ՏԵՍԱՆՅՈՒԹ. ՄԱՊ ընկերության գլխավոր ինժեները՝ մեղադրյալի աթոռին. ինչ է կատարվում նախկին պատգամավորի ընկերությունում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ազգային ժողովի Հանրապետական խմբակցության նախկին պատգամավոր Ալեքսանդր Պետրոսյանին՝ ՄԱՊ-ի Ալիկին, պատկանող ընկերության վարորդը մահացել է, եւ վերջինիս մահվան գործով մեղադրյալի աթոռին է հայտնվել ընկերության գլխավոր ինժեները:

Ինչ է կատարվել ՄԱՊ-ի Ալիկին պատկանող ընկերությունում

Armlur.am –ին հայտնի դարձավ, որ Ոսկան Սաֆարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա, հանդիսանալով «ՄԱՊ» ՓԲ ընկերության գլխավոր ինժեներ և միևնույն ժամանակ տեխնիկական անվտանգության և աշխատանքի պաշտպանության կանոնների պահպանման համար պատասխանատու անձ, դրանք խախտելով չի ձեռնարկել աշխատանքի պաշտպանության և տեխնիկայի անվտանգության ապահովման անհրաժեշտ միջոցներ, որն անզգուշությամբ առաջացրել է ընկերության վարորդ Արտակ Սարգսյանի մահ: Այսպես, Ոսկան Սաֆարյանը որպես տրանսպորտային միջոցների շահագործման համար պատասխանատու անձ, ունենալով պարտականություն անվտանգ ձևով կազմակերպելու վարորդների աշխատանքը, չի կատարել իր պարտականությունները և թույլ է տվել ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովման մասին ՀՀ օրենսդրության 16-րդ հոդվածի 1-ին կետի և 20-րդ հոդվածի 1-ին կետի, 2-րդ կետի ա/ ենթակետի պահանջներին հակասող գործողություններ:

Իսկ ինչ է արել կոնկրետ 

Այսպիսով, մեզ հայտնի դարձավ, որ Արմավիրի մարզի Բամբակաշատ գյուղի բնակիչ, ՄԱՊ ՓԲ ընկերության վարորդ Արտակ Սարգսյանը 2019թ սեպտեմբերի 12-ին ժամը 15:00-ի սահմաններում հրահանգել է գնալ Արմավիրի մարզի Այգևան գյուղի 5-րդ փողոցի 1-ին նրբանցքի 8-րդ հասցեում գտնվող «Հոկտեմբերյանի գինու գործարան» ՓԲ ընկերության տարածք և այնտեղ կայանված  ընկերության հաշվեկշռում գտնվող «ԼԱԶ» մակնիշի 496 UL 28 հաշվառման համարանիշի չգործող ավտոբուսի անվադողերը հանել, ինչը չի մտել Ա.Սարգսյանի գործառույթների մեջ: Արդյունքում, Արտակ Սարգսյանը, չլինելով տվյալ աշխատանքը կատարելու համար պատշաճ կերպով անվտանգության տեխնիկայի վերաբերյալ հրահանգավորված, առանց որևէ տեխնիկայի կիրառման, խախտելով ՀՀ կառավարության 2007թ.-ի հունիսի 28-ի 955-Ն որոշման հավելված 2-ի «Տրանսպորտային միջոցների շահագործումն արգելող անսարքությունների և պայմանների ցանկի» 9-րդ կետի բ. ենթակետի պահանջները, պահակ Գևորգ Աբրահամյանի հետ կատարել է ավտոբուսի անվադողերը հանելու աշխատանքը, ավտոբուսը ամբարձիչով բարձրացնելով քարերի և փայտերի վրա, հակագլորման հենակներ չի տեղադրել, որի հետևանքով ավտոբուսը սահել և ընկել է Արտակ Սարգսյանի վրա ,և ստացած մարմնական վնասվածքներից վերջինս մահացել է:

Այսինքն՝ Ոսկան Սաֆարյանը կատարել է հանցավոր արարք, որը նախատեսված է ՀՀ քրեական օրենսգրքի 157-րդ հոդվածի 2-րդ մասով` Տեխնիկայի անվտանգության կամ աշխատանքի պաշտպանության կանոնները խախտելը՝ դրանց պահպանման համար պատասխանատու անձի կողմից, եթե մարդու առողջությանն անզգուշությամբ պատճառվել է ծանր կամ միջին ծանրության վնաս կամ որն անզգուշությամբ առաջացրել է տուժողի մահ, պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը հինգ տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով կամ առանց դրա: Մեզ հայտնի դարձավ, որ Ոսկան Սաֆարյանը նախկինում դատապարտված չի եղել եւ վերջինիս նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրությամբ երկրից չհեռանալու մասին :

Հավելենք, որ 2020 թվականի հունվարի 10-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Վարդան Գրիգորյանի նախագահությամբ, որոշում կայացրեց եւ 30 մլն դրամ գրավի դիմաց Ալեքսան Պետրոսյանին («ՄԱՊ» ՓԲ ընկերության սեփականատեր) ազատ արձակեց : Նշենք, որ Ալեքսան Պետրոսյանը մեղադրվում է փողերի լվացմանն օժանդակելու մեջ: Ըստ տեղեկությունների՝  քրեական գործն առնչվում է Բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանի վերաբերյալ քրեական գործին:

Մանրամասները՝ տեսանյութում

Քնար Մանուկյան




Լրահոս