List.am-ՈՒՄ ԲԺՇԿԱԿԱՆ ԴԻՄԱԿՆ ԱՎԵԼԻ ԷԺԱՆ Է, ՔԱՆ ԴԵՂԱՏԱՆԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ավելի քան երկու ամիս է, ինչ Հայաստանում բժշկական պաշտպանիչ դիմակների գները չեն կարգավորվում: Չնայած մեծածախ ցածր գնին, դեղատներում դրանք վաճառվում են զգալի բարձր գնով: Ամենակարեւորը՝ բժշկական պաշտպանիչ դիմակների ոչ միայն շուկան է անվերահսկելի, այլեւ որակը:

 

Պարզվում է, որ ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը շուկայում գների կարգավորման, վերահսկման կամ գնաճի զսպման գործառույթ չունի: Հանձնաժողովից ArmLur.am-ին փոխանցեցին, որ տեւական ժամանակ է, ինչ խոշորացույցի տակ են դեղեր, ախտահանիչ միջոցներ, սնունդ արտադրողներն ու ներմուծողները, խոշոր առեւտրային ցանցերը, մարզերում գործող խոշոր տնտեսվարողները:

Բացի այս, հանձնաժողովը 7 դեղատնային ցանցերից տեղեկություն է հավաքագրում ախտահանիչ միջոցների, դիմակների, բժշկական սպիրտի, ձեռնոցների, ախտահանիչ միջոցներ արտադրող 4 տնտեսվարողներից՝ ախտահանիչ միջոցների մասով: «Այժմ հավաքագրված տվյալների ամբողջ բազան ուսումնասիրվում է, գնային փոփոխություններ արձանագրելու դեպքում կատարվում են անհրաժեշտ համեմատություններ եւ համադրումներ, տնտեսվարողներից պահանջվում են հիմնավորումներ, հնարավոր խախտման դեպքերի առնչությամբ հարուցվում են վարչական վարույթներ»,- փոխանցեց ՏՄՊՊՀ մամուլի խոսնակ Անի Սմբատյանը: Բայց, չնայած ՏՄՊՊՀ դիտանցումներին, այսօր դեղատներում բժշկական մեկ դիմակը վաճառվում է 210-250 դրամով, եւ սա այն դեպքում, երբ հայտնի չէ, թե այդ դիմակներն ինչ հումքից են պատրաստված: Ավելին, որեւէ կառույց չի վերահսկում կամ ստուգում դեղատներում կամ այլ վայրերում վաճառվող դիմակների որակը:

Այն, որ բժշկական դիմակների շուկան բարձիթողի վիճակում է, այդ հարցում մեկ անգամ եւս համոզվեցինք: ArmLur.am-ը տեղեկացավ, որ բժշկական դիմակներ վաճառվում են անգամ list.am կայքէջում. ունեն տարբեր գներ՝ 70 դրամից սկսած մինչեւ 180 դրամ: Մի քանի հեռախոսազանգեր անելուց հետո պարզվեց, որ 70, 110 դրամանոց բժշկական դիմակը դեղատներում վաճառվում է 210-220 դրամով: Օրինակ «Մեղու» դեղատնից ArmLur.am-ին փոխանցեցին, որ մեկ բժշկական դիմակն արժե 210 դրամ: Ի դեպ, list.am հայտարարություն տեղադրողները դիմակ վաճառում են մեծածախ տարբերակով: Դրանք հիմնականում լինում են երկշերտ կամ եռաշերտ: Նրանց փոխանցմամբ՝ այդ դիմակները կարվել են կարի արտադրամասերում: Նշենք, որ այս շրջանում քիչ չեն նաեւ այն քաղաքացիները, որոնք վաճառում են տնային պայմաններում կարված դիմակներ:

ArmLur.am-ը տեղեկացավ, որ սահմանամերձ Տավուշում բանվորական ձեռնոց արտադրող ընկերությունը՝ «Տավուշ տեքստիլ»-ը, արդեն երկու օր է, ինչ սկսել է բժշկական պաշտպանիչ դիմակների արտադրությունը: Ընկերության տնօրեն Միքայել Եզեկյանը հայտարարեց, որ հումքը ներկրում են Ռուսաստանից, որի գինը զգալի բարձր է: «Հայաստանում այնպես չէ, որ դիմակի արտադրություն կա, տանը կարված ինչ-որ բաներ են, չգիտեմ՝ ինչ ծագման հումքով են, իսկ մեր արտադրածը բարձր որակի է, իրական նշանակության համար նախատեսված պաշտպանիչ դիմակներ են: Հումքը թանկ գնով ենք ձեռք բերում, հումքի գինն այս պահին միջազգային շուկայում բարձր է»,- փոխանցեց ընկերության տնօրենը:

Դեղատների հետ պայմանավորվածություն ընկերությունը դեռ ձեռք չի բերել, այս պահին ընդամենը մի քանի դեղատներից առաջարկներ են ստացել: «Մեծածախ գինն այս պահի դրությամբ, հումքի գնով պայմանավորված, փոփոխական է, մոտ 150 դրամի սահմաններում կլինի, բայց պետք է վերահսկվի, որ դեղատները 150 դրամով ձեռք բերած դիմակը չվաճառեն 200 դրամով եւ գերշահույթներ չապահովեն: Իմ պատկերացմամբ՝ 150 դրամով ես տամ դեղատանը, իրենք պետք է այն վաճառեն 170-180 դրամով: Այս պահին դեղատներում այնպիսի անորակ դիմակներ կան, որոնք 200-220-250 դրամ արժեն: Թող Աստված տա՝ այս դիմակները մարդկանց պետք չգան»,- նկատեց ընկերության տնօրենը: Ապա նշեց, որ կորոնավիրուսի պատճառով իրենց ընկերությունը չի կարողանում բանվորական ձեռնոց արտադրել եւ արտահանել:

Ի դեպ, տեղեկացնենք, որ, պարետի որոշմամբ, արգելվում է առեւտրի օբյեկտներ հաճախորդների մուտքն առանց անհատական պաշտպանության միջոցների՝ դիմակի եւ ձեռնոցների: Իսկ կորոնավիրուսային վարակի դեմ պաշտպանելիս անհրաժեշտ է օգտագործել համապատասխան որակի եւ ձեւի բժշկական դիմակներ, ինչպես նաեւ խստորեն հետեւել դրանց օգտագործման ցուցումներին: Ըստ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի՝ դիմակները պետք է փոխվեն յուրաքանչյուր 3-4 ժամը մեկ, քանի որ դրանք, կուտակելով ջրի կաթիլներն ու փոշին, վտանգավոր են դառնում՝ ստեղծելով բարենպաստ միջավայր վիրուսների եւ այլ միկրոօրգանիզմների համար: Հիմա հարց՝ որտեղից քաղաքացուն այդքան գումար, որպեսզի նա կարողանա օրվա ընթացքում մի քանի հատ դիմակ գնել, եւ այդպես ամեն օր:

Օրինակ,  ՀՀ ոստիկանության աշխատակիցներին վերադասը ստիպում է ՀՀ կառավարության կողմից տրամադրված հակաճգնաժամային օգնություն 26.500 դրամ գումարը հետ վերադարձնել այն դեպքում, երբ ոստիկանը ծառայություն իրականացնելիս պետք է օրվա մեջ մի քանի անգամ դիմակ փոխի:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

ԱՐԳԵԼԱՆՔՆԵՐԸ ԿԱՍԵՑՎԵՆ, ՆՈՐԵՐԸ՝ ՉԿԻՐԱՌՎԵՆ

ԱԺ ԲՀԿ խմբակցությունը հանդես է եկել օրենսդրական նախաձեռնությամբ, որով առաջարկում է փոփոխություն կատարել «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» ՀՀ օրենքում: Մասնավորապես, նրանք առաջարկում են, որպեսզի այս ընթացքում  500 հազար դրամի չափով եղած արգելանքները կասեցվեն, եւ նոր արգելանքներ չկիրառվեն:

 

Մասնավորապես, օրենքի փոփոխությամբ նրանք ցանկանում են այսպիսի դրույթ ավելացնել. «Հայաստանի Հանրապետությունում համաճարակի տարածման հիմքով արտակարգ իրավիճակի պայմաններում հայտարարված արտակարգ դրության ողջ ընթացքում ֆիզիկական անձանց՝ ցանկացած արժույթով բանկային հաշիվների նկատմամբ կիրառված արգելանքը մինչեւ հինգ հարյուր հազար ՀՀ դրամի չափով կասեցվում է, եւ նոր արգելանքներ չեն կիրառվում»: Նախագծի մեկնաբանության մեջ նախագծի հեղինակները նկատում են. «2020 թվականին Հայաստանի Հանրապետությունում հայտարարված արտակարգ դրության պայմաններում սահմանափակվեց մարդու ազատ տեղաշարժը: Կորոնավիրուսի տարածումը դանդաղեցնելու եւ դրա դեմ պայքարելու նպատակով խրախուսվեց հնարավորինս մարդկային տեղաշարժի կասեցումը եւ սահմանափակումը, հեռավար աշխատանքային գործունեությունը  եւ առեւտրային գործունեության որոշ տեսակների դադարեցումը: Այլընտրանքային աշխատանքի բացակայությունը արտակարգ դրության պայմաններում հանգեցնում է քաղաքացիների մոտ կանխիկ միջոցների սահմանափակումների, ուստի քաղաքացիները ստիպված են լինում օգտվել  բանկային հաշիվներից, որում առկա դրամական միջոցները  կարող են արգելանքի տակ լինել՝ «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, հարկադիր կատարողի կողմից: Կարծում ենք, որ երկրում ստեղծված իրավիճակը եւ քաղաքացիների ֆինանսական վիճակը հնարավորինս թեթեւացնելու նպատակով անհրաժեշտ է կասեցնել ԴԱՀԿ-ի կողմից ֆիզիկական անձանց՝  մինչեւ  հինգ հարյուր հազար ՀՀ դրամի չափով բանկային հաշիվներում առկա դրամական միջոցների վրա կիրառված արգելանքները, նոր արգելանքներ չկիրառել եւ հնարավորություն ընձեռել քաղաքացիներին՝ արտակարգ դրության ողջ ընթացքում վերոնշյալ միջոցների հաշվին հոգալու իրենց առաջնային պահանջմունքները: Առաջարկվող օրենքի ընդունմամբ հնարավորություն կտրվի  քաղաքացիներին ապահովել իրենց մինիմալ կենսամակարդակը:

Նշենք, որ նախագիծը ներկայացվել է մայիսի 4-ին:

ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

 

 

ՆՇԱՆԱԿՈՒՄ

Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի  27-րդ հոդվածի 1-ին մասով եւ հիմք ընդունելով Տավուշի մարզի Ազատամուտ համայնքի ավագանու՝ 2020 թվականի ապրիլի 10-ի նիստի «ՀՀ Տավուշի մարզի Ազատամուտ համայնքի ղեկավար Վահագն Ալավերդյանի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու մասին» թիվ 13 արձանագրությունը, որոշել է Արթուր Սեյրանի Բեգինյանին 2020 թվականի ապրիլի 16- նշանակել Ազատամուտ համայնքի ղեկավարի պաշտոնակատար:

Տավուշի մարզպետարանի պաշտոնական կայքում, որպես Ազատամուտ համայնքի ղեկավար,  դեռեւս նշված է Վահագն Ալավերդյանը, ով 2018 թվականի նոյեմբերի 23-ին նշանակվել է որպես համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար, ապա ընտրվել է համայնքի ղեկավար: Նա ՀՅԴ անդամ էր, սակայն որպես համայնքի ղեկավար պաշտոնավարման ընթացքում հեռացել էր կուսակցությունից: Նա ցանկանում էր, որ  համայնքների միավորման արդյունքում  Իջեւանի տարածաշրջանում ձեւավորվի առնվազն 2  խոշոր համայնք, որոնցից մեկը կլինի Ազատամուտը: Սակայն արդեն որոշվել է, որ Իջեւանի տարածաշրջանում համայնքների  միավորումից ձեւավորվելու է մեկ խոշոր համայնք՝ Իջեւանը, որը ներառելու է նաեւ Ազատամուտը: 16 ամիս Ազատամուտ համայնքը ղեկավարելուց հետո հրաժարական տված Վահագն Ալավերդյանը հայտարարել է, որ տարաբնույթ քննարակումներից զերծ մնալու համար տեղեկացնում է, որ իր հրաժարականը քաղաքական կամ անձնական պատճառներից կախված չէ, ինքը պարզապես տեղափոխվում է այլ աշխատանքի եւ այդկերպ  աշխատելու է նոր ազդակներ հաղորդել Ազատամուտի համայնքի կենսագործությանը: Հավելենք, որ համայնքի ղեկավարի պաշտոնակատար նշանակված Արթուր Բեգինյանը Ազատամուտ համայնքի ավագանու անդամ է:

 

 

ԻՋԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՄԱՔՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Վերջերս անհայտ մեկը Իջեւան քաղաքի Ղարագյոզյան փողոցում հաճախակի աղբարկղերի չար կատակներ է անում, մերթ աղբարկղը  գլորում է ջրի մեջ, մերթ գլորելով տեղափոխում է փողոցի կենտրոն կամ էլ գլխիվայր շրջում: Դա առաջացրել է բնակիչների զայրութը, որոնք նշում են, որ պետք է քաղաքում մաքրություն պահպանել: Տավուշի մարզկենտրոնի որոշ բնակիչներ էլ ասում են, որ քաղաքի մաքրությունը պետք է պահպանել ամենուր. քաղաքի Ասլանյան փողոցում մեծ աղբակույտ է, Իջեւան քաղաքից դեպի Գանձաքար տանող ավտոճանապարհի եզրին աղբակույտեր են:

ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ

Տավուշ

 

 

 

 




Լրահոս