Հայկական ժամանակ. ԲՀԿ-ն եվ ՀԱԿ-ը չպետք է թույլ տան, որ Հանրապետականը հաջորդ Աժ-ում մեծամասնություն ունենա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թերթը զրուցել է քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանի հետ, որն անդրադարձել է կոալիցիոն նիստի մասին ՀՀԿ-ի` երեկ տարածած հաղորդագրությանը: Նա նշել է, որ հաղորդագրությունն ընդամենը PR նպատակ ունի, որ իշխանությունը միասնական է: “”Նորմալ PR կամպանիա է հօգուտ ՀՀԿ-ի, թե տեսեք` ԲՀԿ-ն ոչինչ չի անում, ՀՀԿ-ի հետ է գնում, և կոալիցիան կարող է հաղթել, եթե միավորված լինի»: Անդրադառնալով ՀՀԿ-ի և ԲՀԿ-ի պայմանավորվածությունների մասին լուրերին, Բադալյանն ասել է, որ խնդիրն այն է, թե ինչի շուրջ են նրանք պայմանավորվում: Եթե պայմանավորվածությունն այնպիսին է, որ դրա արդյունքում ՀՀԿ-ն պետք է համամասնականով և մեծամասնականով ապագա Աժ-ում 67 ձայն ունենա, այսինքն` մեծամասնություն, ապա դա ԲՀԿ-ի դեմ է աշխատելու: Այդ դեպքում ԲՀԿ-ն, ըստ նրա, վերանալու է: “”Եթե Աժ ընտրություններից հետո ՀՀԿ-ն կարողանա ԲՀԿ-ին համոզել, որ նախագահական ընտրություններում պաշտպանի Սերժ Սարգսյանի թեկնածությունը, և Սերժ Սարգսյանին հաջողվի ինչ-որ մի հրաշքով նախագահ դառնալ, ապա նախագահական ընտրություններից հետո այլևս կոալիցիա չի լինելու: Ամբողջ հարվածը գնալու է ԲՀԿ-ի գլխին, և այդ կուսակցությունը ֆիզիկապես վերացվելու է””,- վստահ է քաղտեխնոլոգը: Ըստ նրա, հաջորդ Աժ-ում սկսվելու է ԲՀԿ-ի մարգինալացման գործընթացը, և այդ կուսակցությունը պետք է հասկանա, որ եթե պայմանավորվեց մեծամասնական տեղերի բաշխման շուրջ, վերանալու է: Խնդիրը, ըստ Բադալյանի, հետևյալն է` “”Բարգավաճ Հայաստանը”” և Հայ ազգային կոնգրեսը չպետք է թույլ տան, որ Հանրապետականը հաջորդ Աժ-ում մեծամասնություն ունենա: Իսկ եթե ունեցավ, ունենալու է 5,10,20 տարի: Որպեսզի դա չլինի, քաղտեխնոլոգը բավական ռադիկալ առաջարկ ունի` Կոնգրեսն ու ԲՀԿ-ն պետք է պայմանավորվեն, որ 41 մեծամասնական տեղերը բաժանում են 2 մասի` կեսում ԲՀԿ-ն է թեկնածու առաջադրում, որոնց սատարում են ԲՀԿ-ն և Կոնգրեսը, կեսում` Կոնգրեսը, որոնց կրկին սատարում են Կոնգրեսն ու ԲՀԿ-ն: “”Ուրիշ ճանապարհ չկա, Կոնգրեսն ու ԲՀԿ-ն պետք է 41 մեծամասնական տեղերն օգտագործեն ՀՀԿ-ի դեմ, հակառակ պարագայում ՀՀԿ-ն կարող է մեծամասնություն վերցնել: Կոնգրեսն ու ԲՀԿ-ն պետք է հասկանան, որ այսօրվա խնդիրը ոչ թե հաղթանակն է, այսինքն, ապագա Աժ-ում մեծամասնություն ունենալը, այլ ամեն ինչ անելը, որ ՀՀԿ-ն մեծամասնություն չունենա, որովհետև եթե իրար հավասար 3 ուժ է ձևավորվում, ոչ ոք չի կարող ասել, թե ինչ կոալիցիա կստեղծվի` ԲՀԿ-ՀՀԿ, թե ԲՀԿ-Կոնգրես””,- վստահ է Բադալյանը: 




Լրահոս