ԴԱՏԱՎՈՐՆ «ԱՐՋԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ» Է ՄԱՏՈՒՑԵԼ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը (դատավոր Նաիրա Ավետիսյան), քննելով թիվ ԼԴ/0527/02/11 քաղաքացիական գործն ըստ իմ հայցի ընդդեմ Հենրիկ Քոչինյանի, երրորդ անձ` «Ժողովուրդ թերթի խմբագրություն» ՍՊ ընկերության, Վարուժան Թամազյանի` 1(մեկ) լումա բռնագանձելու, «Ժողովուրդ» թերթում համապատասխան տեքստ տպագրելու միջոցով ներողություն խնդրելուն պարտավորեցնելու պահանջների մասին, 09.12.2011թ.-ին վճռել է հայցը մերժել:
Վճիռը ստացել եմ 21.12.2011թ.:
Վճռի ուսումնասիրությունից պարզվում է, որ դատավոր Ն.Ավետիսյանը վճիռը գրելու ժամանակ միտումնավոր թույլ է տվել ակնհայտ կոպիտ սխալներ:
Մասնավորապես, վճռում նշված չէ`
1. ՀՀ գլխավոր դատախազությանը որպես երրորդ անձ ներգրավելու հանգամանքը,
2. երրորդ անձ` ՀՀ գլխավոր դատախազության կողմից ներկայացված հայցի պատասխանը եւ դրա վերաբերյալ իմ ներկայացրած դիրքորոշումը,
3. երրորդ անձ` «Ժողովուրդ թերթի խմբագրություն» ՍՊ ընկերության դիրքորոշումը,
4. իմ կողմից Հ.Քոչինյանին որպես վկա դատարան հրավիրելու միջնորդությունը եւ այն դատավորի կողմից մերժելու մասին որոշումը,
5. դատական նիստերի ընթացքում իմ ներկայացրած դիրքորոշումը` Հենրիկ Քոչինյանի կողմից դատարան ներկայացված պատասխանի եւ առարկության վերաբերյալ,
6. դատական նիստերի ընթացքում իմ ներկայացրած դիրքորոշումը` ՀՀ գլխավոր դատախազության կողմից դատարան ներկայացված պատասխանի վերաբերյալ,
7. Հ.Քոչինյանի կողմից դատարան ներկայացված առարկության մեջ ինձնից ներողություն խնդրելու հանգամանքը:
Դատավոր Ն.Ավետիսյանի կողմից 1-7 կետերում նշված խախտումների թույլ տալն արդեն իսկ հիմնավորում է, որ նրա կողմից կայացված վճիռը չի կարող լինել օրինական:
Հիմք ընդունելով ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 132 եւ 143 հոդվածների պահանջները` դիմել եմ դատավոր Ն Ավետիսյանին` «Կայացնել որոշում թիվ ԼԴ/0527/02/11 քաղաքացիական գործով Ձեր կողմից 09.12.2011թ.-ին կայացված վճռի մեջ առկա եւ սույն դիմումի 3.1-3.7 կետերում նշված թերությունները վերացնելու վերաբերյալ»:
Դատարան ներկայացված առարկության մեջ Հ.Քոչինյանը հայտնել է, թե ինքը չի գիտեցել, որ լրագրողի հետ է խոսում, եւ իր պնդումը հիմնավորող որեւէ ապացույց չի ներկայացրել:
Դատավոր Ն.Ավետիսյանը, վճռի «իրավական վերլուծությունը» կետում, ներկայացնելով գործի փաստական հանգամանքներ եւ հղում կատարելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածի 1-ին, 2-րդ եւ 3-րդ մասերով ամրագրված դրույթներին, 15.11.2011 թ. ՀՀ Սահմանադրական դատարանի` ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի դիմումի հիման վրա` ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 1087.1 հոդվածի` ՀՀ Սահմանադրությանը 14-րդ հոդվածին, 27-րդ հոդվածի 1-ին, 2-րդ եւ 3-րդ մասերին եւ 43-րդ հոդվածին համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ գործով կայացված որոշմանը, եզրակացրել է. «Հայցվորն իր կողմից ներկայացված հայցադիմումով հաստատել է այն հանգամանքը, որ իր պահանջի հիմքում ընկած է «լրագրողի» հարցերին պատասխանելիս իրեն «վիրավորելը եւ զրպարտելը» եւ ոչ թե հրապարակային արտահայտությունը եւ նրա վերաբերյալ փաստացի տվյալներ հրապարակային ներկայացնելը: Իսկ թե ով է «լրագրողը», ինչ կարգով է հարցազրույց ունեցել պատասխանողի հետ, ինչպես է ներկայացել եւ ում համաձայնությամբ է նա պատասխանողի հայտնած տեղեկությունները տպագրել մամուլում` այդ մասին ապացույցներ չեն ներկայացվել: Սույն գործի փաստերի հետ համաձայն` պատասխանողը հայցվորի մասին որեւէ հրապարակային արտահայտություն չի կատարել, հայցվորի վերաբերյալ փաստացի տվյալներ հրապարակայնորեն չի ներկայացրել: Հայցվորի կողմից իր անձի վերաբերյալ հայտնած տեղեկությունների վերաբերյալ պատասխանողն իր արձագանքն ու պատասխանն է հայտնել մի անձի, որը լրագրողի գործունեության մասին նախնական տեղեկություն չի ունեցել: Տվյալ դեպքում, ներկայացված տվյալները չեն կարող համարվել հրապարակային կատարված եւ հրապարակային ներկայացված: Պատասխանողը «Ժողովուրդ» օրաթերթին հարցազրույց չի տվել, դատաքննությամբ հաստատվեց, որ տեղեկությունները ստացվել է հեռախոսազանգով, իսկ զանգահարողը նույնիսկ տեղյակ չի պահել, որ հեռախոսազրույցը հրապարակվելու է»:
Գուցե դատավոր Ն.Ավետիսյանը պարզաբանի՞, թե ինչ փաստերի հիման վրա է եզրակացրել, թե «դատաքննությամբ հաստատվեց, որ տեղեկությունները ստացվել է հեռախոսազանգով, իսկ զանգահարողը նույնիսկ տեղյակ չի պահել, որ հեռախոսազրույցը հրապարակվելու է», եթե Հ.Քոչինյանը դատարան չի ներկայացել, իսկ դատարանում հեռախոսային խոսակցությունը չի ուսումնասիրվել:
Դատավոր Ն.Ավետիսյանը վճռի «իրավական վերլուծությունը» կետում կատարել է հետեւյալ եզրակացությունը. «Տվյալ դեպքում, պատասխանողը տեղեկություն չունի տեղեկությունը ստացած անձի մասին, նրա կողմից ջանքեր կպահանջվեն այն ճշտելու եւ պարզելու համար, մինչդեռ հայցվորը տիրապետում է այդ փաստերին, եւ նրա կողմից ապացույցներ չներկայացվեցին հաստատելու համար, որ պատասխանողն իր արտահայտությունները կատարել է հրապարակային եւ դրանով վիրավորել ու զրպարտել իրեն: Համաձայն ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի 48 հոդվածի` գործին մասնակցող յուրաքանչյուր անձ պետք է ապացուցի իր վկայակոչած փաստերը: Պատասխանող Հենրիկ Քոչինյանի կողմից լրագրողին հայտնած տեղեկությունները  հրապարակային արտահայտություններ չեն, հետեւաբար եւ հրապարակայնորեն վնաս չեն հասցրել հայցվոր Հակոբ Ճարոյանի պատվին, արժանապատվությանը, գործարար համբավին:
Այսպիսով՝ դատարանը գտնում է, որ հայցապահանջը ենթակա է մերժման` վերը նշված հիմնավորումներով»:
Եթե Հ.Քոչինյանը պնդում է, թե ինքը չի իմացել, որ հարցազրույց տալիս է «Ժողովուրդ» օրաթերթի լրագրողին, ապա առաջանում է հարցադրում. հարցազրույցը տպագրվելուց հետո «Ժողովուրդ» օրաթերթից ինչո՞ւ պարզաբանումներ չի պահանջել` իրենց մասնավոր զրույցը թերթում տպագրելու համար, կամ` ի պատասխան իմ հայցի առարկությունը գրելուց առաջ,  «Ժողովուրդ» օրաթերթից ինչո՞ւ չի պահանջել իրեն տրամադրել տպագրված հարցազրույցի ձայնագրությունը:
Դատավոր Ն.Ավետիսյանը գիտակցո՞ւմ է, որ վճռում նշված պատճառաբանությամբ մերժելով իմ հայցը, ինքն «արջի ծառայություն» է մատուցել ինչպես Հ.Քոչինյանին, այնպես էլ իրեն, քանի որ վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո չի բացառվում, որ մամուլում տպագրվի հետեւյալ հարցազրույցը`
«Լրագրող: Հարց. Ի՞նչ կարծիք ունեք Լոռու մարզի նախկին մարզպետ Հենրիկ Քոչինյանի մասին:
Հ.Ճ.: Պատասխան. Հ.Քոչինյանը ոչ միայն հանցագործ է` յուրացրել է ՀՀ բյուջեի փողերը, այլեւ հոգեկան հիվանդ է:
Լրագրող: Հարց. Ի՞նչ կարծիք ունեք Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Նաիրա Ավետիսյանի մասին:
Հ.Ճ.: Պատասխան. Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատավոր Նաիրա Ավետիսյանը կաշառակեր է»:
Հարցազրույցը տպագրվելուց հետո, եթե Լոռու մարզի նախկին մարզպետ Հենրիկ Քոչինյանը եւ/կամ Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատավոր Նաիրա Ավետիսյանը կփորձեն ընդդեմ ինձ պատվի եւ արժանապատվության պաշտպանության հայցով դիմել դատարան, ապա հղում կատարելով դատավոր Ն.Ավետիսյանի կողմից ըստ իմ հայցի կայացրած վճռին եւ պատճառաբանելով, որ ես չեմ իմացել, թե ով է ինձնից հարցազրույց վերցրել եւ ինչ նպատակով, կմիջնորդեմ մերժել Հ.Քոչինյանի եւ/կամ Ն.Ավետիսյանի հայցը, որը եւ դատարանը պարտավոր կլինի կատարել:

ՀԱԿՈԲ ՃԱՐՈՅԱՆ




Լրահոս