ՄԱՆԴԱՏԸ ՎԱՅՐ ՉԻ ԴՆԻ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Տեւական ժամանակ է՝ չեն դադարում խոսակցություններն այն մասին, որ առաջիկայում իշխող խմբակցության մի քանի պատգամավորներ վայր են դնելու իրենց մանդատները: Այդ մարդկանց թվում նշվում է նաեւ Վարդան Աթաբեկյանի անունը, որը, տեղեկությունների համաձայն, խնդիրներ է ունեցել Երեւանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանի հետ:

 

-Պարո՛ն Աթաբեկյան, «Իմ քայլը» խմբակցության նիստ է տեղի ունեցել, որի ժամանակ թեժ քննարկում է եղել, որ Դուք պետք է պատգամավորի Ձեր մանդատը վայր դնեք: Արդյոք այս տեղեկությունը իրականությանը համապասխանո՞ւմ է, թե՞ ոչ: Պատաստվո՞ւմ եք վայր դնել մանդատը: 

-Նման միջադեպ չի եղել, տեղեկությունը չի համապատասխանում: Ինչո՞ւ դա հենց խմբակցության ղեկավարից չեք պարզում: Գրեթե 3 օր է՝ նման լուրեր են շրջանառվում: Երկրորդ հարցի մասին՝ արդյոք պատրաստվում եմ մանդատը վայր դնել, ապա ասեմ, որ ոչ, չեմ պատրաստվում:  Նման խոսակցություն ընդհանրապես չկա:

-Այսինքն՝ խմբակցությունում որեւէ թեժ քննարկում կամ վիճաբանություն տեղի չի՞ ունեցել:

-Ի՞նչ թեմայի շուրջ թեժ քննարկման մասին է խոսքը:

-Տեղեկություններ կան, որ Երեւանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը սոցցանցի իր էջում գրառում էր կատարել, որտեղ Ձեր գործընկեր Սոֆյա Հովսեփյանին էր վիրավորել: Դուք խնդրել եք գրառումը ջնջել, ինչից հետո վիճաբանություն է սկսել, ապա թեժ քննարկման առիթ դարձել: 

-Ես արդեն ասել եմ, որ չեմ կարող նման մարդու հետ վիճաբանություն ունենալ. զանգ ու խոսակցություն եղել է, ու հենց այդքանով ավարտվել է: Դրա շուրջ որեւէ այլ հետագա պրոցեսներ չեն եղել:

-Ինչի՞ համար եք զանգել, միգուցե որպեսզի խնդրեք, որ գրառումը ջնջի Հակոբ Կարապետյանը:

-Զանգել եմ, քանի որ քաղաքական թիմ ենք, եւ նման բաներն անընդունելի են: Նախ պարզաբանում եմ խնդրել, հետո խնդրել ու հորդորել եմ, որ նման բան չանի:

-Իսկ ինչպե՞ս է արձագանքել նա:

-Արձագանքը՝ ոչ մի բան: Կա՛մ կմտածի, կջնջի, կա՛մ արդեն ջնջել է. չգիտեմ:

-Իսկ խմբակցությունում ինչպե՞ս են ընդունել Ձեր այդ քայլը, որ Ձեր գործընկերոջ «թասիբին» եք կանգնել, այսպես ասած:

-Չեմ կարծում, որ նման քայլը վատ կընդունվի: Չեմ հետաքրքրվել, թե ով ինչպես է ընդունել, հատկապես գործընկերների կողմից, հատկապես երբ այդ քայլն ուղղված է ՀՀ Ազգային Ժողովի ինստիտուտի նկատմամբ արված անհաջող փորձին:

-Դուք կարծում եք, որ մամուլի քարտուղարն իրո՞ք վիրավորել է Ձեր գործընկերոջը:

-Եթե գրառման մեջ գրված է, որ պետք է մանդատը ուտի, ապա, այո, կարծում եմ, որ վիրավորական է:  Գուցե մարդը վիրավորական իմաստով չի գրել: Դրա համար եմ զանգել խնդրել, որ պարզաբանում տա: Մարդ է, գուցե գրել է, բայց գրածի մեջ վիրավորանք չի տեսել, իրեն հորդորել եմ, որ դա շատ կոպիտ վիրավորանք է ու անհարգալից վերաբերմունք ԱԺ ինստիտուտի նկատմամբ: Հիմա մի փոքր  խառն եմ, չեմ հետաքրքրվել՝ գրառումը ջնջել է, թե ոչ, բայց հույս ունեմ՝ կջնջի, եթե մինչ հիմա չի ջնջել:

-Իսկ զրույցի ժամանակ հայհոյախառն արտահայտություններ եղե՞լ են: Տեղեկություններ ունենք, որ միմյանց վիրավորել եք:

-Թույլ տվեք դա հետագայում…:

-Պնդո՞ւմ եք, որ Ձեր՝ մանդատը  վայր դնելու հարցը խմբակցությունում  չի քննարկվել:

-Ոչ, այդ հարցը չի քննարկվել:

-Մանդատը վայր չե՞ք դնի:

-Մանդատը վայր դնելու պատճառներից մեկը մարդու, պատգամավորի մանդատի, գործունեության չարաշահում պետք է կարարած լինի, որ մտածեն մանդատը վայր դնելու մասին: Ես սկզբունքային եմ. երբեւէ նման բան իմ ողջ կյանքի ընթացքում չեմ արել, ու այդ լուրերը, որոնք շրջանառվում են, թերի են: Անհնար է, որ ես մանդատը վայր դնեմ:

-Պահանջ չկա՞ խմբակցության ղեկավարության կողմից: Խմբակցությունում հանդիպե՞լ եք ՀՀ փոխվարչապետ Էդուարդ Աղաջանյանի հետ:

-Է. Աղաջանյանի հետ բացարձակ հանդիպում չեմ ունեցել, նման պահանջ ուղղակի չի կարող լինել, քանի որ հակասահմանադրական է պատգամավորից պահանջել, որպեսզի մանդատը վայր դնի: Նման օրենսդրական կետ չկա, իսկ մեր խմբակցությունում նման պահանջ չի դրվել իմ առջեւ: Համենայնդեպս, ես նման պահանջ չեմ ստացել:

-Հիմա ի՞նչ հարաբերություններ ունեք թե՛ վարչապետի, թե՛ խմբակցության ղեկավարության, թե՛ Ձեր ընդհանուր գործընկերների հետ:

-Վարչապետի հետ կապված հարաբերություն ի՞նչ նկատի ունեք: Ես վարչապետի հետ միշտ գաղափարներ կիսող եմ եղել, թիմի անդամ եմ եղել:

-Վարչապետի հետ կոնֆլիկտ չունե՞ք:

-Չեմ կարծում, որ վարչապետը կամ ես կարող ենք այնպիսի բան թույլ տալ, որի արդյունքում   կոնֆլիկտ կունենանք. դա անհնար է: Վարչապետի հետ մաքսիմում կարող է քննարկում լինել որեւէ հարցի շուրջ, իսկ կոնֆլիկտ բացառված է:

-Իսկ խմբակցության անդամների ու պատգամավորների հետ ի՞նչ փոխհարաբերություններ ունեք: Լարվածություն չկա՞:

-Նորմալ հարաբերություններ են, ոչ մի լարվածություն չկա:

 

 

 

ԽՈՒՃԱՊ՝ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎՈՒՄ

Մայիսի 5-ին մեկնարկել է Ազգային ժողովի հերթական նստաշրջանը: Չնայած այն հանգամանքին, որ հորդորում էին կորոնավիրուսի տարածումից խուսափելու համար կրել բժշկական դիմակներ եւ ձեռնոցներ, բայց խորհրդարանում կարելի էր գտնել հազվագույտ մարդկանց, որոնք  դիմակ էին կրում:

 

Իսկ այսօր առավոտյան Ազգային ժողովում իսկական աժիոտաժ էր, քանի որ երեկ երեկոյան ԱԺ աշխատակազմը տեղեկացել էր, որ Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նազելի Բաղդասարյանի օգնականը, հնարավոր է, կորոնավիրուսով վարակված լինի: Առավոտյան արդեն դահլիճի մուտքերի մոտ ԱԺ աշխատակազմի աշխատակիցները պատգամավորներին բժշկական դիմակ եւ ձեռնոց էին բաժանում ու հորդորում անպայման կրել այն: Առավոտվանից արդեն ե՛ւ պատգամավորները, ե՛ւ Ազգային ժողովի աշխատակազմը, ե՛ւ պատգամավորների օգնականները խորհրդարանում շրջում էին համապատասխան «հանդերձանքով»: Կարելի է ասել՝ խուճապային տրամադրություն էր տիրում երկրի օրենսդիր մարմնում: Նշենք, որ իմքայլական պատգամավորն արդեն հայտարարել է, որ ինքը մեկուսացած է: Իսկ ինչ վերաբերում է այն հարցին, թե այս ընթացքում ԱԺ պատգամավորի օգնականը ում հետ է շփումներ ունեցել, արդյոք ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստերի ընթացքում պահպանվել են կանոնները՝ սոցիալական հեռավորություն եւ այլն, դեռ պարզ չէ: Միայն նշենք, որ, ըստ մեր տեղեկությունների, քննարկվում է հայրենի պատգամավորներին խումբ-խումբ թեստավորումներ անելու հարցը:

Հիշեցնենք, որ պատգամավորներին թեստավորելու մի անհաջող փորձ արվել էր, եւ վերջին պահին Ազգային ժողովի աշխատակազմը հրաժարվեց ռապիտ թեստեր հանձնել տալ պատգամավորներին, քանի որ դրանք անճշտություններ շատ են գրանցում: Երեկ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը հայտարարեց, թե տեղյակ չէ, որ պատգամավորներին ցանկանում են թեստավորել: Ստացվում է՝ պետք է վարակի դեպք գրանցվեր խորհրդարանում, որպեսզի թեստավորման խնդիրը լուծվի: Վերջում հավելենք, որ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն արդեն հաստատել է՝ պատգամավորի օգնականը կորոնավիրուսով վարակված է, ու հորդորել է խիստ պահպանել կանոնները:

Նյութերը՝ ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ

 

 

ԷԺԱՆ Է

Հայաստանում հեղուկ գազի մեկ լիտրը խմելու ջրից էժան է վաճառվում: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ հեղուկ գազի մեկ լիտրը հայաստանյան որոշ գազալցակայաններում վաճառվում է 80 դրամով, իսկ որոշներում՝ 100-130 դրամով: «Էքսպերտ Թեչ» ընկերության  ղեկավար Մկրտիչ Տիգրանյանը, «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում անդրադառնալով հեղուկ գազի շուկային, ասաց, որ Հայաստանում այն լճացել է, իսկ պահանջարկը՝ նվազել. «Հեղուկ գազը լճացել է, դրա համար էլ գինը նվազել է: Բայց հիմնականում ստեղծված իրավիճակը պայմանավորված է համաշխարհային գների նվազման հետ: Խոշոր վաճառողները՝ Ռուսաստանը, Իրանը, Իրաքը, նվազեցրել են գները, որովհետեւ աշխարհում հեղուկ գազի պահանջարկն ընդհանուր նվազել է»:

Մասնագետը հստակ ժամկետներ չնշեց, թե մինչեւ երբ կպահպանվի գնային այս պատկերը: «Հիմնականում այն վաճառվում է 100 դրամով: Հասել ենք այն վիճակին, որ հեղուկ գազի մեկ լիտրն այսօր Հայաստանում ջրից ավելի էժան է վաճառվում: Ներմուծողները, որքան հնարավոր է, ինչքան տեղ ունեն, փորձել են պահեստավորել, բայց այնպես չէ, որ մեծ բազաներ ունեն այն պահեստավորելու, հետո ավելի թանկ գնով վաճառելու համար»,- նկատեց մասնագետը:

 

ԴԺԳՈՀ Է

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը ցանկանում է, որպեսզի Կրթության, գիտության, մշակույթի, սպորտի եւ երիտասարդության փոխնախարար Գրիշա Թամրազյանը աշխատանքից ազատման դիմում ներկայացնի:

Ըստ մեր տեղեկությունների՝ փոխվարչապետի կարծիքով՝ Թամրազյանը լավ չի աշխատում, ինչի համար էլ պետք է հեռանա նախարարությունից: Սակայն մեր աղբյուրների փոխանցմամբ՝ Թամրազյանի հեռանալուն դեմ է նախարար Արայիկ Հարությունյանը, քանի որ վերջինս կարծում է՝ իր գերատեսչության կադրերի մնալ-չմնալու հարցը ինքը պետք է որոշի: «Ժողովուրդ» օրաթերթը օրեր շարունակ փորձում էր տեղեկությունը ճշտել Թամրազյանից, սակայն վերջինս կտրականապես մեր հեռախոսազանգերին չի պատասխանում: Իսկ ԿԳՄՍ նախարարության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչությունից տեղեկացրին, որ  այդ լուրերն իրականությանը չեն համապատասխանում:

 

 

 

 




Լրահոս