2025 թվականի օգոստոսի 14-ի առավոտյան կրակոցներ են հնչել Կոտայքի մարզում՝ կամրջի տակ գտնվող հատվածում։ Կրակոցների կիզակետում է հայտնվել Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի նախկին խորհրդական Արտակ Տոնոյանի որդին՝ Արտաշես Տոնոյանը։ Միջադեպի հետևանքով մեկ անձ է զոհվել, և այժմ քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, գործը ուղարկվել է դատարան։
Դեպքից հետո ՊՆ-ն հայտնել է, որ գեներալ-մայոր Արտակ Տոնոյանը ազատվել է նախարարի խորհրդականի պաշտոնից։
Արտաշես Տոնոյանին մեղադրանք է առաջադրվել ապօրինի զենք և ռազմամթերք ձեռք բերելու, պահելու և կրելու, ինչպես նաև սպանության և խուլիգանության հոդվածներով։
Ըստ քննության տվյալների՝ նա, առանց համապատասխան թույլտվության, ձեռք է բերել և կրել հրազեն, ռազմամթերք և նռնակ։ 2025 թվականի օգոստոսի 14-ին՝ ժամը 01:00-ի սահմաններում, նա ընկերների և այլ անձանց հետ գտնվել է Պռոշյան բնակավայրի վարչական տարածքում, որտեղ տեղի է ունեցել վիճաբանություն և քաշքշուկ։
Վիճաբանության ընթացքում, ըստ նյութերի, հնչել են վիրավորական արտահայտություններ և սեռական բնույթի հայհոյանքներ, ինչը վերաճել է խուլիգանության։ Այնուհետև Արտաշես Տոնոյանը, իր մոտ եղած հրազենից արձակել է 7 կրակոց և պայթեցրել նռնակ, որի հետևանքով Մամիկոն Այվազի Դավթյանը ստացած վնասվածքներից մահացել է՝ 2025 թվականի օգոստոսի 15-ին։
Նշվում է, որ գործով կան նաև այլ անձինք, որոնց ինքնությունը մասամբ դեռ չի պարզվել։ Արտաշես Տոնոյանը կալանավորված է։
Քնար Մանուկյան
Մանրամասները՝ տեսանյութում․



















































































