«Խոսելու փոխարեն՝ պետք է գործել»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դերասանուհի Լիլի Էլբակյանի ամուսինը` ռեփեր, սերիալային դերասան Համոն, նույն ինքը՝ «Քաղաքում»-ի Ռշտունը, մի քանի օրից կրկին զգալու է հայրության բերկրանքը: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում Համոն կիսվել է իր զգացումներով, պատմել իր առաջիկա ծրագրերի եւ հուզող խնդիրների մասին:

Նոր կոմեդիայում՝ գյուղի տղայի կերպարում:

Այժմ նկարահանվում եմ կոմեդիայի ժանրի նոր ֆիլմում: Այն էկրանին կլինի հաջորդ տարի: Ռեժիսորն իմ ընկերն է, այլ մանրամասներ դեռ չեմ հայտնի: Իմ կերպարն ինձ շատ դուր եկավ, մարմնավորում եմ գյուղում ապրող երեք տղաներից մեկին: Սա միանգամայն տարբերվում է նախկինում իմ կերտած կերպարներից: Ֆիլմի հիմքում ընկած է գյուղի եւ քաղաքի մարդկանց մենթալիտետի տարբերության եւ դրանից ծագող հակասությունների թեման: Կոմեդիայում նկարագրվում է քաղաքից եկած աղջիկների եւ գյուղի տղաների բնավորությունների բախումը:

Ռեփը մղվել է հետին պլան:

Այնքան եմ դերասանական կարիերայով տարվել, որ ռեփը բավական հետ եմ մղել: Բացի սերիալում նկարահանվելուց ու թատրոնում ներկայանալուց երրորդ տեղում էլ եմ աշխատում (բայց չեմ ասի՝ որտեղ. գաղտնիք է), ժամանակս չի հերիքում երաժշտությանը նվիրելու համար: Նաեւ մի խնդիր էլ կա. եթե մի ժամանակ ստեղծագործում էինք ինչ-որ բաներ, այդ թվում՝ ֆինանսներ վերադարձնելու ակնկալիքով, հիմա արդեն բանը դրան չի հասնում: Օրինակ՝ ձայնասկավառակ թողարկելը, այդ առումով, անիմաստ է, իսկ տեսահոլովակ նկարահանելու համար, ինչպես գիտենք, մեծ գումարներ են պետք:

Այնուամենայնիվ, երկրպագուներիս հայտնեմ, որ «սինգլ» տարբերակով երկու նոր երգ եմ թողարկելու, որոնց հեղինակը հենց ես եմ: Կարծում եմ՝ մեկ տարի անց, արդեն որպես ռեժիսոր, ինքս կմտածեմ տեսահոլովակ նկարահանելու մասին: Երգերից մեկը մեր քաղաքի թեմայով է: Ուզում եմ փոխանցել այն մեսիջը, որ եթե ուզում ենք՝ մեր քաղաքում ինչ-որ բան փոխվի, պետք է ոչ թե խոսել, ամպագորգոռ բաներ գրել սոցցանցերում, նստել ու սրան-նրան փնովել, այլ գործել, ընդ որում՝ կազմակերպված: Իսկ մյուս երգը նվիրված է իմ եւ, առհասարակ, բոլոր երեխաներին:

«Մի քանի օրից տղա պետք է ունենամ. էմոցիաներս շատ խառն են»:

Այնքա՜ն եմ սպասում որդուս ծնունդին…Մի քանի օրից տղա պետք է ունենամ. էմոցիաներս շատ խառն են, զգացումներս՝ անբացատրելի: Սպասումի ամեն վայրկյանը վայելում եմ: Արդեն ամեն ինչ առել ենք փոքրիկի համար: Ապագա որդուս անունը որոշել ենք Էդգար դնել՝ երջանկահիշատակ քեռու պատվին: Աղջիկս՝ Էլմին (Էլմիրա), անհամբեր սպասում է եղբոր ծնունդին: Ամեն օր ուրախությամբ հաշվում է՝ երբ է գալու այն օրը, որ եղբորը խնամելու հարցում կօգնի իր մայրիկին, կքնեցնի փոքրիկին:

«Ուզում եմ որդուս ժամանակին համահունչ դաստիարակել»:

Թե ինչպես կդաստիարակեմ երեխայիս, կախված է մեր ժամանակի արժեքներից: Ամեն բան շատ արագ փոխվում է, հիմա կան արժեքներ, որ վաղուց տրորվել-անցել են: Իմ աղջիկը դեռ երեք տարեկան է, մանկապարտեզ է գնում, մի օր զանգեց, խնդրեց, որ իրեն խաղալիք ատրճանակ գնեմ…Չգիտեմ՝ երևի ժամանակներն են այդպիսին…Ուզում եմ ապագա որդուս ամեն հարցի շուրջ ճիշտ բացատրություն տալ, նրան ժամանակին համահունչ դաստիարակել:

«Այսօր բոլորն անտարբեր են միմյանց նկատմամբ»:

Երբեմն շուրջս նայելով՝ տարբեր մտորումներ եմ ունենում: Ինձ շատ է մտահոգում մարդկանց անտարբերությունը: Բոլորը գնում են գործի, աշխատում իրենց «իքս» գումարն ու վերադառնում տուն, եւ այդպես՝ ամեն օր. կարծես զոմբիացել են…Հիշում եմ՝ մի ժամանակ, երբ վարձով էի ապրում, երեք տարիների ընթացքում նկատեցի, որ հարեւանը հարեւանին չի ճանաչում, անգամ չի բարեւում: Իսկ նախկինում մարդիկ ավելի հոգատար էին միմյանց նկատմամբ: Շատ կուզենամ, որ այդ անտարբերությունը մարդկանց շրջանում վերանա:

Աննա Բաբաջանյան




Լրահոս