարմնին:

«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ համակարգը շահագործման հանձնելուց 54 ամիս հետո ներդրողը ՀՀ ոստիկանությանը սեփականության իրավունքով պետք է փոխանցի համակարգի ծրագրային ապահովումները, կիրառված լուծումները եւ դրանց ծրագրային կոդերը:

ՀՀ ոստիկանությունը հույս ունի, որ այս որոշման նախագծի ընդունմամբ կբարձրանա ճանապարհային երթեւեկության անվտանգության մակարդակը, քանի որ վարորդը կխուսափի իրավախախտումներ կատարելուց ոչ միայն այն վայրերում, որոնք վերահսկվում են ստատիկ տեղադրված տեխնիկական միջոցներով, այլ նաեւ չվերահսկվող ճանապարհներին՝ ելնելով իր արարքը բջջային հավելվածով արձանագրվելու կանխավարկածից:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

 

 

ԲԱՐՁՐ ԴՈԶԱՅՈՎ ԱՆՏԻԲԻՈՏԻԿ

Ինչպես արդեն հայտնել էինք, Շիրակի մարզում՝ «Մարալիկ»-ի բժշկական կենտոնում, կորոնավիրուսային հիվանդությամբ վարակվել էր 9 բուժաշխատող, այդ թվում նաեւ բժշկական կենտրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Անուշ Հովսեփյանը, որը ArmLur.am-ի հետ զրույցում հայտնել էր՝ մի քանի օր առաջ արդեն դուրս է գրվել Գյումրու ինֆեկցիոն բժշկական կենտրոնից:

 

-Տիկի՛ն Հովսեփյան, հիվանդանոցից դուրս գրվելուց հետո ինչպե՞ս եք Ձեզ զգում:

-Շատ լավ եմ ինձ զգում, սակայն 14 օր նույնպես պետք է ինքնամեկուսացած մնամ հնարավոր ռիսկերից խուսափելու համար: 14 օր հետո կրկին կթեստավորվեմ. եթե բացասական եղավ պատասխանը, ուրեմն վերջնականապես ապաքինվել եմ:

-Ձեր բուժանձնակազմից միայն Դո՞ւք եք դուրս գրվել:

-Այո՛, քանի որ կրկնակի թեստավորվելուց հետո միայն իմ պատասխանն է եղել բացասական, մնացածինը մեկը լինում էր դրական, մեկը՝ բացասական, այդ իսկ պաճառով միայն ես դուրս գրվեցի:

-Ի՞նչ բուժում էիք ստանում, որպես բժիշկ՝ Ձեզ բավարարո՞ւմ էր:

-Ինչ գիտեին, անհրաժեշտ էր, անում էին, թոքաբորբը, բրոնխիտը, վիրուսի բարդությունները, ամեն ինչ նորմալ էր արվում, որի արդյունքում ես ապաքինվել եմ:

-Տիկի՛ն Հովսեփյան, օրվա ընթացքում քանի՞ անգամ էիք բուժում ստանում, ի՞նչ դեղորայք էիք ընդունում:

-Ստանում էի կաթիլայիններ, անտիբիոտիկ եւ «վիտրում» վիտամին: Այսինքն՝ ես ստացել եմ բարձր դոզայով անտիբիոտիկ:

-Նախորդ մեր զրույցների ընթացքում ասել էիք, որ Ձեր բուժանձնակազմից երկու հոգի, որոնք ունեին երկկողմանի թոքաբորբ, տեղափոխվել էին Երեւան: Տեղյա՞կ եք արդյոք՝ ինչպես է նրանց առողջական վիճակը:

-Այո՛, նրանցից մեկի վիճակը լավ է, իսկ մյուսի վիճակը դեռեւս շարունակում է միջին ծանրության մնալ:

Զրուցեց ԼԻԴԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ

 

 

 

ԾՐԱԳԻՐՆ ՈՒ ՍՊԱՍՎՈՂ ԱՐՏԱԳԱՂԹԸ

Տավուշի մարզի շատ բնակիչներ անհամբեր սպասում են, որպեսզի բացվի Ռուսաստանի հետ ցամաքային, օդային հաղորդակցությունը, որպեսզի մեկնեն Ռուսաստանի Դաշնություն: Շատերը պատրաստվում են մեկնել ընտանիքներով: Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը, մարզային «Տավուշ» հեռուստաընկերության եթերում խոսելով արտերկրից հայերի «Վերադարձ» ծրագրի մասին, ասել է, թե այն բավարար տեմպերով է  ընթանում, իրենք  պատրաստ են աջակցել արտերկրից մեր հայրենակիցների՝ Հայաստան տեղափոխմանը, Տավուշում նրանց համար պայմաններ ստեղծել եւ այլն: 2019 թվականի մայիսին՝ մամուլի ասուլիսի ժամանակ, մարզպետ Հայկ Չոբանյանը խոսեց առաջիկա 5 տարում արտերկրից ավելի քան 5 հազար ընտանիք Տավուշ վերադարձնելու ծրագրի մասին:

 

 

 

 

40 ՎԱՅՐԿՅԱՆՈՒՄ

Մայիսի լույս 4-ի գիշերը Նոյեմբերյանի  տարածաշրջանի Կողբ գյուղի «Դոմինո»  խանութից  գողացել են դրամական փոխանցումների տերմինալ: Գողերը արագ հրել-բացել են խանութի  արտաքին դուռը, տերմինալը հանել, դրել ավտոմեքենայի մեջ եւ հեռացել: Այդ ամենը տեւել է ընդամենը 40 վայրկյան: Ոստիկանությունը միջոցներ է ձեռնարկում հանցագործությունը բացահայտելու ուղղությամբ:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

Տավուշ

 

 

 

90 ՀԻՎԱՆԴ՝ ՇԻՐԱԿՈՒՄ

Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում մայիսի 4-ի դրությամբ կորոնավիրուսով 90 հիվանդ է բուժվում, նրանցից 84-ը՝ Շիրակի մարզի բնակիչ է: «Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում մայիսի 4-ի դրությամբ կորոնավիրուսով 90 հիվանդ է բուժվում, նրանցից 84-ը Շիրակի մարզի բնակիչ է: Քանի որ սահմանափակումների մեղմացմանը զուգընթաց սպասվում է կորոնավիրուսով հիվանդության դեպքերի թվի աճ, դրական արդյունքով, բայց հիվանդության անախտանիշ ընթացքով պացիենտները կտեղափոխվեն այդ նպատակով Ծաղկաձորում առանձնացված հյուրանոցներ: Նշենք, որ Երեւան տեղափոխված հիվանդների թիվը 19-ն է, ընդհանուր առմամբ առողջացել եւ հիվանդանոցից դուրս է գրվել 21 պացիենտ: Շիրակի մարզում այս պահին մեկուսացման եւ ինքնամեկուսացման ցուցում ունի 338 քաղաքացի»,- նշված է Գյումրու մարզպետարանի կայքէջում:

 

 




Լրահոս