Սպանվածի հարբած ընկերը բռունցքով հարվածել է բուժքրոջ դեմքին, իսկ վարորդը փախել է. նոր մանրամասներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես արդեն հայտնել է Armlur.am-ը, երեկ Գյումրի քաղաքում դժբախտ դեպք է տեղի ունեցել: 26-ամյա Արտյոմ Ադանալյանը դանակահարվել և մահացել է:

Armlur.am-ի տեղեկություններով՝ նախքան դեպքը սպանվածի հայրն ու ընկերը, որոնց հայտնաբերել են դիակի մոտ, եղել են ալկոհոլի ազդեցության տակ: Տանը, բացի հորից, մորից և սպանվածի ընկերոջից, այլ մարդիկ չեն եղել, ու մինչ շտապ օգնության մեքենան ժամանել է դեպքի վայր, Արտյոմն արդեն մահացած է եղել, իսկ հարազատներն էլ ալկոհոլի չափաբաժնի չարաշահման հետևանքով ծեծի են ենթարկել բուժաշխատողներին:

Ինչպես մեզ հայտնեց Շիրակի մարզի Առողջապահության պետական տեսչության ղեկավար Հովհաննես Հովհաննիսյանը, ծեծի ենթարկված բուժաշխատողների վիճակը բավարար է, նրանք դեպքից ժամեր անց կրկին անցել են աշխատանքի:

Բժշկի փոխանցմամբ՝ սպանվածի հարազատները եղել են ալկոհոլի ազդեցության տակ, սեռական բնույթի հայհոյանքներ են հնչեցրել բուժքրոջ հասցեին, իսկ այն պահին, երբ վերջինս փորձել է ներարկում անել, Արտյոմի ընկերը բռունցքով հարվածել է նրա դեմքին:

«Լուրջ վնասվածքներ չունեն մեր աշխատողները: Նրանք մինչև վերջ կատարել են իրենց աշխատանքը, մի քանի ժամ պահել ենք մեր հսկողության տակ, իսկ երեկոյան կրկին անցել են աշխատանքի: Պարզապես նրանք հոգեպես են շատ ճնշված: Երբ մարդիկ ալկոհոլի ազդեցության տակ են լինում, արդյունքն էլ հենց սա է լինում»,- ասաց բժիշկ Հովհաննիսյանը՝ հավելելով, որ առավել մեծ վնաս հասցվել է շտապ օգնության մեքենային: Սակայն, բժշկի խոսքով, վնասն ավելի մեծ կլիներ, եթե վարորդը չփախչեր դեպքի վայրից: Մեր զրուցակիցը հայտնեց, որ վարորդը մեքենան արագ տեղախոխել է այնտեղից, երբ նկատել է, որ սպանվածի ընկերը փորձում է լոմով հարվածել մեքենայի դիմապակուն:

Բժիշկը տեղեկացրեց, որ իրենք դիմել են ոստիկանություն:

Արտյոմ Ադամալյանի հայրն ու ընկերը բերման են ենթարկվել Ոստիկանության Մուշի բաժին:

ՀՀ քննչական կոմիտեից տեղեկացանք, որ ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով (սպանություն):




Լրահոս