ՔՆՆԱԴԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՎԵՐԱԲԵՐՎՈՒՄ ԵՄ ԱԴԵԿՎԱՏ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երգչուհի, դերասանուհի  Սոնե Սիլվերը (Սոնա Մովսեսյան) երկրպագուների համար միանգամից մի քանի անակնկալ է պատրաստում, որոնք մասամբ բացահայտել է «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում: Նա շուտով իր լսարանի դատին կներկայացնի նոր զուգերգ:

 

-Սոնե՛, ի՞նչ ծրագրեր ունեք առաջկայում:

-Վերջին տեսահոլովակիս պրեմիերան եղել է փետրվար ամսին՝ երկու ամիս առաջ, կարծում եմ՝ շատ ժամանակ չի անցել: Հաճախակի նորություններ ներկայացնելը, անկեղծ ասած,  այդքան էլ տեղին չեմ համարում. Մարդկանց արձագանքները որոշ ժամանակ դադարից հետո է հասկացվում, թե տվյալ աշխատանքն ինչպես ընկալվեց, գնահատվեց հանդիսատեսի, երկրպագուների կողմից: Դրական արձագանքներ լսելուց հետո նորից ոգեշնչվում, անցնում եմ առաջ:

-Տեսահոլովակի պրեմիերա սպասվո՞ւմ է:

-Այո,  շատ շուտով սպասվում է տեսահոլովակի նոր պրեմիերա զուգերգով, բայց դեռ փակագծերը չեմ բացի, թող անակնկալ լինի: Շատ հետաքրքիր մտահղացումներ կան, իհարկե համաճարակի պատճառով որոշ ծրագրեր հետաձվել են, բայց, ինչեւէ, ես չեմ հուսահատվում, շարունակում եմ զբաղվել իմ գործունեությամբ, շուտով հանրությանը կհանձնեմ նոր զուգերգ,  համագործակցություն, որի փակագծերը նույնպես չեմ բացի, տեսահոլովակը  սիրված երգիչներից  մեկի հետ է: Աստված տա, որ շուտով ավարտվի  այս համաճարակի հետ կապված  ամեն բան, մարդիկ վերջապես սկսեն ապրել  իրենց  բնականոն կյանքով: Ամեն դեպքում, այս ընթացքում որեւէ նոր աշխատանք ներկայացնելը յուրաքանչյուր արտիստի համար ռիսկային է, քանի որ մարդիկ  իրենց  առողջության մասին  են մտահոգված,այլ ոչ թե երգերով ու  տեսահոլովակներով:

-Տարիներ առաջ Դուք հանդես էիք գալիս թատերական ներկայացումներում՝ մարմնավորելով տարբեր կերպարներ: Այս ասպարեզում Ձեր կողմից պասիվություն է նկատվում, ինչո՞ւ:

-Հանդես եմ եկել մի թատերական ներկայացման մեջ 2015 թվականին շատ տաղանդավոր դերասանների հետ, սակայն դա միակն է եղել, որ խաղացել եմ: Կատակերգական ներկայացում էր, որը, ցավոք սրտի, երկար կյանք չունեցավ, ընդամենը մի քանի անգամ ենք խաղացել…

 -Կարելի՞ է ասել, որ Դուք դեռ որոշում չեք կայացրել՝ թատրո՞ն, թե՞ շոու-բիզնես:

-Անկեղծ ասած, երբեք կշեռքի նժարին չեմ դրել թատրոն, թե շոու-բիզնես, քանի որ ես մասնագիտությամբ երգչուհի եմ, եւ ինձ համար միշտ առաջնային է եղել երգն ու երաժշտության ասպարեզը, 6 տարեկանից զբաղվել եմ երաժշտությամբ մինչ օրս:

 -Ո՞ր ոլորտում եք Դուք Ձեզ ավելի ինքնավստահ զգում:

-Իհարկե երգարվեստում. ես երգչուհի եմ, այլ ոչ թե դերասանուհի, չնայած թատերական կուրսերի մասնակցել եմ, բայց, միեւնույնն է, քննարկման ենթակա չէ, միանշանակ երգն ինձ համար թանկ է:

 -Սերիալներում, միգուցե նաեւ գեղարվեստական ֆիլմերում նկարահանվելու առաջարկներ կա՞ն:

-Այո, բազմիցս եղել են առաջարկներ տարբեր սերիալներում նկարահանվելու, սակայն այն կերպարը, որը առաջարկել են խաղալ, հոգեհարազատ կերպար չի եղել, մերժել եմ, քանի որ չեմ պատկերացրել, թե ինչպես  կարող եմ հանդես գալ տվյալ կերպարում:

-Սոնե՛, Դուք Ձեր վառ կերպարով միշտ աչքի եք ընկել, անգամ Ձեզ մեղադրել են երգչուհի Գաբի Գալոյանին արտաքինով նմանվելու համար: Ինչպե՞ս եք արձագանքում նման խոսակցություններին:

-Անկեղծ ասած, երբեք չեմ փորձել որեւէ մեկին նմանվել, համենայնդեպս  ինձ չեն մեղադրել այդ հարցում: Ես բոլոր նման խոսակցություններին վերաբերվում եմ հնարավորինս առողջ, ադեկվատ, ինձ համար յուրաքանչյուր կին գեղեցիկ է եւ հմայիչ իր տեսակի մեջ, բոլորն էլ  անհատական են եւ ունեն իրենց առանձնահատկությունները:

-Ի՞նչը կփոխեիք Ձեր արտաքինում:

-Ես ինքս շատ պահպանողական տեսակ եմ, ու լինելով երգարվեստում, որը պահանջում է կերպարային կտրուկ փոփոխություններ, իմ արտաքինի հետ կապված մեծ փոփոխություններ չեմ սիրում անել:

Զրուցեց ԼԻԴԱ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԸ

 

 

Ի՞ՆՉ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄՆԵՐ ՈՒՆԻ ԼՈՒԻԶԱ ՂԱՄԲԱՐՅԱՆԸ

Թատերական կյանքում դեռեւս ոչ մի փոփոխություն չի եղել: Տարաբնույթ խոսակցություններ են ընթանում, գուցե սկսվեն փորձերը՝ առայժմ առանց հանդիսատեսի, բայց դեռ հստակ որոշում չկա: Թատերային, մշակութային բոլոր օջախները փակ են, ինչը չեմ կարող ասել սերիալների մասին. այս մասին «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտնել է դերասանուհի Լուիզա Ղամբարյանը՝ անդրադառնալով սահմանափակումների չեղարկմանը, կորոնավիրուս համավարակի տարածմանն ու կանխատեսումներին:

 

«Արդեն սկսել ենք «Արմատներ» հեռուստասերիալիաշխատանքները՝ պահպանելով, իհարկե, հնարավորինս բոլոր ախտահանման եւ կանխարգելիչ միջոցառումները: Անձամբ ես պահպանում եմ բոլոր հորդորները, որ հնչեցվում են տարբեր ատյաններից, եւ մեզանից յուրաքանչյուրը պետք է գիտակցի այս պահին իր անելիքի չափը: Ես միշտ էլ դուրս եմ եկել զբոսնելու կա՛մ վաղ առավոտյան, կա՛մ ուշ երեկոյան ընտանիքիս անդամների հետ՝ պահպանելով սոցիալական հեռավորությունը»,-ընդգծեց դերասանուհին:

Մեր զրուցակցի փոխանցմամբ՝ այս օրերին տեղեկատվության հոսքն այնքան արագ է ընթանում, որ կանխատեսումներ անել պարզապես հնարավոր չէ:

«Չեմ կարողանում կողմնորոշվել՝ որն է արդյոք ճիշտը, ինչպես պետք է դիմակայել ժամանակի այս մարտահրավերին, եւ, իսկապես, կանխատեսումներ տալ չեմ կարող: Միայն ու միայն խնդրում եմ, որ մեզանից յուրաքանչյուրն առաջին հերթին իր սոցիալական պատասխանատվությունը գիտակցի, եւ որքան էլ մարդիկ ուզում են դուրս գալ, վերսկսել բնականոն կյանքը, միեւնույնն է, պետք է յուրաքանչյուրս պահպանի հիգիենայի կանոնները՝ խնայելով մեզանից մեծ սերնդի ներկայացուցիչների կյանքը. գաղտնիք չէ, որ խոցելի են հատկապես ավագներն ու ուղեկցվող հիվանդություն ունեցողները»,-նշեց նա: Դերասանուհին լիահույս է, որ շուտով դուրս կգանք այս քաոսային իրավիճակից. «Համենայնդեպս կանխատեսումներս այդպիսին են»:

Լ. ԵՂԻԱԶԱՐՅԱՆ

 

 

ՄԻԱՑԵԼ ԵՆ ՊԱՅՔԱՐԻՆ

Լոնդոնի «Չելս»-ին ու «Մանչեսթեր Յունայթեդ»-ը միացել են գերմանական «Լայպցիգի» եւ Գերմանիայի ազգային հավաքականի հարձակվող Տիմո Վերների համար պայքարին:  2 ակումբներն արդեն կապ են հաստատել 24-ամյա ֆուտբոլիստի գործակալ Կարլ-Հայնց Ֆոստերի հետ: Տիմո Վերների համար պայքարում գլխավոր ֆավորիտը «Լիվերպուլ»-ն է, որն արդեն համաձայնության է եկել ֆուտբոլիստի անձնական պայմանագրի կետերի հարցում:

Վերների հետ բանակցել է անձամբ «Լիվերպուլ»-ի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը: Վերներին ձեռք բերելու ցանկություն ուներ նաեւ Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիա»-ն: Գերմանիայի ընթացիկ առաջնությունում Վերները մասնակցել է 25 հանդիպման, խփել 21 գոլ, կատարել 7 գոլային փոխանցում: Նրա պայմանագիրը «Լայպցիգ»-ի հետ նախատեսված է մինչեւ 2023 թվականի հունիս:

 

ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ

Մյունխենի «Բավարիա»-ի ղեկավարությունը համաձայնության է եկել անգլիական «Մանչեսթեր Սիթի»-ի գերմանացի կիսապաշտպան Լերոյ Սանեի հետ ֆուտբոլիստի անձնական պայմանագրի կետերի հարցում: Մյունխենյան ակումբը 5 տարվա պայմանագիր կկնքի Սանեի հետ: Կողմերը համաձայնության են եկել նաեւ աշխատավարձի հարցում: «Բավարիա»-ն արդեն բանակցություններ է սկսել «Մանչեսթեր Սիթի»-ի հետ եւ կփորձի ձեռք բերել գերմանացի կիսապաշտպանի տրանսֆերային իրավունքը 60 միլիոն եվրոյի դիմաց:

Ավելի վաղ «Բավարիա»-ի գլխավոր տնօրեն Կառլ-Հայնց Ռումենիգեն հաստատել էր, որ ակումբը լրջորեն հետաքրքրված է Սանեի տեղափոխությամբ: Ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում Լերոյ Սանեն մոտ էր Մյունխենի «Բավարիա» տեղափոխվելուն, սակայն վնասվածքից հետո «Բավարիա»-ն հրաժարվեց պայմանագիր կնքել գերմանացի կիսապաշտպանի հետ:

Լերոյ Սանեն «Մանչեսթեր Սիթի»-ում հանդես է գալիս 2016 թվականից: Անգլիական ակումբի կազմում մասնակցել է 134 հանդիպման՝ դառնալով 39 գոլի եւ 45 գոլային փոխանցման հեղինակ:

 

ՏՆԱՅԻՆ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ

Կատալոնական «Բարսելոնա»-ի գլխավոր մարզիչ Կիկե Սետիենը պատմել է, թե կորոնավիրուսի պանդեմիայով պայմանավորված դադարի ընթացքում ինչպես է պահպանել մարզավիճակը: «Տնային պայմաններում շատ դժվար է մարզվել: Այնուամենայնիվ, ես շատ արագ կարողանում եմ հարմարվել իրողություններին: Մարզվել եմ կնոջս հետ»,-ասել է Սետիենը: Հիշեցնենք, որ «Բարսելոնա»-ի ֆուտբոլիստներն առաջիկա օրերին կվերսկսեն մարզումները:

 

 




Լրահոս