Այսօր՝ մայիսի 7-ին, ՀՀ ԱՆ Վանաձոր քրեակատարողական հիմնարկում տեղի ունեցավ խորհրդակցություն՝ նույն հիմնարկի հերթապահ խմբի ղեկավար կազմի և ՀՀ ԱՆ Քրեակատարողական բժշկության կենտրոն ՊՈԱԿ-ի Վանաձորի բժշկական ստորաբաժանման ողջ աշխատակիցների մասնակցությամբ, որը վարում էր հիմնարկի պետ, արդարադատության գնդապետ Լ. Գրիգորյանը։
Խորհրդակցության օրակարգում էր մի քանի օր առաջ ՔԿ հիմնարկ այցելած ՊՈԱԿ-ի ղեկավար կազմի՝ Կ. Մանուկյանի և Ա. Հակոբյանի հետ հիմնարկի ղեկավարների միջև տեղի ունեցած գործնական հանդիպման ժամանակ բարձրացված խնդիրների լուծման ուղղությամբ մեթոդական և պարզաբանական հարցերի քննարկումը։
Բացման խոսքով հանդես եկավ հիմնարկի պետ Լաերտ Գրիգորյանը, ով կարևորեց ճիշտ և արդյունավետ փոխհամագործակցությունը ՊՈԱԿ-ի և հերթապահ խմբի միջև։ Հատուկ կարևորվեց COVID 19 համաճարակի կանխարգելմանն ուղղված միջոցառումների պատշաճ մակարդակի ապահովման գործընթացը ( հորդորվեց բոլոր աշխատակիցներին պահպանել ՀՀ կառավարության և Պարետի համապատասխան որոշումների կատարումը)։
Քննարկվեցին նաև փոխհամագործակցության լոկալ այլ հարցեր, հիմնարկի ղեկավար կազմի կողմից տրվեցին համապատասխան հանձնարարականներ։ Երկկողմ բարձրացված հարցերին տրվեցին սպառիչ պատասխաններ։