«Հրապարակ» թերթը գրում է. «Ապրիլյան դեպքերն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովը մայիսի 11-ին, ժամը 13:00-ին կհյուրընկալի նախկին վարչապետ Կարեն Կարապետյանին, ով ընդունել է հանձնաժողովի հրավերը եւ հաստատել մասնակցությունը։
Կարապետյանից հետո քննարկվում է նաեւ Արցախի նախագահ Բակո Սահակյանին հրավիրելու հարցը։ Պարոն Սահակյանը ստացե՞լ է հրավեր, ստանալու դեպքում մասնակցելո՞ւ է նիստին՝ երեկ հարցրինք նախագահի խոսնակ Դավիթ Բաբայանին։ Նա ասաց, որ հրավերի մասին ինքը տեղեկություն չունի․ «Բայց գործող նախագահը հայտարարել է մեկ առիթով, որ չի հրաժարվի, եթե իրեն կանչեն»։ Նշենք նաեւ, որ այսօր՝ մայիսի 8-ին, նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը, ինչպես նաեւ Խոսրով Հարությունյանը, Վազգեն Մանուկյանը եւ Արցախի նախկին վարչապետ Անուշավան Դանիելյանը կմասնակցեն երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստին եւ կներկայացնեն իրենց միջնորդությունը՝ նրա խափանման միջոցը փոխելու վերաբերյալ։
Հիշեցնենք, որ դեռեւս փետրվարի վերջին նախկին վարչապետները միջնորդություն էին ներկայացրել եւ պատրաստակամություն հայտնել անձամբ ներկայանալու դատարան, սակայն դատավոր Աննա Դանիբեկյանը վիրահատվեց, եւ դատաքննությունը ձգձգվեց»։
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: