Լուսանկարն արվել է Երեւանում
Ահա խանութում գնումներ կատարելու կարգուկանոնի պահպանման պարզ կանոնները. արգելվում է թե՛ հազալ, թե՛ փռշտալ։
ԿԱՐԳ
ՀԱՐՑ. Ուզում եմ իմանալ, թե ԵՏՄ անդամ պետություններից Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ծխախոտի մասով ակցիզային հարկը ինչ ժամկետում պետք է վճարվի:
Ռիմա Գրիգորյան (32 տարեկան, հաշվապահ)
ՊԱՏԱՍԽԱՆ. Քաղաքացու հարցին ի պատասխան՝ հայտնում ենք, որ Հայաստանի Հանրապետություն ներմուծվող, ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների (բացառությամբ ԵՏՄ անդամ պետություններից ներմուծվող, ակցիզային դրոշմանիշներով պարտադիր դրոշմավորման ոչ ենթակա, ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների) համար օրենքով սահմանված կարգով հարկ վճարող (հարկի վճարման պարտավորություն կրող) անձանց կողմից ակցիզային հարկը վճարվում է ներմուծման օրվանից տասն օրվա ընթացքում` Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:
Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտե
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». ԵՏՄ անդամ պետություններից Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ապրանքների մասով ակցիզային հարկով հարկման բազա է համարվում ապրանքների արժեքը, որը որոշվում է «Անուղղակի հարկերի հաշվարկման եւ վճարման առանձնահատկությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով կամ ապրանքների քանակը (ծավալը)` արտահայտված «Ակցիզային հարկի մասին» ՀՀ օրենքով սահմանված չափման բնաիրային միավորներով:
ԿՐԹԱԿԱՆ
ՀԱՐՑ. Ովքե՞ր կարող են ընդունվել միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններ:
Ստելլա Մնացականյան (49 տարեկան, տնային տնտեսուհի)
ՊԱՏԱՍԽԱՆ. Հայտնում ենք, որ միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատություններ կարող են ընդունվել առկա ուսուցմամբ առնվազն հիմնական կրթություն ունեցող, իսկ հեռակա ուսուցմամբ առնվազն միջնակարգ կրթություն ունեցող անձինք` համաձայն իրենց դիմումի: Հաստատությունում ընդունելությունն իրականացվում է առանց ընդունելության քննությունների` մրցութային հիմունքով՝ բացառությամբ արվեստի, առողջապահության եւ սպորտի ոլորտի միջին մասնագիտական կրթության մասնագիտությունների: Օտարերկրացիները իրենց ընտրությամբ ուսհաստատություն կարող են ընդունվել ընդհանուր հիմունքներով, միայն վճարովի համակարգ կամ ՀՀ կառավարության կողմից սահմանված կարգով:
ՀՀ երկքաղաքացիներն ու ազգությամբ հայ օտարերկրացիները հաստատություններ կարող են դիմել ընդհանուր հիմունքներով կամ օտարերկրացիների համար Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով, իրենց ընտրությամբ: Արգելվում է նախնական մասնագիտական եւ միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների վճարովի համակարգում սովորող, ուսումնառող, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության եւ Վրաստանի Սամցխե-Ջավախք ու Քվեմո-Քարթլի նահանգներում գրանցված եւ բնակվող հայազգի քաղաքացիների նկատմամբ կիրառել ուսման վարձավճարի ավելի բարձր չափ, քան սահմանված է տվյալ ուսումնական հաստատության համանման պայմաններում սովորող ՀՀ քաղաքացիների նկատմամբ:
ՀՀ կրթության, գիտության, սպորտի եւ մշակույթի նախարարություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Նշենք, որ ուսումնական հաստատությունը կարող է վճարովի հիմունքով սովորող ուսանողական համակազմի մինչեւ տասը տոկոսին, հաշվի առնելով ուսանողի սոցիալական վիճակը եւ բարձր առաջադիմության արդյունքները, իր միջոցների հաշվին մասնակի փոխհատուցել ուսման վճարը: