ՍԿԱՆԴԱԼ՝ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԵՐՍՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Armlur.am-ի տեղեկությունների համաձայն՝ իշխանությունների ներսում վերջին օրերին թեժ քննարկումներ են ընթանում՝ Ցեղասպանության թանգարան-ինսիտուտի հետ կապված: Բանն այն է, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գրավոր հանձնարարությամբ՝ Հայոց ցեղասպանություն թանգարան-ինստիտուտի հաշվեկշռում գտնվող հողամասը որոշվել է փոխանցել Երեւանի քաղաքապետարանին: Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ թանգարան-ինստիտուտի տնօրինությունը իր հարակից տարածքում գտնվող մոտ հարյուր հեկտարի հասնող հողատարածքը ցանկանում է մշակել, քանի որ այն տարիներ շարունակ անմշակ է եղել:

 

Սակայն քաղաքապետարանն էլ իր հերթին հայտարարել է, թե այն իր հաշվեկշռում չէ: Մեր տեղեկություններով՝ քաղաքապետ Հայկ Մարությանը ներքին կարգով պահանջ է դրել, որպեսզի հողատարածքը ներառվի իրենց վերահսկողության տակ, որպեսզի կարողանան այն մշակել: Մեր աղբյուրները փոխանցում են նաեւ, որ իրավիճակն այնքան է թեժացել, որ գործը հասել է կառավարության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանին: Աշխատակազմի երիտասարդ ղեկավարն էլ հանդիպումներ է ունեցել կողմերի հետ ու փորձել է խնդիրը հարթել: Ըստ մեր տեղեկությունների՝ կողմերը չեն կարողացել ընդհանուր հայտարարի գալ, ինչի համար էլ Աղաջանյանը հայտարարել է, թե իրենք առաջիկայում քննարկում կկազմակերպեն, որպեսզի հասկանան, թե ինչպես կարող են այս սկանդալային իրավիճակին լուծում տալ:

Armlur.am լրատվականը եղել է Հայոց ցեղասպանություն թանգարան-ինստիտուտի հարակից տարածքում գտնվող եւ կռվախնձոր դարձած անմշակ հատվածում: Արձանագրեցինք, որ այնտեղ իսկապես անմիթար վիճակ է. ոչ մի ծառ չի մշակվել, բլուրի վրա գտնվող հողատարածքն անհուսալի վիճակում է: Անզեն աչքով էլ երեւում է, որ տարիներ շարունակ այդ հատվածում որեւէ աշխատանք չի կատարվել, ինչի համար էլ նման տգեղ իրավիճակ է ստեղծվել: Հավելենք, որ այդ տարածքում նախատեսված էր կառուցել ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշայգի:

Armlur.am լրատվականը փորձեց տեղում զրուցել նաեւ Հայոց ցեղասպանություն թանգարան-ինստիտուտի տնօրեն Հարություն Մարությանի հետ, սակայն մեզ տեղեկացրին, որ ինստիտուտը փակ է, տնօրինությունից մարդ չկա: Մարությանը մեր հարցին պատասխանեց գրավոր ու հայտարարեց. «Տարածքը թանգարանին անհատույց օգտագործման է հանձնվել դեռ 2004թ-ին: Մենք որոշ քայլեր ձեռնարկեցինք, որ դա ինստիտուցիոնալիզացնենք, նամակ պատրաստվեց վարչապետին, թե ինչու այն պետք է լինի հուշայգի, հետո պատասխան եկավ գլխավոր ճարտարապետից, որ ընդամենը ուզում են կանաչապատել տարածքը: Մեկ անգամ եղավ հանձնարարական, եւ այդ հարցը քննարկվեց անշարժ գույքի պետական կոմիտեում, մենք ներկայացրեցինք մեր պլանները՝ հուշայգու գաղափարը, ինչպես նաեւ շատ հստակ ասվեց, որ այս խնդիրը նաեւ քաղաքական բովանդակություն ունի եւ շատ կարեւոր է ՀՀ-ի համար: Մեր առաջարկը գնաց վերեւ, հետո կրկին եկավ հանձնարարական այն փաստաթղթի ձեւով, որը Ձեզ արդեն հայտնի է դարձել: Որեւէ այլ զարգացում սրանից հետո ինձ հայտնի չէ: Տեղյակ եմ, որ քննարկումներ կան: Եվ դա նորմալ է»:

Ի դեպ, Երեւանի քաղաքապետարան չենք դիմել, քանի որ Երեւանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը մեր լրատվամիջոցի հարցերին չի պատասխանում: Մենք այս հարցի շուրջ զրուցել ենք նաեւ կառավարության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանի հետ: Armlur.am-ի հետ զրույցում նա նշեց. «Քննարկումներ են տեղի ունեցել: Երկու անգամ քննարկում ենք ունեցել, եւ որոշում է կայացվել՝ այգու հետագա զարգացման հետ կապված»: Մեր այն հարցին, թե կոնկրետ ինչ որոշում է կայացվել, վերջինս պատասխանեց. «Որեւէ փոփոխություն չկա, ուղղակի որոշել ենք, որ պետք է այգու զարգացման ռազմավարություն  մշակվի, որի հետ կապված համապատասխան հանձնարարականներ են տրվել, եւ ընթացքում հանրությանը կտեղեկացնենք»: Այն կլինի Երեւանի քաղաքապետարանի հաշվեկշռում, թե ոչ, կառավարության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանն ասաց, որ այս պահին նման որոշում չկա:

ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ

 

 

ԾՆՈՂՆԵՐՆ ԱՆԵԼԱՆԵԼԻ ՎԻՃԱԿՈՒՄ ԵՆ

Մայիսի 4-ից որոշ սահմանափակումներ վերացվեցին, եւ բազմաթիվ քաղաքացիներ, որոնք տանն էին, հնարավորություն ունեցան աշխատանքի գնալ: Սակայն կառավարությունը, մի կողմից, որոշեց կարանտինը մեղմացնել, մյուս կողմից՝ անհարմար դրության մեջ գցեց այն երիտասարդ ընտանիքներին, որոնք ունեն դպրոցահասակ եւ մանկահասակ երեխաներ. մանկապարտեզներն ու դպրոցները շարունակելու են փակ մնալ: Այժմ երիտասարդ ծնողները չգիտեն, թե ինչպես վարվեն, քանի որ երեխա պահող չունեն:

 

ArmLur.am-ին հայտնի դարձավ, որ այս խնդրի շուրջ բազմաթիվ ծնողներ ահազանգել են կառավարություն եւ հայտնել, որ չեն կարող աշխատանքի գնալ, քանի որ չունեն երեխա պահող, եւ պահանջել են այս հարցին լուծում տալ՝ բացել մանկապարտեզները: Ըստ որոշ տեղեկությունների՝ կառավարությունից հանձնարարվել է Երեւանի քաղաքապետարանին ցուցակագրել մանկապարտեզների այն սաների ծնողներին, որոնք աշխատում են եւ երեխա պահող չունեն:

Armlur.am-ը տեղեկացավ, որ արդեն մի քանի օր է, ինչ մանկապարտեզներում ցուցակագրման ներքին գործընթաց է ընթանում՝ պարզելու, թե որ երեխայի ծնողն է աշխատում, որինը՝ ոչ: Սա է պատճառը, որ երկու օր է՝ մանկապարտեզներից զանգահարում են սաների ծնողներին եւ հետաքրքրվում՝ աշխատում են, թե ոչ:

Արդյունքում ծնողներ են եղել, որոնք հրաժարվել են երեխային ուղարկել մանկապարտեզ՝ կորոնավիրուսով վարակվելուց վախենալով, բայց միաժամանակ ծնողներ են եղել, որոնք համաձայնել են մանկապարտեզ ուղարկել: Չի բացառվում, որ առաջիկայում մեկ-երկու մանկապարտեզ բացվի աշխատող ծնողների երեխաների համար:

ArmLur.am-ը երեկ կապ էր հաստատել Երեւանի քաղաքապետարանի հանրակրթության վարչության հետ, որտեղից խոստացան զանգահարել եւ պատասխանել մեր հարցերին, սակայն այդպես էլ հեռախոսազանգ չստացանք:

Ս. ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 

ՏԱՐԲԵՐ ՊԱՏՃԱՌՆԵՐ

Հոգեբան Սամվել Խուդոյանը, ArmLur.am-ի հետ զրույցում անդրադառնալով մայիսի 5-ին Երեւանում տեղի ունեցած ողբերգական դեպքին, երկու պատճառ նշեց, թե ինչն է դրդել տղամարդուն սպանել սեփական երեխաներին:

«Միայն երկու վարկած կարելի է առաջ քաշել՝ առաջին՝ ինքը զառանցական վիճակում է եղել, այսինքն՝ դա հնարավոր է շիզոֆրենիայի դեպքում, այդ հիվանդության շրջանակներում, զառանցական ինչ-որ մտքեր: Երկրորդը՝ կրոնական պատճառներով, այսինքն՝ այդ մարդու համար իդեա-ֆիքս է դարձել, ինչ-որ կրոնական պատկերացումներ է ունեցել՝ կապված աղանդների հետ, եւ դա հաճախ է լինում. երեխաներին, իբր, փրկում է սատանայական աշխարհից, որ իրենք իրար հետ ուզում են գնալ այս աշխարհից, այդպիսի բան նաեւ կարող էր լինել»,- նկատեց հոգեբանը:

Սամվել Խուդոյանը մեզ հետ զրույցում կարծիք հայտնեց՝ նշելով, որ նման արարքները միանգամից չեն լինում. «Ինքնասպանությունները, այդ դեպքն էլ է ինքնասպանություն, առավել եւս դաժան սպանությունները միշտ էլ ծրագրավորված են լինում, եւ դա ամենեւին չի հակասում այն վարկածին, որ այս մարդը բավական երկար ժամանակ իդեա-ֆիքսով է տառապած եղել: Ես ուղղակի ենթադրում եմ, թե մարդը ինչ հոգեվիճակում կարող է նման քայլի դիմել, միայն դա: Միայն այդ երկու պատճառով՝ փսիխոտիկ գիտակցության խանգարմամբ ընթացող զառանցական մտքերի ազդեցության տակ կամ կրոնական աղանդավորական պատճառներով, որովհետեւ առաքելական եկեղեցին սպանությունը, ինքնասպանությունը աստվածահաճո արարք չի համարում: Բայց աշխարհում հայտնի են դեպքեր, ԱՄՆ-ում՝ 70-ականների սկզբին, որ աղանդավորական խմբերը, որոնց մեջ մեծեր եւ երեխաներ կան, ինքնասպանություններ են գործել: Ուրիշ որեւէ տարբերակ իմ մտքով չի անցնում»:

Ըստ հոգեբանի՝ զառանցական վիճակում անձը ինչ մտածել է, ինչ որ ցանկացել է անել, համոզված է եղել, որ դա է ճիշտը: «Նորմալ մարդն աղանդավորական քարոզների ներքո ինքնատիպ վիճակներում է լինում: Ես չգիտեմ, թե մայրը ինչպես է դիմանալու այս ցավին: Մարդիկ սարսռում են այդ լուրից»,- ցավով արձանագրեց Խուդոյանը:

Բայց, մյուս կողմից, մեր զրուցակիցը բացառեց այն վարկածը, ըստ որի՝ տղամարդը գործել է խանդի հողի վրա. «Բացառվում է, երեխա են սպանում կնոջը պատժելու համա՞ր.. Նման բան գոյություն չունի: Մարդը չի կարող նորմալ, սթափ, գիտակցական վիճակում նման քայլի գնալ, նա կա՛մ պետք է զառանցական վիճակում լինի, կա՛մ էլ կրոնական ներշնչման ազդեցության տակ»:

ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ

 

 




Լրահոս