15-ամյա աղջկան բռնաբարած երիտասարդն իրեն մեղավոր չի ճանաչել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բռնաբարության մեջ մեղադրվող 26-ամյա Անուշավան Մաճկալյանի պաշտպանի վճռաբեկ բողոքը վերջերս վերադարձվել է:

Հիշեցնենք, որ Տավուշի մարզի Կողբ գյուղի բնակիչը մեղադրվում էր անչափահաս, քրեական գործի տվյալների համաձայն` մտավոր զարգացման խնդիրներ ունեցող 15-ամյա Է. Մ.-ին բռնաբարելու մեջ: Առաջին ատյանի դատարանի կայացրած վճռով Մաճկալյանը դատապարտվել է 8 տարի 9 ամիս ժամկետով` ՀՀ ՔՕ 138 հոդվածի 3 մասով:

Armlur.am-ը մեղադրական եզրակացությունից տեղեկանում է, որ Անուշավան Մաճկալյանը 2012թ օգոստոսի 30-ին ժամը 22:00-ի սահմաններում, գտնվելով ոգելից խմիչքի ազդեցության տակ, Տավուշի մարզի Բերդավան գյուղի Միստրեստ կոչվող հանդամասում, օգտագործելով նույն գյուղի՝ 14 տարին չլրացած անչափահաս բնակչուհի Է. Մ.-ի անօգնական վիճակը, նրա կամքին հակառակ սեռական հարաբերություն է ունեցել վերջինիս հետ:

Այսպիսով` դատարանը հաստատված է համարել նախաքննական մարմնի այն ապացույցները, որոնց համաձայն երկու անչափահաս երեխաներ ունեցող Մաճկալյանը կատարել է իրեն մեղսագրվող արարքը:

Նախաքննությանն ամբաստանյալը ցուցմունք է տվել այն մասին, որ ճանաչել է տուժողի քրոջը` Անուշ Մուրադյանին, և իմացել է, որ նա ունի քույրեր և եղբայր: Մի օր նրանց տանը ալկոհոլ է օգտագործել և այն ժամանակ, երբ պետք է սպասեր տաքսու վարորդին, առաջարկել է՝ տան անդամներից որևէ մեկը դրսում կանգնի իր հետ: Անուշի փոքր քույրը տվել է իր համաձայնությունը: Ճանապարհին նրանք նստել են, և անչափահաս տուժողը սկսել է շոշափել նրա պարանոցն ու ոտքերը: Մաճկալյանն անչափահասին ասել է, որ չի կարելի, սակայն նա շարունակել է: Այնուհետև Է. Մ.-ն իջեցրել է իր անդրավարտիքը և վարտիքը, որից հետո ինքը նստած տեղից կանգնել է: Վայրկյաններ անց նրանց միջև սեռական հարաբերություն է տեղի ունեցել, և երբ Մաճկալյանը գիտակցել է` ինչ է անում, հետ է կանգնել, ապա հարված զգացել ծոծրակի հատվածում:

Հարվածողը եղել է անչափահասի քույրը` Անուշը, ով սկսել է գոռգոռալ` միաժամանակ ապտակելով նաև քրոջը: Իսկ տուժողի ցուցմունքն ամբողջովին այլ պատկեր է արձանագրում. ըստ դրա` Է. Մ.-ին Անուշավանը պառկեցրել է հատակին և փորձել նրա հետ սեռական հարաբերություն ունենալ: Ինքը գոռացել է, խնդրել, որ իր հետ նման բան չանի, սակայն Մաճկալյանը նրան չի լսել:

Դատաբժշկական փորձաքննության եզրակացության համաձայն` անչափահասն իսկապես տվյալ ժամանակահատվածում ենթարկվել է բռնաբարության:

Այսպիսով` դատարանի իրավական վերլուծությունների համաձայն` ամբաստանյալը բռնաբարել է անչափահասին և արժանի է պատժի: Որպես ամբաստանյալի պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանք` Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանը հաշվի է առել խնամքի տակ մինչև 14 տարեկան երկու երեխայի առկայությունը:




Լրահոս