Դատարանի անսպասելի որոշումը պայմանական վաղաժամկետ ազատման հանձնաժողովն արհամարհում է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վերջին շրջանում հայաստանյան դատարանները պարբերաբար զարմացնում են իրենց կողմից կայացրած որոշումներով, մասնավորապես՝ արդարացման վճիռներ կայացնելով:

Աննախադեպ, միաժամանակ՝ ուրախացնող է այն փաստը, որ նոյեմբերի 27-ին Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է «Արթիկ» ՔԿՀ դատապարտյալ Արթուր Այվազյանի (Մանախ) շահերի պաշտպան Հայկ Ալումյանի բողոքը: Այսպիսով՝ դատարանը վերացրել է Արդարադատության նախարարության «Արթիկ» ՔԿՀ վարչական հանձնաժողովի՝ սեպտեմբերի 30-ին կայացրած որոշումը, որով մերժվել էր Արթուր Այվազյանի նկատմամբ պատիժը պայմանականորեն չկիրառելու կամ պատժի չկրած մասն առավել մեղմ պատժի տեսակով փոխարինելու միջնորդությունը: Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը պարտավորեցրել է վարչական հանձնաժողովին դատապարտյալի նկատմամբ պատիժը պայմանական վաղաժամկետ ազատելու միջնորդագիր ներկայացնել անկախ հանձնաժողովին:

Այստեղ հատկանշական է այն հանգամանքը, որ Արթուր Այվազյանին մեղադրանք է առաջադրված ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի հատկանիշներով, այն է՝ սպանություն: Այս պարագայում դատարանի կողմից նման որոշման կայացումը հիրավի երբևէ չպատահած է, իսկ վարչական հանձնաժողովը, կարծես թե, արհամարհում է դատարանի կայացրած որոշումը:

Նշենք, որ Արթուր Այվազյանը 2001 թվականին դատապարտվել է ազատազրկման 14 տարվա ազատազրկման և տարիներ շարունակ պայքարում է պայմանական վաղաժամկետ ազատման համար, իսկ պայմանական վաղաժամկետ ազատման հանձնաժողովը հրաժարվում է նրա նկատմամբ կիրառել օրենքի այդ դրույթը:

Armlur.am-ը ստեղծված իրավիճակի շուրջ զրուցեց Ա. Այվազյանի հարազատների հետ, ովքեր մեզ հայտնեցին, որ Հայկ Ալումյանը պատրաստվում է բողոքարկել որոշումը: Դատապարտյալի հարազատների խոսքով՝ զարմանքի է արժանի այն համգամանքը, որ անկախ հանձնաժողովին միջնորդություն է ներկայացվել դեկտեմբերի 8-ին, 5 օր անց՝ դեկտեմբերի 13-ին (շաբաթ օրը ոչ աշխատանքային օր է) ժամը 17:10-ի սահմաններում անկախ հանձնաժողովի անդամներից Տիգրան Երանոսյանը, ով, ի դեպ, նախագահի աշխատակազմի իրավաբանական վարչության առաջատար ներկայացուցիչներից մեկն է, և Ռուբեն Աղուզումցյանը ՝ ԵՊՀ Հոգեբանության ֆակուլտետի դասախոս, ուսումնասիրություն են կատարել, որն ավարտվել է 17:30-ին: Այսինքն՝ 20 րոպե տևած «ուսումնասիրությունը» հիմք ընդունելով՝ որոշում է կայացվել: Դատապարտյալների հարազատները հայտնեցին, որ այս ամենն ապացուցող բոլոր համապատասխան փաստաթղթերը կան:

«Ըստ օրենսդրության գործող կարգի՝ նրանք պարտավոր էին անձնական գործին ծանոթանալ, սակայն նրանք այնքան արագաշարժ են, որ 46 հատորանոց անձնական գործը՝ 29 հազար 6 հարյուր թերթից բաղկացած, կարողացել են 20 րոպեում ուսումնասիրել և անձնական գործին ծանոթանալ: Դեկտեմբերի 15-ին Արթուրը դիմել է հանձնաժողովի նախագահ Գագիկ Համբարձումյանին՝ խնդրելով ապահովել իր և փաստաբանի պարտադիր մասնակցությունը հանձնաժողովի նիստին, քանի որ, ըստ օրենքի, անկախ հանձնաժողովի որոշումները ենթակա չեն բողոքարկման: Եվ այդ դիմումը մինչ այսօր անպատասխան է մնացել: Ու հիմա հարց է առաջանում, եթե նրանք ներկա չեն գտնվել, ինչպե՞ս հասկանանք՝ հրամանագրի սահմանված կարգը խախտվել է, թե՝ ոչ: Մենք չիմանա՞նք՝ նրանք ինչպես ե քննում, ինչպես են քննարկում»,- իրենց խոսքում նշեցին դատապարտյալի հարազատները:

Վերջիններս հայտնեցին նաև, որ 5 օր անց կայացված որոշման մեջ նշված է, թե Արթուր Այվազյանին պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատելու կամ պատժի չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով կրելու մասին հիմնարկի վարչակազմի որոշմանը չտալ հավանություն: Վերջին արտահայտության վրայով, ըստ մեր զրուցակիցների, գիծ է քաշված, փոխարենը գրված՝ դատարանի որոշմանը չտալ հավանություն:

«Հանձնաժողովի այս որոշումն աբսուրդ է: Այն անգամ զարմանք է առաջացրել մի շարք իրավաբանների մոտ: Անկախ նրանից՝ հիմնարկն ինչ կասի, ինչ չի ասի, Հայաստանի Հանրապետության դատարանը գտել է, որ պետք է ներկայացնեն պայմանական վաղաժամկետ ազատման միջնորդագիր»,- եզրափակեցին մեր զրուցակիները:

Մնում է հուսալ, որ համապատասխան մարմինները հետևողական կլինեն և, ի վերջո, պայմանական վաղաժամկետ ազատման հանձնաժողովը կսկսի արդարացի որոշումներ կայացնել: Նշենք, որ պարբերաբար մի շարք ազատազրկվածների կողմից բողոքի ալիքներ են բարձրանում՝ կապված հանձնաժողովի հետ:

Տաթև Հարությունյան




Լրահոս