Գնդակոծվող տարածքները շրջանցող ճանապարհի շինարարությունը ձգձգվում է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արդեն 3 օր է, ինչ Վազաշեն-Պառավաքար հիմնական ավտոճանապարհին զուգահեռ շահագործվում է նույն հատվածի շրջանցիկ ճանապարհը: Վազաշենի գյուղապետ Լորիկ Բադիրյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, որ դա կապված է վերջին օրերին ադրբեջանական զինուժի կողմից Տավուշի մարզի տարածքի գնդակոծության հետ:

Վազաշենի գյուղապետի խոսքերով՝ այդ շրջանցիկ ավտոճանապարհի 1/3 ասֆալտապատ է, մնացածը՝ հողածածկ: Բադիրյանն ասաց, որ ճանապարհի մի մասն անցնում է անտառի միջով, որտեղ խոնավ է, գետինը դժվար է չորանում: Վազաշեն-Պառավաքար 3.2 կմ երկարությամբ շրջանցիկ ավտոճանապարհի շինարարությունը պետք է ավարտվեր այս տարվա հունիսին: Այն 1.8 կմ-ով կրճատելու է այդ տարածքում երթեւեկությունը եւ ապահովելու է սահմանամերձ հատվածում երթեւեկի անվտանգությունը դիմացի բարձունքներում գտնվող ադրբեջանական հենակետերից արձակվող կրակոցներից:

Այդ ճանապարհը կառուցում էր Իջեւանի ճանապարհների շինարարության եւ շահագործման ընկերությունը, որը խոստացել էր մինչեւ այս տարվա հունիսի վերջ այն գործարկել: Դա չարվեց, սեպտեմբերին փոխվեց ճանապարհի կառուցապատողը, գործը տրվեց Երեւանի «Խաչհար» ՍՊԸ-ին:

Այս ընկերությունն էլ պարտավորվել էր մինչեւ հոկտեմբերի վերջ ավարտել կարեւոր նշանակություն ունեցող ճանապարհի շինարարությունը: Բայց էլի չհասցրեց:
Այստեղ տրամաբանական ու շատ կարեւոր հարց է առաջանում. եթե շրջանցիկ ճանապարհը ռազմավարական նշանակություն ունի, անվտանգության առումով շատ կարեւոր է, ինչո՞ւ բազմիցս խախտվեց այն գործարկելու ժամկետը:

Ոսկան Սարգսյան




Լրահոս