Շ. Հարությունյանի կալանավորումը քաղաքական հետապնդում է. «Ազատ դեմոկրատներ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ազատ դեմոկրատներ» կուսակցությունը պաշտոնական հաղորդագրություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև.

«Հոկտեմբերի 17-ին Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Շանթ Հարությունյանի և նրա ընկերների նկատմամբ կայացված դատավճիռն ակնհայտ քաղաքական հետապնդում է:

Ազատ դեմոկրատներ կուսակցությունը դատապարտում է Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավճիռը, քանզի այն կայացվել է ելնելով Շանթ Հարությունյանի և նրա կողմնակիցների քաղաքական հայացքներից ու այդ կերպ կոպտորեն ոտնահարվել է անձի սահմանադրական իրավունքը: Առանձնակի ուշադրության է արժանի այն անընդունելի երևույթը, երբ քաղաքական հայացքների համար հետապնդվում է նաև Շանթ Հարությունյանի անչափահաս որդին` Շահեն Հարությունյանը: Սա ևս խոսում է իշխանությունների անհանդուրժողականության դրսևորման մասին:

Ազատ դեմոկրատներ կուսակցությունը նաև համարում է, որ Վոլոդյա Ավետիսյանի և Վարդան Պետրոսյանի նկատմամբ կայացված դատական վճիռները ևս ակնհայտ քաղաքական հետապնդում են: Փաստացիորեն, ՀՀ իշխանությունների` մասնավորապես ՀՀ դատական համակարգի թեթև ձեռքով անտեսվում է ՀՀ քաղաքացիների Սահմանադրական իրավունքները: Պետք է օր առաջ վերջ դնել այս արատավոր երևույթին, քանզի իրեն ժողովրդավար հռչակած պետության համար քաղբանտարկյալների առկայությունը պետք է անընդունելի և անհամատեղելի լինի:

Ազատ դեմոկրատներ կուսակցության լրատվական ծառայություն 21 հոկտեմբերի, 2014թ.»:




Լրահոս