«Մեր ծնողները մեզ փոքր տարիքից ասում են խելոք մնա, թե չէ միլիցա կկանչեմ, կամ բժիշկը կծակի եւ այլն, այսինքն՝ փոքր տարիքից ինչ-որ վախեր են մեր մեջ սերմանում, որոնք մինչեւ կյանքի վերջ մեզ հետ են մնում»։ Այս մասին «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հայտնել է «Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանը՝ անդրադառնալով «Սեռական շահագործումից և սեռական բնույթի բռնություններից երեխաների պաշտպանության մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիայի վավերացմանը։
«Երբ երեխան հարց է տալիս ծնողին, թե «կուկուն» որտեղից է լինում, ու երբ ծնողն ասում է, թե արագիլն է բերել, կամ մեկ այլ բան, երեխան գնում հարեւանից, բակից է հարցնում, և նրան ճիշտն են ասում, ու այսուհետ վստահելի կապը երեխայի եւ ծնողի միջև կտրվում է։ Ես չգիտեմ, որեւէ մեկին, ով կասի, որ սեռական դաստիարակության մասին գիտելիքները տվել են ծնողներս, իրականում դա շատ մեծ խնդիրների է հանգեցնում, ու այն մարդկանցից, ումից մենք ինֆորմացիա ենք ստանում, կարող են օգտվել մեր վստահությունից, ու այն բոլոր այլասերությունները, որոնց մասին, որ լսում ենք, կոտրել են բազմաթիվ կյանքեր ու տարբեր մարդկանց հոգեբանական ծանր հարվածներ են հասցրել, ու այս ամենի հետ բազմաթիվ մարդիկ ապրում են։ Ես կարող եմ հիմնավորել, որ նման մշակութային դաստիարակության պակասը բերում է անվտանգության խնդիրների։ Հայաստանում կանանց մոտավորապես 26 տոկոսը երեխա ունենալու խնդիր ունի, ու մեծ մասն այս չբերությունների դեռ փոքր հասակից մեր մեջ նստած են»,-նշեց մեր զրուցակիցը։
Արմեն Մարտիրոսյանի կարծիքով՝ «բանակի 25 տոկոսը չի ծնվում, ոչ մեկին չի հուզում, եւ մեր պետության խնդիրը պետք է լինի, որ չծնված երեխաները ծնվեն, եւ մարդկային ռեսուրսի շնորհիվ պետությունը կհարստանա, կհզորանա»:
«Վերջապես մեր փոքր քանակությունն է բերում նրան, որ մենք զրկվում ենք արդյունաբերության տարբեր ճյուղերից, որը դեմոգրաֆիկ մեծ խնդիր է, բայց երբ ուսումնասիրում ես դրա պատճառները, հասկանում ես, որ մի մասը գտնվում է մշակութային տիրույթում, մի մասը թողել գնացել է երկրից։ Արդյո՞ք կարելի է հիվանդ ծնողին թողնել ու գնալ, որովհետեւ մինչեւ հեղափոխությունը գնացողներն ասում էին՝ մեր պետությունը կոռումպացված է եւ այլն, արդյո՞ք նրանք ստացել են այն դաստիարակությունը, որ պետությունը լքելն ու ծնողին լքելը նույն բանն է, եթե անգամ հիվանդ է պետք է բուժես, ինչպես ծնողիդ ես բուժում, եթե մենք սկսկենք այդպես դաստիարակել մեր երեխաներին, նրանք չեն թողնի գնան, եթե մենք մեր բառապաշարից հանենք «Որտեղ հաց, այնտեղ կաց» արտահայտությունը, նրանք չեն գնա այնտեղ, որտեղ կա հաց։ Սա բանակի անվտանգության, երկրի տնտեսական անվտանգության, երեխաների անվտանգության, անձեռնմխելիության հարցերի մասին խնդիր է, որն այս կոնվենցիան է բարձրաձայնում, մենք կունենանք այլ պետություն ու հասարակություն։ Սրանք խնդիրներ են, որոնք կարելի է լուծել»,-ընդգծեց նա։
Արմեն Մարտիրոսյանի համոզմամբ՝ մենք այնպես չենք դաստիարակում մեր երեխաներին, որ ուրախանան ուրիշների հաջողությամբ ու հարստությամբ։ Մեր հասարակությունը պետք է տարբերի փողատիրոջը հարուստ մարդուց․ «Ինչու ենք հարստությունը մենակ փողի հետ կապում, ինչո՞ւ չեք ասում ՝ ունեք 265 ընկեր եւ դուք հարուստ եք, որ դուք ծնվել եք օրինակ՝ Բերդ քաղաքում, ինչո՞ւ է մեր հասարակությունն ամեն ինչ կապում փողի հետ․․․։ Ես այս բոլոր հարցերում տեսնում եմ կրթական եւ գիտական խնդիրներ, եւ այսօրվա մեր քաղաքակրթական մշակույթը համարում եմ հարամ»։
Լիդա Եղիազարյան