ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«ՄԱՔՈՒՐ, ԶՈՒԼԱԼ ՆՎԱԳԵԼ ԵՄ»

Դուդուկահար Ջիվան Գասպարյանի նվաճած մրցանակներն այնքան շատ են, որ միայն դրանց թվարկումն ամբողջական էջեր կզբաղեցնի։ Ու պատահական չէ, որ աշխարհի շատ հայտնի երաժիշտներ մեր հայրենակցին լեգենդ են համարում։ Հիշեցնենք, որ Մաեստրոն անցյալ տարի դարձավ 85 տարեկան, սակայն նրա հոբելյանը Հայաստանում այդպես էլ չնշվեց։ Փոխարենը այն նշվել է Ռուսաստանում:

-ԱԺ նախագահն ինձ պարգեւատրեց ԱԺ Պատվո մեդալով, բայց 85-ամյակս մեզ մոտ չտոնեցինք։ Մտածեցի, որ խառը ժամանակներ են, բացի այդ՝ 80-ամյակս շատ լավ էինք նշել, եւ չցանկացա, որ 85-ամյակս դրանից պակաս լինի… Տարեվերջին ռուսական ութ քաղաքներում ելույթներ ունեցա։ Երկու համերգով հանդես եկա Մոսկվայում, մեկ համերգով՝ Սանկտ Պետերբուրգում։ Մոսկվայում նաեւ ուրիշ խմբեր ելույթ ունեցան՝ նվագախմբեր, հայտնի երգչուհիներ, ժողգործիքների անսամբլ… Իսկ մնացած համերգներին ես իմ խմբով եմ ելույթ ունեցել՝ նաեւ նշելով 85-ամյակս։
-Ինչպե՞ս է ընդունվում դուդուկը Ռուսաստանում, աշխարհում ընդհանրապես։
-Ես չգիտեմ, թե ուրիշ դուդուկահարներն ինչպես են ընդունվում Ռուսաստանում, բայց երբ ես եմ նվագում իմ խմբով, հանդիսատեսի 60-70 տոկոսը ռուսներ են լինում։ Հայերը գալիս են, բայց արդեն ազատ տեղ չի լինում։ Երեւի մտածում են՝ մեր դուդուկն է, էլի՛։ Երբ 18-20 տարեկան երիտասարդներ, ռուս աղջիկներ, կանայք բարձրանում են բեմ, լաց լինելով, փաթաթվելով ինձ՝ ծաղկեփնջեր նվիրում… Ուրիշ երկրներում էլ նույն ձեւով եմ ընդունվում։ Ամեն տեղ՝ սկսած աշխարհի մեծ երաժիշտներից, ինձ լեգենդ են անվանել, եւ դա պատահական չէ։ 70 տարի բեմում եմ, քարոզում եմ հայ արվեստ, ընդ որում, մաքուր հայերեն եմ նվագել, այլ ոչ թե թուրքի, քրդի, պարսիկների կամ արաբական երաժշտություն։ Այսինքն՝ ներկայացրել եմ Կոմիտաս, Սայաթ-Նովա՝ իմ իմպրովիզացիայով։ Մաքուր, զուլալ աղբյուրի նման նվագել եմ իմ խմբով։
-Իհարկե, Դուք Ձեր գործը շատ լավ եք անում, բայց եթե դուդուկահար չդառնայիք, ի՞նչ մասնագիտություն կընտրեիք։
-Ավարտել եմ համալսարանի էկոնոմիկայի ֆակուլտետը, բայց մասնագիտությամբ չեմ աշխատել։ Կոնսերվատորիա եմ ավարտել։ Բայց Աստված այդպես էր կամեցել, եւ ես ընտրեցի դուդուկը ու այդ շնորհքով էլ ապրել եմ մինչեւ այսօր, ստեղծագործել։ Եթե երաժշտության, ընդհանրապես արվեստի բնագավառում առաջինը չեղար, չարժե մնալ այդ ոլորտում։ Վատագույն դեպքում 4 գնահատական պիտի ունենաս, իսկ 3 գնահատական ունեցողը ոչ մեկին պետք չէ։ Եվ ես տարբեր մրցույթների ժյուրիի անդամներին խորհուրդ կտայի, որ չփչացնեն այդ մեր երիտասարդների ապագան. եթե նրանցից երգիչ չի դուրս գալու, թող նրանց չասեն, որ երգիչ են դառնալու։ Առանց այն էլ այնքան շատ են երգիչ-երգչուհիներ լցվել։ Իրենցը թողած՝ օտարազգիների երաժշտությունն են քարոզում։ Հեռուստացույց չեմ կարողանում դիտել. բոլորովին չի հասկացվում, որ հայկական է։ Օրինակ՝ ամանորյա հաղորդումներից ընդամենը 2-3 բան դուրս եկավ։ Չես կարողանում հանգստանալ, զգալ, որ հայ ես, Հայաստանում ես ապրում։ Կա՛մ պիտի էժան հայերեն երգեն, կա՛մ ընտրեն այնպիսի հայերեն, որ միայն իրենք են հասկանում… Իհարկե, փառք Աստծո, կան նաեւ շատ լավ երգիչներ, շատ լավ ձայներ։
-Բացի կրտսեր Ջիվան Գասպարյանից՝ Ձեր գործի այլ շարունակողներ կա՞ն։
-Շատ լավ երիտասարդներ ունենք, եւ ամեն մեկն իր ոճով է ելույթ ունենում։ Շատ լավ նվագում են, տիրապետում գործիքին։ Բայց կարեւորը ճաշակն ու հոգին են։ Նույն դասական կամ ժողովրդական երգն ամեն մեկն իր ոճով է կատարում։ Վիլյամ Սարոյանը դուդուկահարներից առաջինն ինձ է լսել եւ ասել. «Ջիվա՛ն, քո նվագը աղոթք է»։ Սա պետք է ներսից լինի։ Ես 25 տարի Թաթուլ Ալթունյանի մոտ դաստիարակվել եմ։
-Դուդուկ նվագելու համար լավ շնչառություն է անհրաժեշտ, այս տարիքում Դուք ինչպե՞ս եք կարողանում դա անել։
-Շնչառությունից, ընդհանրապես (թո՛ւ-թո՛ւ-թո՛ւ) ոչնչից չեմ դժգոհում։ Ինչ խոսք, երիտասարդ ժամանակվա աշխուժությունը մեջս չկա. կարո՞ղ եմ քսան տարեկանի հետ վազել։ Նկատի ունեմ արվեստը։ Արագությունս, կարող է, պակասել է, բայց ճաշակը, ձայնը չեն պակասել, նվագելու ոճը չի պակասել, ավելի վարպետացել է իմ նվագի մեջ… 1948թ. թվականից պրոֆեսիոնալ բեմում առանց ֆոնոգրամայի ելույթ եմ ունենում։ Ուզում եմ այսպես հեռանալ բեմից, որ ինձ միշտ լավ հիշեն, չասեն՝ ծերացել է, եւ այդպես հիշեն։

 

 

 

 

 

ԶՐՈՒՑԵԼՈՒ ՀԱՄԱՐ 50 ԴՈԼԱ՞Ր

Ինչպես տեղեկացնում է Esem-ը, «երգչուհի Նունե Եսայանի` Լաս Վեգասում կայացած մենահամերգի ժամանակ համերգասրահը գրեթե դատարկ է եղել, տոմսերը չեն վաճառվել եւ բաժանվել են տեղի դպրոցներից մեկի երեխաներին, ովքեր հրավիրվել են իրենց ընտանիքի անդամների հետ»: Իսկ երգչուհին համերգի վերջում ներկաներին հորդորել է գնալ եւ մյուսներին պատմել, թե համերգն ինչքան լավ է անցել:

Անդրադառնալով այդ տեղեկատվությանը՝ Նունե Եսայանը նույն լրատվամիջոցին վստահեցրել է, որ դահլիճը լեփ-լեցուն է եղել, եւ համերգը հիանալի է անցնել. «Դպրոցական երեխաները Լաս Վեգաս չէին կարող գալ. դա առաջին սուտն է ու ծիծաղելի: Ներկա է եղել իմ մշտական հանդիսատեսը, տոմսերը լիարժեք վաճառված են եղել: Եղել է տեսանյութ, որտեղ ամեն բան երեւում է. ես ապացուցելու ոչինչ չունեմ»: Esem-ը տեղեկություններ ունի նաեւ այն մասին, որ տոմսերի արժեքը եղել է 50-150 դոլար։ Հիշեցնենք, որ, օրինակ, աշխարհահռչակ իտալացի երգիչ ու դերասան Ադրիանո Չելենտանոյի համերգի տոմսի արժեքը մեկ դոլար է։ Չելենտանոն դա բացատրում է այն հանգամանքով, որ ինքը ժողովրդի երգիչն է, եւ մեկ դոլարով բոլորն էլ ի վիճակի կլինեն գալ իր համերգին։ Մեր բոլոր երգիչ-երգչուհիներն էլ ասում են, որ իրենք ամեն ինչ անում են ժողովրդի համար, որ իրենց համար ավելի կարեւորը ոչ թե ժողովրդականի կոչում ունենալն է, այլ ժողովրդի երգիչ լինելը, բայց… Պարզվում է նաեւ, որ երգչուհու հետ զրուցելու եւ նկարվելու համար հանդիսատեսը պետք է վճարեր եւս 50 դոլար։ Ն. Եսայանը դա այլ կերպ է բացատրել. «Ես ոչինչ չեմ պահանջել, կազմակերպչական հարցերով ես չեմ զբաղվել: Ամերիկայում էդպիսի կարգ կա` արտիստին կարող են հանդիպել որոշակի գումար վճարելու դեպքում»: Ըստ երգչուհու՝ ինքն այդ մասին իմացել է հեռուստատեսությամբ եւ անմիջապես կասեցրել դա։ Արդյունքում՝ գովազդերը փոխվել են։ Երգչուհին նաեւ հավելել է, որ «հայերի համար դա չի գործում, ծիծաղելի է, որ վճարեն ու տեսնեն արտիստին»:
Հիշեցնենք, որ ՀՀ անկախության օրը՝ սեպտեմբերի 21-ին, Հանրապետության հրապարակում կայացած Նունե Եսայանի մենահամերգը մեր՝ հարկատուներիս վրա նստեց 54,6 միլիոն դրամ։ Մենք բազմիցս փորձել էինք եւ երեկ էլ փորձեցինք կապվել երգչուհու հետ, սակայն ապարդյուն։ Երբ երգչուհին կամ հեռախոսազանգին պատասխանողը տեղեկանում են, թե ով է զանգահարողը, խոստանում են փոքր-ինչ ավելի ուշ կապվել ու… քո հեռախոսահամարը հայտնվում է երգչուհու սեւ ցուցակում։

Նյութերը` ՌՈՒՍԼԱՆ ԹԱԹՈՅԱՆԻ

 

 

 

 

 

ԼՈՒՐԵՐ

 

ՄԵԳ ՌԱՅԱՆԸ` ԿԻՆՈՌԵԺԻՍՈՐ

Հոլիվուդյան դերասանուհի Մեգ Ռայանը պատրաստվում է հանդես գալ որպես կինոռեժիսոր: Նա մտադիր է էկրանավորել ամերիկահայ գրող Վիլյամ Սարոյանի «Մարդկային կատակերգություն» վեպը: ֆիլմը կկոչվի «Իթաքա»: Նշենք, որ «Մարդկային կատակերգության» սցենարով դեռեւս 1943թ. նկարահանվել է ֆիլմ, որի գլխավոր դերակատարը Միքի Ռունին է: Սցենարիստի պաշտոնից հեռացված Սարոյանը գրել է իր գիրքն արդեն այն բանից հետո, երբ հեռացվել է ֆիլմի նկարահանումներից: Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիների Ամերիկայի մասին պատմող ֆիլմում, բացի Ռայանից, կխաղան Մելանի Գրիֆիտը եւ դերասանուհու որդին՝ Ջեք Քուեյդը:

 

ԶՐԿՎԵՑ «ՕՍԿԱՐ»-ԻՑ

Կինոարվեստների ամերիկյան ակադեմիան աննախադեպ քայլ է կատարել՝ հետ կանչելով «Ֆիլմի լավագույն երգ» անվանակարգում «Օսկար»-ի ներկայացված «Միայնակը միայնակ չէ» երգը՝ գրված համանուն ֆիլմի համար: Որոշումն ընդունվել է երգահան Բրյուս Բրոտոնի գործողությունների պատճառով, որը խախտել է քվեարկության կարգը: Կանոնների համաձայն՝ երաժշտական հանձնաժողովից 240 ակադեմիկոս, որոնք ձայնի իրավունք ունեն, ստացել են երգերով եւ սաունդթրեքներով սկավառակներ՝ առանց երգահանների մասին եւ այլ ուղեկցող տեղեկության: Ակադեմիկոսներին առաջարկվել է լսելուց հետո ընտրել հնգական լավագույն երգ եւ լրացված թղթերը փոխանցել ակադեմիային: Բրոտոնը, որն ակադեմիայի նախկին ղեկավարն է եւ երաժշտական հանձնաժողովի անդամ, քվեարկության ընթացքում էլեկտրոնային նամակ է ուղարկել գործընկերներին՝ հիշեցնելով այն մասին, որ թեկնածուների թվում կա նաեւ իր երգը: Հանձնաժողովը որոշել է, որ Բրոտոնի գործողությունները չեն համապատասխանել քվեարկության հաստատված գործընթացին:

 

ԿԱՐՈՂ Է ՀԱՂԹԱՀԱՐԵԼ ՔԱՂՑԿԵՂԸ

Երգչուհի Ժաննա Ֆրիսկեն կարող է հաղթահարել քաղցկեղը: Այժմ երգչուհին բուժման կուրսեր է անցնում Նյու-Յորքի կլինիկաներից մեկում: Նա արդեն մի քանի ճառագայթային կուրս է ընդունել: «Ամերիկացի ուռուցքաբանները կարծում են, որ Ժաննան կարող է ապրել լիարժեք կյանքով: Բժիշկներն այս շաբաթ խորհրդակցություն կանցկացնեն` բուժման հետագա կուրսը մշակելու համար»,-ասել է երգչուհու պրոդյուսեր Անդրեյ Շլիկովը: Վերջերս երգչուհին շնորհակալություն էր հայտնել բոլորին, ովքեր իրեն աջակցել են խոսքով, աղոթքներով, ինչպես նաեւ գումարով:




Լրահոս