«Վեոլիա Ջուր» ընկերության պարզաբանումը ջրահեռացման աշխատանքների հետ կապված

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Վեոլիա Ջուր» ՓԲԸ Հանրային կապերի բաժնից հայտնում են, որ «Վեոլիա Ջուր» ՓԲԸ հիմնական գործառույթներից է վարձակալության պայմանագրով իրեն հանձնված բնակավայրերի անձրևաջրերի հեռացման համակարգերի շահագործումը:

Գործող կարգի համաձայն՝ համակարգը տարին 2 անգամ (գարնանը և աշնանը) մաքրվում է կուտակվող աղբից, իսկ անձրևաջրերի կուտակումների տեսակետից առավել խոցելի վայրերը մաքրվում են ըստ անհրաժեշտության: Բացի այդ, անհրաժեշտության դեպքում նաև տեղադրվում են բացակայող ճաղավանդակները, դիտահորերը, իսկ վնասվածները՝ փոխարինվում նորերով: «Վեոլիա»–ի կողմից տարվող հետևողական աշխատանքների շնորհիվ անձրևատարները գտնվում են աշխատանքային վիճակում։

Միաժամանակ պետք է նշել, որ Հայաստանի պետական գույք հանդիսացող համակարգի ոչ բոլոր տարածքներն ունեն անձրևատար համակարգ, ինչպես օրինակ Քանաքեռն ու Նորք-Մարաշը, իսկ եղածներից շատերի թողունակությունը թույլ չի տալիս ապահովել անձրևաջրերի սահուն հեռացումը: Սա պայմանավորված է այն հանգամանքով, որ քաղաքների՝ առանձնապես Երևանի բուռն զարգացումն անցած տասնամյակների ընթացքում բոլոր վայրերում չէ որ ուղեկցվել է անձրևատար ցանցի համապատասխան ընդլայնմամբ: Շատ տեղերում ավելացել է ասֆալտապատ տարածքների մակերեսը՝ իր հետ բերելով գոյացող անձրևաջրերի քանակի ավելացում, մինչդեռ անձրևատարների թողունակությունը մնացել է նույնը: Կառուցապատված շատ նոր թաղամասերում ներբակային ցանց գոյություն չունի կամ էլ կիսակառույց է: Արդյունքում, հորդ անձրևների ժամանակ երբեմն անձրևատարներն ուղղակի ի վիճակի չեն լինում հեռացնել հոսող ջրերը:

Այնուամենայնիվ, արտակարգ իրավիճակներից խուսափելու համար «Վեոլիա» ընկերության մասնագետները, ելնելով եղանակային կանխատեսումներից, հերթապահում են ջրի հնարավոր կուտակման վայրերում ու անում հնարավորը ճաղավանդակները կուտակվող աղբից մաքրելու, խցանվող անձրևատարները բացելու և անձրևաջրերի սահուն հեռացումը ապահովելու համար: Սակայն քաղաքի զարգացմանը զուգահեռ անհրաժեշտ է զարգացնել նաև անձրևաջրերի հեռացման համակարգը, որը հիմնականում կատարվում է պետական ներդրումային ծրագրերի միջոցով:
Տեղեկացնենք նաև, որ անձրևատարների հետ կապված խնդիրների լուծման նպատակով «Վեոլիա Ջուր»–ը մշտապես համագործակցում է տեղական կառավարման մարմինների, այդ թվում Երևանի քաղաքապետարանի հետ, ինչի շնորհիվ վերջին տարիներին իրավիճակը զգալիորեն բարելավվել է: Ջրի կուտակման խնդիրները լուծվել են Բաբաջանյան և Լեոյի փողոցներում, Իսակովի պողոտայում, Երևանի Մաշտոցի պողոտայի՝ Փակ շուկայի հարակից տարածքում, ստորգետնյա տրանսպորտային թունելներում, նվազել են Լենինգրադյան ու այլ փողոցներում:

 




Լրահոս