Վահե Ավետյանի դեպքում Ռուբեն Հայրապետյանն էր, իսկ ազատամարտիկի՞ դեպքում…

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օրերս Armlur.am-ն անդրադարձել էր ազատամարտիկ, 55-ամյա Վարդան Թումանյանի («Ձի Վարդան»)` դաժան ծեծով սպանությանը:

Հղում կատարելով «Հրապարակ» օրաթերթի վարկածին, թե սա «Հարսնաքարի» աղմկահարույց դեպքի կրկնությունն է, նշել էինք, որ այս դեպքում, սակայն, ի տարբերություն նախորդի, շատ չանցած` մեղադրյալները` Գևորգ Սարգսյանը (Ջունգլ) և Գագիկ Ղուկասյանը կալանավորվեցին:

Այստեղ ուշագրավ է այն փաստը, որ հանրության մի հոծ զանգված զուգահեռներ է տանում «Հարսնաքարի» դեպքի և վերոնշյալի միջև` մասնավորապես շեշտը դնելով այն հանգամանքի վրա, թե ինչու արդարություն պահանջող հայ ակտիվիստները բողոքի ալիք չբարձրացրին այնպես, ինչպես վարվեցին Վահե Ավետյանի սպանության դեպքում:

Armlur.am-ի հետ զրույցում ակտիվիստ Կարեն Հարությունյանը նշեց, որ իրենք ուշադիր հետևում են զարգացող իրադարձություններին, և այս պահին դեռևս բողոքի ակցիաներ կազմակերպելու պատճառ չկա: Պատճառը, ըստ ակտիվիստի, այն է, որ ոստիկանությունը մինչ այս պահը կատարել է իր առջև դրված խնդիրները:

«Իհարկե, սա մեծ ողբերգություն է: Եվ ցանկացած հանցագործ պետք է ըստ արժանվույն պատիժ կրի: Պարզապես երբ համեմատում են Վահե Ավետյանի դեպքի հետ, այն ժամանակ այլ իրավիճակ էր: Այն ժամանակ կապում էին Ռուբեն Հայրապետյանի հետ` փորձելով կոծկել իրականությունը: Այդ պատճառով էլ մեծ աղմուկ բարձրացավ: Այն ժամանակ ուրիշ ձև էր ընթացքը. սկզբում ձերբակալվողներ չկային»,- ասաց ակտիվիստը` հավելելով, որ վերջերս կատարված դեպքին նույնպես անպայման կարձագանքեն, որպեսզի այն այլ ընթացք չունենա: Ամեն ինչ կախված է քննության ընթացքից:




Լրահոս