Քաղաքապետարանում «լավագույն» ավանդույթները շարունակվում են. նվերներ՝ թույլտվության դիմաց

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նախօրեին հայտնի դարձավ, որ Երևանի քաղաքապետարանի եւ «Կապիտալ Բիլդ» ՍՊԸ միջև 01.04.2020թ-ին կնքված նվիրաբերության պայմանագրով՝ Երևանի քաղաքապետարանը ի աջակցություն Երևան քաղաքի ճանապարհների մաքրման գործընթացի, ստացել է երկու հատ 2020 թվականի արտադրության քաղաքային կոմունալ վակուումային մեքենա (փոշեկուլ): Ընդ որում, նվիրաբերված մեքենաների ընդհանուր արժեքը կազմում է 100 մլն դրամ: Սակայն պարզվում է՝ այս նվիրատվությունն այնքան էլ բարի և անմեղ նպատակներով չէ իրականացվել: Մասնավորապես, Երևանի քաղաքապետարանին 100 մլն դրամ ընդհանուր արժեքով 2 հատ 2020 թվականի արտադրության փոշեկուլ նվիրաբերած ընկերության բաժնետերերի անուններով գրանցված տարբեր ընկերությունների Երևանի քաղաքապետարանը 2018 թ-ի սեպտեմբերից ի վեր մայրաքաղաքի տարբեր հատվածներում շինթույլտվություն իրականացնելու մի քանի թույլտվություն է տրամադրվել:  Սակայն սա էլ ամենը չէ. «Կապիտալ Բիլդ» ՍՊԸ-ն առաջին անգամ չէ, որ Երևանին նման թանկարժեք նվեր է մատուցում: Մեկ ամիս առաջ էլ քաղաքապետ Հայկ Մարությանն էր հայտնել, որ  ընկերությունը քաղաքին երեք փոշեկուլ է նվիրել քաղաքին:

«Կապիտալ բիլդ»  ընկերությունը հիմնադրվել է 2018թ․ մայիսի 21-ին և զբաղվում է ժամանակակից բնակելի համալիրների նախագծմամբ և կառուցապատմամբ, հասարակական և արտադրական շենքերի շինարարությամբ։ «Կապիտալ բիլդ» ընկերության հիմնադիրներն են հանդիսանում Էդուարդ Գասպարյանը, Արթուր Քերոբյանը և Վահան Ավագյանը։

Ներկայումս «Կապիտալ Բիլդ» ընկերությունը բնակելի համալիրի կառուցման աշխատանքներ է իրականացնում ք. Երևան, Արաբկիր, Կոմիտաս պողոտայի 3 հասցեում: Ավելին, Կոմիտասի պողոտայի հասցեները «Կապիտալ Բիլդ» ընկերությանը տրամադրվել են վերջերս՝ Երևանի քաղաքապետարանի կողմից՝ 2019թ․ փետրվարի 14-ի որոշմամբ։

Նկատենք, որ վերջերս Երևանի քաղաքապետարանը հաճախ է այս կամ այն ծառայության դիմաց նման շռայլ նվերներ ստանում: Պարզապես վերհիշենք. «Ն և Ս քոնսթրաքշն» ՍՊԸ-ն քաղաքապետարանին նվիրել էր 10 հատ ԳԱԶ մակնիշի և 4 հատ ԿամԱԶ մակնիշի աղբատարեր։ Իսկ դրա դիմաց այս ընկերությունը պատրաստվում է բազմաֆունկցիոնալ բնակելի շենքեր կառուցել Դավիթաշեն վարչական շրջանի Եղվարդի խճուղի հ.22 և Անաստաս Միկոյան հ. 64 հասցեներում։

Երեք հատ «ԿամԱԶ» մակնիշի աղբատար էլ քաղաքապետարանը ստացել է գործարար, նախկին պատգամավոր Սամվել Ալեքսանյանի հորեղբոր որդու՝ Հրաչյա Շարոյանի «Ալեքս էնդ հոլդինգ» ընկերությունից։ Սակայն սա էլ ամենը չէ. կալանավորված ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի ընտանիքը քաղաքապետարանին նվիրել է աղբատար ավտոմեքենաների կայանատեղի: Տարբեր տեղեկությունների համաձայն, վերջին թույլտվության դիմաց  քաղաքապետ Մարությանը թույլ է տվել, որպեսզի Խաչատրյանները Տերյան փողոցում կառուցվող շենքի հարկերի թիվն ավելացնեն:

Լրատվամիջոցները նաև գրել էին, որ «Ջերմուկ գրուպի» սեփականատեր, ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Աշոտ Արսենյանը Երևանի քաղաքապետարանին 10 ձնամաքրող տեխնիկա է նվիրել, ինչի դիմաց Արշակունյաց պողոտայի 77/3 հասցեում գտնվող «Ջերմուկ գրուպի» ադմինիստրատիվ շենքի տարածքում բազմաբնակարան շենքեր կառուցելու թույլտվություն է ստացել:

Ըստ էության, Երևանի քաղաքապետարանում լավագույն ավանդույթները շարունակվում են, ինչի շնորհիվ Երևանը ևս 2 հատ քաղաքային կոմունալ վակուումային մեքենա է նվեր ստացել։

Նաիրա Հովհաննիսյան

 




Լրահոս