«Ժողովուրդ» օրաթերթը զրուցել է Գերմանիայում բնակություն հաստատած լրագրող, մոդել Անի Քոչարի հետ հայրենիք վերադառնալու, ծանր հիվանդությունը հաղթահարելու եւ այլ հարցերի շուրջ.
-Անի՛, երկար տարիներ Գերմանիայում բնակվելուց հետո որոշեցիք իրերը հավաքել եւ վերադառնալ Հայաստան. ինչ՞ու, ի՞նչը Ձեզ ստիպեց կրկին վերադառնալ հայրենիք.
-Ես երբեք էլ հայրենիքը չեմ լքել եւ երբեք չեմ ասել, թե ընդմիշտ հեռանում եմ, հանգամանքների բերումով այնպես ստացվեց, որ ես մեկնեցի Գերմանիա եւ այնտեղ հաստատվեցի վերջին վեց տարին, բայց ես միայն ֆիզիկապես եմ Հայաստանից բացակայել, հոգով եւ սրտով մշտապես այստեղ եմ եղել. ես ապրում եմ Հայաստանով եւ Երեւանից հեռու ես ինձ ամենուր հյուրի կարգավիճակում եմ զգում, միայն հայրենիքում է, որ ես տանն եմ:
-Անի՛, վերադառնալուց հետո ինչո՞վ եք պատրաստվում զբաղվել:
-Ես մշտապես մեդիա դաշտում եմ իմ գործունեությունը ծավալել, բնականաբար կշարունակեմ իմ նույն բնագավառում, ինչպես նաեւ ակտիվ հասարակական քաղաքացիական կեցվածքը եւ գործունեությունը, որը միշտ եմ ծավալել: Այն կրթությունը, որը ստացել եմ Գերմանիայում, կփորձեմ հնարավորինս կիրառել իմ հայրենիքում :
-Ճակատագրի բերումով Ձեզ բաժին հասավ ծանր հիվանդություն.. Ինչպե՞ս հաղթահարեցիք այն:
-Ծանր հիվանդություններից որեւէ մեկն ապահովագրված չէ, ինչպես միշտ, այն վրա է հասնում շատ պատահական, հանկարծակիի բերում: Երկու տարի առաջ, երբ ես արդեն պատրաստվում էի մշտապես տեղափոխվել հայրենիք, օրեր անց արդեն հիվանդանոցում էի շատ ծանր ախտորոշմամբ: Ուղիղ 2 տարի առաջ՝ մայիս ամսին, իմ կյանքը բաժանվեց 2 մասի` մինչ հիվանդությունը եւ հիվանդությունից հետո: Ես իմ անցած դժվարին ուղին հաղթահարելու մասին մի մոտիվացիոն գիրք եմ գրել, որը կօգնի շատերին հաղթահարելու կյանքի հարվածներն ու փորձությունները եւ երբեք չչարանալու եւ չկոտրվելու:
-Մի փոքր կպատմե՞ք գրքի մասին:
-Շուտով լույս կտեսնի իմ առաջին գիրքը: Այն վաղուց արդեն պատրաստ է, միայն թե թագավարակի պատճառով հետաձգվեց տպագրությունն ու շնորհանդեսը: Այս գիրքը քաղցկեղի մասին չէ, այլ կյանքը շատ սիրելու, մեծ հավատով պայքարելու եւ երբեք չհանձնվելու մասին է: Չհանձնվել անգամ այն պահին, երբ թվում է, թե ամեն ինչ ավարտված է, երբ չգիտես՝ եւս մեկ լուսաբաց կդիմավորես, թե ոչ: -Ես գնացի այն աշխարհ եւ հետ եկա, ես այժմ մի մարդ եմ, ով տեսել է Աստծո լույսը եւ կարող է վստահորեն ասել, որ Աստծո կենդանի վկայությունն է: Ինձ եւս մեկ հնարավորություն տրվեց ապրելու, գործելու, արարելու եւ օրինակ ծառայելու, որ հավատի զորությամբ անհնարին ոչինչ չկա, եւ որ կյանք կա նաեւ քաղցկեղից հետո: Ասել, որ գրեթե 2 տարի տեւած բուժումները (հիվանդանոցում մոտ 5 ամիս, քիմիաթերապիաներ, արհեստական սնուցում, դեղահաբեր, վերականգնողական բուժումներ) ծանր էին եւ հյուծող, կնշանակի ոչինչ չասել: Բայց այսօր ես առավել իմաստնացած եւ ամրացած, հավատով, հոգու ուրախությամբ լցված շարունակում եմ առաջ շարժվել: Պատրաստվում եմ նոր նախագծերով հանդես գալ, ընտանիք կազմել, Տիրոջ կամքով բալիկներ ունենալ, այնպես որ, կյանքը շարունակվում է:
-Անի՛, մինչ Գերմանիա մեկնելը այստեղ Երեւանի ավագանու անդամի թեկնածու էիք, եւ գիտենք, որ այնտեղ եւս հասարակական գործունեություն եք ծավալել: Ի՞նչ տարբերություններ կառանձնացնեք Հայաստանի եւ Գերմանիայի հասարակական մոտեցումների մեջ:
-Հայաստանը դեռ բավականին ճանապարհ ունի անցնելու եւ շատ քայլեր ունի կատարելու՝ հասնելու համար այն օրինապահ, կարգապահ եւ կայացած ու հզոր երկրին, ինչպիսին Գերմանիան է: Գերմանիայում ամեն մի քաղաքացի ունի այն գիտակցումը, որ ինքը պետք է լինի օրինապահ, հանդուրժող եւ հարգի դիմացինին, հակառակ դեպքում կունենա խնդիրներ. ամեն ոք գիտի, որ պետությունը հենց ինքն է, ամեն մեկը մի մասնիկն է այդ երկրի եւ փորձում է նպաստել պետությանը ճիշտ այնպես, ինչպես պետությունն է նպաստում բոլոր խոցելի խմբերին եւ առհասարակ իր քաղաքացիներին: Ատելությունն ու թշնամանքն ինքնին կործանարար է: Ատելությամբ եւ ագրեսիայով երկիրը չի ծաղկի եւ չի լինի ժողովրդավար:
-Ի՞նչը կցանկանայիք փոխել մեր երկրում:
-Մեր երկրում, ավա՜ղ, փոխելու շատ բան կա, բայց ամեն բան այդքան էլ վատ չէ, որքան թվում է: Շատ մեծ ցանկության եւ ջանքերի դեպքում հնարավոր է ընդամենը 5-10 տարում բավականին մեծ հաջողություններ գրանցել: Համաշխարհային պատերազմից հետո ավերված Գերմանիան ընդամենը 10 տարում կառուցել է այն հզոր պետությունը, ինչ այսօր է. այնպես որ, դա անհնարին կամ ֆանտաստիկ թվացող ինչ-որ բան չէ: Եթե իշխանությունները ապաշնորհ չլինեն, եւ ժողովուրդն էլ օրինապահ լինի, նպաստի հայրենիքի շենացմանը, ապա ամեն բան իր տեղը կընկնի:
-Անի՛, Ազգային ժողովում շրջանառության մեջ է դրվել մի նախաձեռնություն, ըստ որի՝ հեռուստատեսության եւ ռադիոյի ոլորտում նախատեսվում է իրականացնել լրջագույն փոփոխություններ: Որպես լրագրող՝ ի՞նչ բարեփոխումներ կցանկանայիք իրականացել մեր հեռուստատեսային աշխատանքն է՛լ ավելի արդյունավետ դարձնելու համար:
-Մինչ մեդիաոլորտին հասնելը մեր երկրում այնպիսի կարեւորագույն ոլորտներ կան, որոնք արմատական բարեփոխումների կարիք ունեն՝ բժշկական ոլորտը, դատաիրավական ոլորտը, ոստիկանական համակարգը, դատախազությունը, բնապահպանական համակարգը… ԶԼՄ -երի հարցը, ըստ իս, բոլորովին այլ կերպ պետք է կարգավորել, քանի որ իշխանությունների կողմից ցանկացած միջամտություն կարող է դիտարկվել որպես անհարկի միջամտություն՝ ե՛ւ խոսքի ազատության վերահսկում, ե՛ւ սահմանափակում:
-Եվ վերջին հարցը՝ այսօր համաշխարհային պանդեմիան մարդկության համար նոր փորձություն է. ինքնամեկուսացումը հնարավորություն է ընձեռում եւս մեկ անգամ անդրադառնալու մեր ապրած կյանքին՝ հասկանալու, գնահատելու, մտածելու համար, թե ինչպես կարելի էր այսչափ անտարբեր լինել բնության, երկիր մոլորակի նկատմամբ: Այս երկու ամիսների ընթացքում ի՞նչ եք հասցրել հասկանալ, ինքներդ Ձեր մեջ քննության ենթարկել:
– Իրականում, այո, այս ողջ նստակյաց «խառնաշփոթը» պետք է որ դասեր տար, ժամանակ տար մտածելու, վերագնահատելու կամ վերանայելու, բայց, ավա՜ղ, շատ քիչ թվով մարդկանց գիտակցության մեջ է, որ այն որեւէ բան կփոխի, շատ քչերն են, որ իրենց քթից այն կողմ որեւէ բան են տեսնում կամ ցանկանում տեսնել: Ես խոնարհվում եմ բոլոր նրանց առջեւ, որ ուժ են գտնում իրենցից բացի նաեւ այլոց խնդիրները նկատել, իրենց շրջապատի եւ մոլորակի համար անհանգստանալ, մտածել, թե ինչ ենք թողնելու գալիք սերունդներին:
Զրուցեց ԼԻԴԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ
ԱՐԱՄ MP3-Ն՝ «ԼԱՎ ՕՐԵՐԸ ՀԵՏ ԿԳԱՆ» ՏԵՍԱՀՈԼՈՎԱԿԻ ՄԱՍԻՆ
KarenSevak Production-ը հանդես է գալիս նոր նախագծով: Երաժիշտները մեկ տեսահոլովակի շուրջ են համախմբել հայ հայտնիներից շատերին եւ ներկայացնելու են «Լավ օրերը հետ կգան» երգի տեսահոլովակը, որի ռեժիսորն Արամայիս Հայրապետյանն է:Երգի երաժշտությունը հեղինակել են Կարենն ու Սեւակը, բառերը գրել է Ավետ Բարսեղյանը:
Երգը կատարում են Արամեն, Արամ MP3-ն, «Ռեինկարնացիա»-ից Ռոլանդը, Գարիկ Պապոյանը, Սոնա Ռուբենյանը, Նունե Եսայանը, Էրիկ Կարապետյանը, Սարո Թովմասյանը, Հռիփսիմե Հակոբյանը եւ «Մի Փրոջեքթ»-ը:
«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում երգիչ Արամ MP3-ն հայտնեց, որ տեսահոլովակում նկարահանվելու առաջարկը ստացել է երաժիշտ Կարենից. «Ինձ դուր եկավ երգի, տեսահոլովակի գաղափարը. միտքն այն է, որ այս ամեն ինչը մի օր կավարտվի, եւ մենք կվերադառնանք մեր նախկին ապրելակերպին: «Լավ օրերը հետ կգան» ընդհանուր մեսսիջը սա է»: Անդրադառնալով թագավարակի տարածմանը եւ մեր կառավարության ձեռնարկած կանխարգելիչ միջոցառումներին՝ Արամ MP3-ն ընդգծեց. «Ես կարծում եմ, որ հիմա պետք էր ավելի խստացվեր սահմանափակումները, բայց քանի որ թույլատրվեց բացել բացօթյա սրճարանները, ռեստորանները, ապա այս դեպքում պատասխանատվությունն ընկնում է մարդկանց գիտակցության վրա:
Լ. ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
«ԱՐՍԵՆԱԼ»-Ը ՀԱՄԱՁԱՅՆԵԼ Է
Լոնդոնի «Արսենալ»-ը համաձայնել է իջեցնել Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի տրանսֆերային արժեքը: «Արսենալ»-ն այժմ 31-ամյա կիսապաշտպանի տրանսֆերային իրավունքի դիմաց «Ռոմա»-ից պահանջում է 10 միլիոն բրիտանական ֆունտ, ինչը 8 միլիոնով պակաս է ավելի վաղ պահանջված գումարից: Սպասվում է, որ «Ռոմա»-ն ու «Արսենալ»-ն առաջիկա շաբաթների ընթացքում վերջնական համաձայնության կգան հայ ֆուտբոլիստի տեղափոխության հարցում:«Ռոմայի» գլխավոր մարզիչ Պաուլու Ֆոնսեկան մտադիր է 4-2-3-1 մարտավարությունից անցում կատարել 3-5-2 մարտավարությանը՝ Մխիթարյանին օգտագործելով որպես երկրորդ հարձակվող Էդին Ջեկոյի կողքին: Հենրիխ Մխիթարյանի ծառայություններով հետաքրքրված է Ռուսաստանի առաջնությունը ներկայացնող «Զենիթը»: