Իմ բանավեճը Ձեր քաղաքական ծնողների հետ է, խորհուրդ կտամ ոտքի տակ չընկնել. Ն. Փաշինյանը` Ա. Շաբոյանին (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր խորհրդարանում Տնտեսական մրցակցության պետական պաշտպանության հանձնաժողովի տարեկան ծրագրի մասին ելույթով հանդես եկավ ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը: Նա նախ նշեց, որ երեկ, երբ հարցուպատասխանի ժամանակ ինքը խոսեց շաքարի գնի մասին, ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը վստահեցրեց, թե «Երևան Սիթի» սուպերմարկետում շաքարի արժեքն ավելի ցածր է:

«Լավա չասեցիք Երևան Սիթի` ամենացածր գները տարածաշրջանում` գումարած երեք անվճար լավաշ, չմոռանաք բերե´ք Ձեր անձնագրերը: Բայց եթե այդպես ասեիք, ավելի անկեղծ կլինեիք», – ասաց նա:

Փաշինյանը նշեց, որ Արտակ Շաբոյանը հանրությանը մոլորության մեջ է գցում և ընդգծեց, որ շաքարավազի մոնոպոլիան և «Երևան սիթի» սուպերմարկետները պատկանում են նույն մարդուն` ՀՀԿ պատգամավոր Սամվել Ալեքսանյանին, ով շաքարավազը 369 դրամով վաճառում է բոլորին:

«Ի՞նչ է սա, եթե ոչ գերիշխող դիրքի չարաշահում: Բա գերիշխող դիրքի չարաշահումը պոզով-պոչով է լինո՞ւմ: Կամ ո՞նց պատահեց, որ «Երևան Սիթի»-ն ու Քարֆուրը շաքարավազը վաճառում են նույն գնով: Բա էտքան տարի, որ գալիս էր, հետո չէր գալիս, հետո էլի  չէր գալիս, հետո եկավ, ի՞նչ էր, այս հարցերն էին լուծում: Դուք նույնիսկ սրա մասին մտածելու համարձակություն չեք ունենա, քանի որ դեռ Ձեր միտքը չավարտած` ձեզ էս պաշտոնից ընենց կհանեն, որ Դուք էլ չեք իմանա»,- հայտարարեց Փաշինյանը:

Վերջինս Շաբոյանին խորհուրդ տվեց հանդուգն և լկտի հայտարարություններ չանել այս ամբիոնից: «Դուք ձեզ ի՞նչ եք թույլ տալիս: Եթե Ձեր այս հայտարարությունների շնորհիվ օլիգարխիան ձեզ գումար կտա, ես ուրախ եմ ձեզ համար: Ես ձեզ հետ բանավեճ չունեմ, քանի որ Դուք բավական փոքր ֆիգուր եք: Իմ բանավեճը Ձեր քաղաքական ծնողների հետ է, այդ պատճառով ձեզ խորհուրդ կտամ առհասարակ ոտքի տակ չընկնել», – հավելեց նա:




Լրահոս