Գագիկ Խաչատրյանի կինը միլիոնավոր դոլարներ է կուտակել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Armlur.am-ը բազմիցս ներկայացրել է, թե ինչ ունեցվածք ունեն և ինչպես են ապրում ՀՀ պաշտոնյաներն ու նրանց տեղակալները: Սակայն նրանցից ետ չեն մնում նաև պաշտոնյաների կանայք: Armlur.am-ն այսուհետ կներկայացնի նաև նրանց կանանց կարողությունը: Այս անգամ կներկայացնենք  մեծ ունեցվածքի տեր, Ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանի կնոջ՝ Եփրեմյան Լաուրայի կարողությունը:

Սկսենք դեռևս 2011թ. ներկայացրած հայտարարագրից: Նախ նշենք, որ նա իր կարողությամբ ետ չի մնում իր նախարար ամուսնուց: Լ. Եփրեմյանն անշարժ ու շարժական գույքի գործարքներ չի կատարել, սակայն հայտարարագրել է միլիոնների հասնող դրամական միջոցներ: Եվ այսպես, 2011թ. տարեկան հայտարարագրի տվյալներով, նախարարի կինը տարվա սկզբին ունեցել է 187 մլն 200 հազար դրամ, որը տարվա վերջում աճել է՝ դառնալով 188 մլն դրամ: Բացի այս, նա այդ ժամանակ ունեցել է նաև 2 մլն 765 հազար 200 դոլար: Լաուրա Եփրեմյանը 2011թ. ընթացքում կարողացել է աշխատանքի վարձատրության շնորհիվ վաստակել 671.740 դրամ:

2012թ. նրա կողմից ներկայացված դրամական միջոցների տվյալները փոփոխության չեն ենթարկվել: Ստացվում է, որ այդ մեկ տարվա ընթացքում նա ոչ մի դրամով չի մեծացրել իր կարողությունը, որը, մեղմ ասած, զարմանալի է: Արդեն 2012թ. ընթացքում՝ կրկին աշխատանքի վարձատրության շնորհիվ, նա կարողացել է վաստակել 667 հազար 560 դրամ:

2013թ. հայտարարագրում ներկայացված տվյալները մի փոքր փոփոխության են ենթարկվել: Հետաքրքիր է, որ նրա դրամական միջոցները ոչ թե աճել են, այլ նվազել: Սակայն նվազումն էլ այնքան չնչին է, որ դա նախարարական ընտանիքի կարողությանը ոչ մի էական վնաս չի կարողացել պատճառել: Երկու տարի անփոփոխ մնացած 188 մլն դրամը նվազել է՝ դառնալով 180 մլն դրամ, իսկ 2 մլն 765 հազար 200 դոլարը դարձել է 2 մլն 745 հազար դոլար: 2013թ. ընթացքում միայն աշխատանքի վարձատրության շնորհիվ նա կարողացել է վաստակել 680 հազար 400 դրամ:

Մամուլը բազմիցս անդրադարձել է Գագիկ Խաչատրյանի բիզնեսներին: Նրան են պատկանում Հայաստան տարբեր ապրանքների ներկրմամբ զբաղվող մի քանի ընկերություններ: Նաև տեղեկություններ կան, թե նրան է պատկանում ժամացույցների և ոսկյա զարդերի վաճառքով զբաղվող «Խրոնոգրաֆ» ընկերությունը, որտեղ ներկայացված ապրանքների գները բավական թանկ արժեն:

Ավելորդ չէ նշել նաև, որ, ըստ տեղեկությունների, Գագիկ Խաչատրյանին է պատկանում նաև ինտերնետ, հեռուստատեսություն և հեռախոսակապ մատակարարող Ucom ընկերությունը:

Հետաքրքիր է, որ համապատասխան մարմինները չեն ցանկանում հետաքննել, թե միայն աշխատավարձով ապրող նախարարն ու իր կինն ինչպես են կարողանում նման գումարներ և բիզնեսներ ունենալ:




Լրահոս