Սուպերմարկետների երկիր Հայաստանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այն, որ Հայաստանում և ցանկացած այլ երկրում գտնվող դեսպանատներում գործում է համապատասխան երկրի օրենքը, միջազգայնորեն ընդունված փաստ է: Սակայն պարզվում է, որ Հայաստանում այդ  նույնը կարելի է ասել նաև սուպերմարկետների մասին, որտեղ գործում է ոչ թե մեր երկրի, այլ՝ տվյալ առևտրի օբյեկտի «օրենքն ու սահմանադրությունը»:

Դրա մասին է վկայում այսօր armlur.am-ի թղթակիցների հետ տեղի ունեցած միջադեպը, որի պատճառ էր դարձել «մի կաթիլ փլավը», կամ սուպերմարկետում բավականին բարձր գներով վաճառվող պատրաստի ճաշատեսակներից մեկում հայտնաբերված ապակու կտորը:

Ընդմիջմանը խմբագրության մոտակայքում գտնվող «Մոսկվիչկա» սուպերմարկետից ուզբեկական փլավ գնած լրագրողին տհաճ անակնկալ էր սպասվում: Բարեբախտաբար, սեղանատամի չափերի հասնող ապակու կտորը նա հայտնաբերել էր մինչև այն իր բերանում հայտնվելը: Սուպերմարկետ գնալով և փորձելով պարզել ապակու կտորի՝ ուտելիքի մեջ հայտնվելու պատճառը՝ կայքի լրագրողները ստպված էին եղել բավականին երկար ժամանակ «հյուրընկալվել» խանութում: Բանն այն է, որ հետագա տհաճություններից խուսափելու նպատակով լրագրողը իր բջջայինով նկարահանել և ձայնագրել էր խանութի տնօրինության հետ ունեցած խոսակցությունը:

Արդարության դեմ չմեղանչելու համար հարկ է նշել, որ սուպերմարկետի պատասխանատուներն ընդունել էին իրենց մեղքը: Սակայն նկարահանման փաստը նրանց այնքան էր զայրացրել, որ երկու երիտասարդ աղջիկ լրագրողներին 4 առողջ տղամարդ «մոսկվիչկայականներ» թույլ չէին տվել խանութի տարածքը լքել՝ պարտադրելով անհապաղ ջնջել նկարահանված նյութը: Ավելին, խանութի իրավաբանը փորձել էր ապացուցել լրագրողներին, որ նշված տեսանյութը խախտում է «Մոսկվիչկայի», նրա աշխատակիցների և, երևի թե, նաև՝ սեփականատերերի սահմանադրական իրավունքը:

Այն, որ լրագրողն իրավունք ունի հանրությանը տեղեկացնելու և իր մասնագիտական պարտականությունները կատարելու նպատակով ձայնագրություններ  և տեսագրություններ անել, ինչը սևով սպիտակի վրա ամրագրված է հայրենի օրենսդրության մեջ, արտոնյալ սուպերմարկետների անձնակազմին չի հետաքրքրում: Նրանց համար միակ օրինական փաստարկն այն է, որ սուպերմարկետների տարածքներում նկարահանումն ու ձայնագրումն արգելվում են:

Անտեղյակների համար նշենք, որ այդ «օրենքը» վավերացվել է հենց իրենց` սուպերմարկետների կողմից:

Ռիտա Կարապետյան




Լրահոս