«Դու ո՞վ ես, որ անալիզ անես, ա՛յ անասուն բժիշկ». Դեմիրճյանների ընտանիքի շահերի պաշտպանը՝ ցմահ դատապարտյալին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

1999թ. հոկտեմբերի 27-ին ՀՀ Ազգային ժողովի նիստերի դահլիճում ահաբեկչության գործով ցմահ ազատազրկման դատապարտված 50-ամյա Էդուարդ Գրիգորյանի հայտարարությունը, թե պատրաստվում է դեպքի վերաբերյալ կարևոր մանրամասների մասին բարձրաձայնել 15 տարի անց, Դեմիրճյանների ընտանիքի շահերի պաշտպան Աշոտ Սարգսյանը ցնդաբանություն որակեց: Փաստաբանն Armlur.am-ի հետ զրույցում վստահեցրեց, որ ցմահ դատապարտյալն այս կերպ փորձում է հիշեցնել իր գոյության մասին:

«Ինչ-որ դասախոսություններ է ուզում կարդալ: Եթե բան ունի ասելու, թող նամակ գրի դատախազին, ասի՝ սենց-սենց բան կա, նոր հանգամանքների շուրջ եկե՛ք ինձ հարցաքննեք, թե չէ հոկտեմբերի 27-ին կատարվածի անալիզներ է անում: Դու ո՞վ ես, որ անալիզ անես, ա՛յ անասուն բժիշկ: Ես նրա հայտարարության մեջ չտեսա մի բան, որի հիման վրա հենց քրեական գործի հանգամանքների շուրջ կարելի կլիներ մտածել, դեռ քաղաքական մասն ու բամբասանքները դնում եմ մի կողմ»,- շարունակեց Աշոտ Սարգսյանը՝ միաժամանակ հավելելով, որ ցմահ դատապարտյալ Էդուարդ Գրիգորյանը նշում է, թե կխոսի ԱԺ պատգամավոր Արմենակ Արմենակյանի սպանության մասին, ինչից բացի՝ քրեական գործի հանգամանքների շուրջ որևէ բան չի ասում:

Դեմիրճյանների ընտանիքի շահերի պաշտպանը խոստացավ, որ եթե դատապարտյալը որևէ հստակ և հանգամանալից հայտարարություն անի, ինքը կվերլուծի և կմեկնաբանի՝ ինչ նկատառումներ ունի Էդուարդ Գրիգորյանը, և որն է նրա՝ հայտարարություններ անելու նպատակը:

«Մեկը նստած հնագույն պատմությունն է գրում, սա էլ՝ նորագույնը: Ցնդաբաններ են, էլի: Ես նրա այդ հայտարարությունից բան չհասկացա. միայն այն, որ հանգամանքների վերաբերյալ հայտարարություններ է անելու: Ո՞ր հանգամանքների, կազմակերպիչների՞, հա՞: Դրան լո՞ւրջ վերաբերվել: Բայց նա բան չի ասել: Վերացական, ախմախ ցնդաբանություններ են: Միայն ասում է՝ Արմենակ Արմենակյանի սպանության մասին բան կասեմ: Բացի դրանից՝ քրեական գործի հանգամանքների մասին չի ասում: Չի ասում կազմակերպիչների մասին: Թող ասի, ես կհամադրեմ գործի նյութերին ու կհասկանամ ՝ ինչ նպատակներ ունի»,- եզրափակեց փաստաբան Աշոտ Սարգսյանը:

Հիշեցնենք, որ օրեր առաջ 1999թ. հոկտեմբերի 27-ին ՀՀ Ազգային ժողովի նիստերի դահլիճում ահաբեկչության գործով ցմահ ազատազրկման դատապարտված 50-ամյա Էդուարդ Գրիգորյանը հայտարարել էր, թե պատրաստվում է ամեն ինչ պատմել դեպքի մասին: Թե ինչու դեպքից 15 տարի անց, ցմահ դատապարտյալը բացատրում է հետևյալ կերպ. «Ողորմի ինտերնետ հնարողի հորը: Ես պատրաստվում եմ ձեզ հետ խոսել փաստերով ու փաստաթղթերով, որոնք կարելի է ստուգել: Եվ կախված չեմ ոչ մի վարձու լրագրողից կամ լրատվամիջոցից»:

Մասնագիտությամբ մանկական օրթոպեդ-տրավմատոլոգը հայտարարել է նաև, որ հանգամանորեն ու փաստարկված ներկայացնելու է իրական պատճառները, դեպքը և հետևանքները, պատմելու է այն ամենը, ինչը երկար տարիներ «համառորեն և բավական փնթի ձևով փորձում են թաքցնել հասարակությունից»:

Հիշեցնենք նաև, որ 15 տարի առաջ հոկտեմբերի 27-ին՝ երեկոյան 17։00-ի սահմաններում, ՀՀ Ազգային ժողովի դահլիճ են ներխուժել Նաիրի Հունանյանը, Կարեն Հունանյանը, Էդուարդ Գրիգորյանը, Վռամ Գալստյանն ու Դերենիկ Բեջանյանը՝ կրակ բացելով պատգամավորների և նախարարների ուղղությամբ։ Վարչապետ Վազգեն Սարգսյանը և ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանը, ինչպես նաև ԱԺ փոխնախագահներ Յուրի Բախշյանը, Ռուբեն Միրոյանը, պատգամավորներ Միքայել Քոթանյանը, Հենրիկ Աբրահամյանը, Արմենակ Արմենակյանը, օպերատիվ հարցերով նախարար Լեոնարդ Պետրոսյանը սպանվեցին:

Տաթև Հարությունյան




Լրահոս