Ոչ մի հղի կին չպետք է տուժի. Հովիկ Աբրահամյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Հովիկ Աբրահամյանն անդրադարձավ Ժամանակավոր անաշխատունակության մասին օրենքի հետ կապված դժգոհություններին և Աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանին հանձնարարեց այնպես անել, որ ոչ մի հղի կին չտուժի:

«Պետք է այնպես անել, որ ոչ մի հղի կին չտուժի: Մարդկանց հետաքրքրում է այս օրենքը: Կառավարությունը չի գնա որևէ քայլի, որի արդյունքում կտուժեն հղի կանայք», – ընդգծեց վարչապետը:

«Հանրային քննարկումները բավականին լավ արձագանք են գտել, առաջարկներ են եղել», – նշեց Արտեմ Ասատրյանը:

«Լավ արձագանք չի եղել, մենակ դժգոհություն եմ լսել»- հակադարձեց վարչապետը:

Նախարարը բացատրեց, թե նկատի ունի, որ արձագանքներ են հնչել և բավականին շատ առաջարկներ են ստացվել, որոնք էլ հաշվի կառնվեն օրենքը վերամշակելիս:

Հովիկ Աբրահամյանը մեկ անգամ ևս ընդգծեց, որ առաջին պայմանը պետք է լինի այն, որ ոչ մի աշխատող հղի կին չպետք է տուժի:

Հիշեցնենք, որ նախագծով նախատեսվում է կրճատել աշխատող կանանց տրվող հղիության և ծննդաբերության նպաստները, փոխարենը՝ չաշխատող կանանց նվազագույն աշխատավարձի չափով նպաստ տրամադրել: Արտեմ Ասատրյանը շեշտեց, որ շատ են անարդարություններն այս նպաստներն ստանալից: 




Լրահոս