Հովիկ Աբրահամյանի համար դժվա՞ր կլինի պայքարել սեփական անձի դեմ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այն հանգամանքը, որ կեղծիքը պատել է Հայաստանը, վաղուց հայտնի իրողություն է, բայց որ սուտը դարձել է պետական կառավարման հիմնական գործիքը, դա ընդամենը վերջերս պաշտոնական հաստատում ստացավ:
Ամենաթարմ կեղծիքը, որ երկար շրջանառության համար է, հեղինակել է ՀՀ Կառավարությունը, եւ այն կոչվում է «Կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդ»: Այս կեղծիքի հեղինակներն այն աստիճան են տարվել, որ լիարժեք իրականությունից կտրվել են եւ նորանոր կեղծիքներով փորձում են պաշտպանել առաջինը` կոռուպցիոներներից բաղկացած կոռուպցիայի դեմ պայքարող խուրհուրդը:

Բանը հասավ նրան, որ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը լուրջ դեմքով խորհրդարանում Կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ, հայտարարեց. «Որեւէ մեկդ թող հնչեցնի, ասի, որ ես որեւէ բիզնես եմ ծավալել այս տարիներին, կամ ԱԺ նախագահ եղած տարիներին, կամ որեւէ մի բիզնեսի հետ սերտաճած եմ: Մարդիկ տարբեր ամբիոններից խոսում են, անհիմն տեղեկություններ են տարածում»:

Մարդը, ով վերջին քսան տարիներին զբաղեցրել է պետական պաշտոններ, իսկ նրա ընտանիքն այդ ընթացքում հասցրել է մի ամբողջ մարզ սեփականաշնորհել, որքան պետք է կտրվի իրականությունից, որ նման հայտարարություն անի: Լավ, հասկացանք՝ Դուք եք կոռուպցիայի դեմ պայքարողը, ուստի ինքներդ Ձեր դեմ չեք պայքարի, բայց չի կարելի, չէ, գնալ, կանգնել ու խորհրդարանի ամբիոնից հայտարարել, որ Դուք կապ չունեք Ձեր ընտանիքի բիզնեսների հետ, իսկ մի քանի միլիոն դոլար արժեցող առանձնատունն էլ նախարարի, ԱԺ նախագահի կամ վարչապետի աշխատավարձով է կառուցվել:

Կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդը, նախագահ Հովիկ Աբրահամյանից բացի, ունի եւս չորս պաշտոնյա անդամներ` ՀՀ Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյան, ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյան, ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյան եւ ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյան: Որպեսզի հասկանալի դառնա, թե ինչ «ազնվագույն» մարդիկ են կոռուպցիայի դեմ պայքար ծավալած սույն պաշտոնյաները, ներկայացնենք նրանց հայտարարագրած ունեցվածքը եւ պետական պաշտոնյա հանդիսանալու ժամկետը:
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը 57 տարեկան է:

Վերջին քսան տարիներին, առանց ընդմիջման, նա զբաղեցրել է պետական տարբեր պաշտոններ: 2014-ին վարչապետ նշանակվելիս նա հայտարարագրել է երեք հատ բնակարան, մեկ հատ ավտոտնակ, 269 միլիոն դրամ եւ մեկ միլիոն 940 հազար դոլար դրամական միջոց, հայտարարագիրը ներկայացնելու` 2014-ի ապրիլի 28-ին նախորդած մեկ տարում նրա՝ պաշտոնապես հայտարարագրած եկամուտները կազմել են 44 միլիոն 110 հազար դրամ, որից նրա աշխատավարձը կազմել է 4 միլիոն 110 հազար դրամ, իսկ մնացած 40 միլիոն դրամի ծագումը գաղտնի է պահվում եւ չի հրապարակվում:

ՀՀ ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը 60 տարեկան է: Նախարար նշանակվելիս ունեցել է 269 միլիոն դրամ եւ մեկ միլիոն 970 հազար դոլար դրամական միջոց, պաշտոնական, տարեկան եկամուտը կազմել է 10 միլիոն 96 հազար դրամ, որը եղել է նրա աշխատավարձը:
ՀՀ Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը 52 տարեկան է: 1997 թվականից պետական պաշտոնյա է, սկզբում եղել է արդարադատության նախարարի տեղակալ, հետո դարձել է նախարար եւ այսպես շարունակ: 2014-ին Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար նշանակվելիս հայտարարագրել է վեց հատ բնակարան, մեկական բնակելի տուն, ամառանոցային տնակ եւ հողամաս: Պաշտոնը ստանձնելիս հայտարարագրել է 6 միլիոն 500 հազար դրամ եւ 20 հազար դոլար դրամական միջոց, նրա տարեկան աշխատավարձը կազմել է 4 միլիոն 712 հազար դրամ:

ՀՀ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը 38 տարեկան է: Վերջին 14 տարիներին պետական տարբեր պաշտոններ է զբաղեցրել: 2013-ի հոկտեմբերին ՀՀ գլխավոր դատախազ նշանակվելիս հայտարարագրել է մեկ բնակարան, «LEXUS GS 300» մակնիշի ավտոմեքենա, 80 միլիոն դրամ, 5 հազար ֆունտ ստեռլինգ դրամական միջոց: Նրա՝ վերջին տարվա պաշտոնական, տարեկան եկամուտը կազմել է 91 միլիոն 429 հազար դրամ, որից նրա աշխատավարձը կամ դրան հավասարեցված գումարը եղել 6 միլիոն 169 հազար դրամը, իսկ մնացած եկամուտը նա ստացել է երեք հատ ինչ-որ գույք վաճառելու արդյունքում:

ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանը 44 տարեկան է: 1995-ից աշխատել է պետական տարբեր պաշտոններում: 2014-ին նախարար նշանակվելիս հայտարարագրել է երկու հատ անհատական բնակելի տուն, երկու հատ հողամաս եւ մեկ հատ հասարակական նշանակության շինություն, «TOYOTA LAND CRUISER 100 4.2 TD» մակնիշի ավտոմեքենա, 7 միլիոն դրամ, 290 հազար եվրո եւ 405 հազար դոլար դրամական միջոց: Նրա՝ վերջին տարվա պաշտոնական եկամուտը կազմել է 2 միլիոն 836 հազար դրամ:

Հասկանալի է, որ վերը բերվածը պաշտոնյաների հայտարարագրած գույքը նրանց իրական ունեցվածքի մի չնչին մասն է կազմում: Մասնավորապես, Հովիկ Աբրահամյանի եւ Գագիկ Խաչատրյանի ընտանիքի ունեցվածքի մասին վաղուց Հայաստանում լեգենդներ են շրջանառվում: Բայց նույնիսկ նրանց պաշտոնապես հայտարարագրած գույքը եւ եկամուտները լրջագույն հարցերի տեղիք են տալիս, որովհետեւ չկոռումպացված եւ ազնիվ պաշտոնյան չի կարող միլիոնավոր դոլարների ունեցվածք կուտակել ոչ միայն Հայաստանում, այլ նաեւ զարգացած եվրոպական երկրներում:

Վահագն Հովակիմյան




Լրահոս